TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Վիվառո նյուզը»  ներկայացնում է «TOP-5» նոր շարքը: 5 կարևոր ու հետաքրքիր իրադարձություն հայկական սպորտային կյանքում: Ամեն երկուշաբթի ամփոփում ենք նախորդ շաբաթը:  

Լևոն Արոնյանի սկանդալային հաղթանակը

Նախորդ շաբաթ Մոսկվայում Հավակնորդների մրցաշարում կրքերը թեժացան: Լևոն Արոնյանն անընդմեջ ոչ-ոքիներից հետո իր օգտին գրանցեց 2-րդ հաղթանակը. աղմկալից հաղթանակը:

74-րդ քայլում Նակամուրան վերցրեց արքան, բայց հասկանալով, որ քայլը պարտության կտանի, անմիջապես մտափոխվեց և հետ կանգնեց, որը սակայն Արոնյանը չհանդուրժեց:

Շախմատային կոդեքսի պահանջը պետք է կատարվեր, եթե վերցրել ես խաղաքարը, ապա պարտավոր ես քայլ անել: Սա հենց այն էր, ինչ պահանջեց Արոնյանը: Անգամ մրցավարական միջամտություն եղավ և Հիկարու Նակամուրան կարճ ժամանակ անց ընդունեց, բայց չհաշտվեց իր պարտության հետ: Ընդ որում, թույլ տվեց իր հաջորդ սխալը՝ չներկայացավ պարտիայից հետո պարտադիր մեկնաբանմանը:

Սա նույնպես հակասում է կանոնագրին, որի համար Նակամուրան  ստիպված է լինելու իր  մրցանակային գումարի 5% տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային:

Հաղթանակը  Լևոն Արոնյանին մեծ առավելություն տվեց: Այսպիսով, 6-րդ տուրից հետո Արոնյանը և ռուս Սերգեյ Կարյակինը 4 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

Հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանը ավարտվեց: 2-րդն արդեն սկսվել է: Աշխարհի 8 ուժեղագույնները կրկին կպայքարեն գործող աշխարհի չեմպիոնի արժանի մրցակիցը դառնալու համար:

 Ռիգա 2016. Չեմպիոնների վերադարձը

Մարտի 14-ին Զվարթնոց օդանավակայանը լեփ լեցուն էր բազմաթիվ երկրպագուներով: Եվրոպայի նորաթուխ չեմպիոն Վարշամ Բորանյանին ու ըմբշամարտի հավաքականին ջերմ ընդունելություն էր սպասվում: Շաբաթը սկսվեց հաղթական վերադարձով:

Ռիգայից ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից մեր մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներով վերադարձան: Վարշամ Բորանյանը (71 կգ) Եվրոպայի չեմպիոնն է,  արծաթե մեդալակիրներն են  Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Ռոման Ամոյանը (59 կգ), բրոնզի էլ արժանացավ Կարապետ Չալյանը (75 կգ):

Ի տարբերություն հունահռոմեականի՝ ազատ ոճի  ըմբշամարտիկները վերադարձան ձեռնունայն: Այս անգամ այնքան էլ գոհացնող չէին արդյունքները: Արդյունքը գոհացնող չէր նաև Արթուր Ալեքսանյանի արծաթի դեպքում: Մրցավարական կողմնակալությու՞նն էր թե ա՞յլ էր պատճառը: Խոսվեց ու քննարկվեց նախորդ շաբաթվա ընթացքում:

Առաջնության ընդհանուր հաշվարկով Հայաստանի ըմբշամարտի հավաքականը  Եվրոպայում 42 միավորով 2-րդ տեղում է Ռուսաստանի հավաքականից հետո՝ 48 միավոր: Եռյակն էլ եզրափակում է Ադրբեջանի հավաքականը:

 Varsham Boranyan

Գուրգեն Հովհաննիսյանի արծաթե մեդալը

Մարտի 15-ին ռուսական Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի բռնցքամարտի երիտասարդական հուշամրցաշար:

Հայաստանից 8 երիտասարդ բռնցքամարտիկ էր մասնակցում այս մրցաշարին: Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը արծաթե մեդալ նվաճեց:

Գուրգենը իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում, հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին: Հաղթարշավը շարունակելով՝ կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթեց նաև վրացի մարզիկին: Բայց եզրափակչում հայ մարզիկը պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին և արդյունքում ձեռք բերեց արծաթե մեդալ:

Այս տարի ավելի քան 140 բռնցքամարտիկ 13 երկրից եկել էին Անապա՝ մասնակցելու ու հաղթելու, Հայաստանից 8-ն էին մեկնել մրցավայր: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Վազգեն Բադալյանն էր: Ի դեպ, սա Նիկոլայ Պավլյուկովի անվան  թվով 9-րդ հուշամրցաշարն էր:

Gurgen Hovhannisyan

Անաստասիա Գալուստյանի արդյունքը Դեբրեցենի աշխարհի առաջնությունում

Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում ավարտվեց գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այստեղ մասնակցում էր Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը:

Կարճ ծրագրից հետո Անաստասիան 9-րդ հորիզոնականը զբաղեցրեց, սակայն հաջորդ օրը՝ ազատ ծրագրի ավարտից հետո, դիրքերը զիջեց և 16-րդը դարձավ: Մենասահորդ Անաստասիան հավաքեց 137.35 միավոր:

Այս առաջնությունում չեմպիոն դարձավ Ճապոնիայի ներկայացուցիչ Մարին Հոնդան:

Anastasia Galustyan

Խուրշուդյանը և Ալեքսանյանը Ռուսաստանի նախագահի գավաթակիրներ

Շաբաթը ավարտվեց հաղթական, այնպես ինչպես սկսվել էր: Այս անգամ ծանրամարտիկները վերադարձան: Մարտի 20-ին Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթեցին Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում:

+75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը պոկեց 110 կգ, հրեց 136 կգ, հավաքեց 246 կգ երկամարտի արդյունքում:  Գավաթի խաղարկությանը մասնակցող մյուս +75 կգ քաշային 3 ծանրորդուհիների շրջանում, սրանք հաղթական արդյունքներ էին: Այսպիսով նա առաջինն է:

Առաջինն է նաև +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը, որը  գլխավերևում պահեց 189 կգ պոկելով, 241 կգ էլ հրելով: Երկամարտի արդյունքում 430 կգ արդյունքով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նախորդ օրը մեր 3-րդ՝ վերջին  ծանրորդը, Առաքել Միրզոյանը (+94 կգ) զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝  երկամարտի 320 կգ արդյունքով:

Hripsime Khurshudyan

Նունե Գրիգորյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ