Վահան Բիչախչյանը գոլ խփած ամենաերիտասարդ շիրակցիների տասնյակում

«Արարատի» հետ խաղում «Շիրակի» հարձակվող Վահան Բիչախչյանը փոխարինման մտնելով ոչ միայն դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը, այլև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Բիչախչյանն «Արարատի» դարպասը գրավեց 17 տարեկան 42 օրականում: Ավելի երիտասարդ տարիքում գյումրեցիներից գոլի հեղինակ էր դարձել միայն Հրաչյա Մնացականյանը, ով 2002թ. «Կոտայքի» դարպասը գրավել էր 16 տարեկան 283 օրականում:

Վահան Բիչախչյանի խփած գնդակը նաև հոբելյանական էր «Շիրակի» համար՝ 100-րդը «Արարատի» հետ առաջնության հանդիպումներում:

Հիշեցնենք նաև, որ հուլիսին Վահան Բիչախչյանը եվրոգավաթներում նորամուտը նշելով գոլով, դարձել էր այդ մրցաշարերում հայկական ակումբների ֆուտբոլիստներից գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը՝ Գորիի «Դիլայի» դարպասը գրավելով 16 տարեկան 364 օրականում:

Վահան Բիչախչյանը բարձրագույն խմբում ընդամենը 4-րդ հանդիպումն անցկացրեց: Նախորդ առաջնությունում նրա հայրը որդուն ընդամենը 2 անգամ էր փոխարինման մտցրել:

Հարկ է նշել, որ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկված խաղացողներից բացի Վահան Բիչախչյանից, հաղթական գոլի հեղինակ է դարձել միայն Կոլյա Եփրանոսյանը՝ 1994թ. գրավելով «Բանանցի» դարպասը: Սակայն միայն Վահանն է դարձել հանդիպման միակ գոլի հեղինակը:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ շիրակցիների տասնյակը:

Ֆուտբոլիստ Տարիք Մրցակից Ամսաթիվ
1.Հրաչյա Մնացականյան 16 տ. 283 օր. «Կոտայք»՝ 6:0 25.09.2002
2.Վահան Բիչախչյան 17 տ. 42 օր. «Արարատ»` 1:0 20.08.2016
3.Մկրտիչ Նալբանդյան 17 տ. 226 օր. «Փյունիկ»՝ 1:3 19.09.2006
4.Էդուարդ Վարդանյան 17 տ. 279 օր. «Լեռնագործ»՝ 13:1 25.03.2000
5.Արմեն Ղազարյան 17 տ. 359 օր. «Լոռի»՝ 7:0 02.09.2002
6.Կարեն Գ. Խաչատրյան 18 տ. 17 օր. «Գյումրի»՝ 5:0 25.05.1999
7.Արմեն Տիգրանյան 18 տ. 142 օր. «Արարատ»՝ 2:2 17.04.2004
8.Դավիթ Հակոբյան 18 տ. 159 օր. «Բանանց»՝  1:3 27.08.2011
9.Կոլյա Եփրանոսյան 18 տ. 219 օր. «Բանանց»՝ 2:1 05.06.1994
10.Կարեն Ալեքսանյան 18 տ. 267 օր. «Դվին»՝  3:1 11.03.1999

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ