Տիգրան Եսայան. «Անհրաժեշտ է «Կոտայքի» վերածնունդը նշել բարձրագույն խմբի ուղեգրի նվաճմամբ»

Հայաստանի հնագույն ֆուտբոլային ակումբներից մեկը՝ 1955թ. հիմնադրված Աբովյանի «Կոտայքը» երկրորդ անգամ է վերածնվում: 1992թ.-ից մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, «Կոտայքը» ֆինանսական խնդիրների պատճառով 1997թ. մրցաշրջանի ավարտից հետո լուծարվեց: 3 տարի անց ակումբը կրկին կազմավորվեց՝ հանդես գալով առաջին խմբում, իսկ հաջորդ տարի արդեն մասնակցեց 2001թ. բարձրագույն խմբի առաջնությանը: Սակայն կրկին ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով 2005թ. առաջնության ավարտից հետո, որում թիմը  հանդես էր գալիս «Էսթեղլալ-Կոտայք» անվամբ, ակումբը լուծարվեց:

Ընդամենը 2 ամսվա կենսագրություն ունեցող նորաստեղծ ֆուտբոլային կոլեկտիվը գլխավորելու պատվին է արժանացել մարզչական գործունեության զգալի փորձ ունեցող Տիգրան Եսայանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

– Ներկա պայմաններում, երբ նվազել է բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը, չափազանց ուրախալի է «Կոտայքի» վերածնունդը: Ովքե՞ր նպաստեցին դրան:

– Անկեղծ ասած, մանրամասներից տեղյակ չեմ, գիտեմ միայն, որ հովանավորներն արտերկրից են: Ես ավելի շատ կենտրոնացած եմ իմ գործի վրա: Մեծ սիրով ընդունեցի թիմը գլխավորելու Սամվել Պետրոսյանի հրավերը ու ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում ինձ վստահված աշխատանքին:

– Ովքե՞ր են Ձեր օգնականները:

– Ինձ օգնում են Ալեքսանդր Թադևոսյանն ու դարպասապահների մարզիչ Գառնիկ Հովհաննիսյանը:

– Ի՞նչ հիմունքներով եք կազմավորել թիմը: Կա՞ն բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստներ:

– Երկար տարիներ աշխատելով առաջին խմբի թիմերում՝ «Բանանց-2-ում», «Արարատ-2-ում» և «Գանձասար-2-ում», ինչպես նաև ունենալով մանկապատանեկան ֆուտբոլում մարզչական աշխատանքի զգալի փորձ, անձամբ ճանաչում եմ ներկայումս «Կոտայքում» ընդգրկված ֆուտբոլիստների մոտ 95 տոկոսին: Նրանց մի մասին ճանաչում էի դեռևս մանկապատանեկան ֆուտբոլից, մյուսները հանդես են եկել իմ գլխավորությամբ տարբեր թիմերում:

Թիմի կազմում ներկայումս առաջնությանն են նախապատրաստվում բարձրագույն խմբում հանդես եկած դարպասապահ Գոռ Էլյազյանը, պաշտպան Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Ռևիկ Եղիազարյանը, Նարեկ Գյոզալյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Սամվել Հակոբյանը, որոնք փորձառու ֆուտբոլիստներ են: Ինձ թվում է, որ առաջիկա մեկ տարում նրանք բավականին կաճեն ինչպես ֆիզիկապես ու տեխնիկապես, այնպես էլ տակտիկապես ու հոգեպես: Կարող ենք փաստել, որ այսօր «Կոտայքում» փորձի և երիտասարդության համադրություն է: Հուսով եմ, որ փորձառուների կողքին հանդես գալով, երիտասարդներն էլ իրենց լավ կդրսևորեն:

– Ինչպե՞ս է ընթանում նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Գո՞հ եք անցկացրած ստուգողական հանդիպումներում թիմի ցուցադրած խաղից և գրանցած արդյունքներից:

– Նոր մրցաշրջանին սկսել ենք նախապատրաստվել հունիսի 20-ից: Մարզումներն անցկացնում ենք Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է թիմի համար նորմալ մարզումային պայմաններ ստեղծելու համար: Այնպես որ նախապատրաստությունն ընթանում է ծրագրին համապատասխան: Ֆուտբոլիստների ընտրության, նրանց խաղային որակները ստուգելու նպատակով «Կոտայքը» ստուգողական մի քանի հանդիպում է անցկացրել, որոնցում կիրառել ենք տակտիկական տարբեր սխեմաներ, ֆուտբոլիստներին փորձարկել ենք խաղային տարբեր դիրքերում:

Առաջին խաղում 1:2 հաշվով զիջեցինք «Փյունիկ-2-ին», այնուհետև 5:1 հաշվով պարտության մատնեցինք «Բանանց-2-ին»: Շատ կարևոր էր «Փյունիկի» հետ հանդիպումը: Ուժեղ մրցակցի հետ մրցավեճում մեր տղաներն իրենց վատ չդրսևորեցին, թեև պարտվեցին 0:2 հաշվով: «Բանանցի» հետ անցկացրած ստուգողական վերջին խաղում, որում հաղթեցինք 1:0 հաշվով, ինձ համար արդեն գրեթե պարզ էր թիմի հիմնական կազմը, մարտավարությունը: Հենց այդ կազմով էլ կներկայանանք օգոստոսի 8-ին «Գանձասար-2-ի» հետ կայանալիք առաջնության մեկնարկային հանդիպմանը ու նույն մարտավարությամբ կխաղանք:

Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ նախապատրաստական շրջանում կատարված աշխատանքից, մարզումների նկատմամբ ֆուտբոլիստների վերաբերմունքից: Այսօր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով 80 տոկոսով պատրաստ են առաջնությանը:

– Բնականաբար, թիմի առջև խնդիր է դրված բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել: Ձեր կարծիքով, հե՞շտ կլինի իրագործել այդ խնդիրը:

– Իմ մարզչական կարիերայում ես նման փորձ արդեն ունեմ: 2010թ. ինձ հաջողվեց առաջին խմբում հանդես եկող «Արարատին» վերադարձնել ուժեղագույնների խումբ: Ինչպես հայտնի է, կանոնակարգի համաձայն բարձրագույն խմբի ուղեգրի նվաճման համար անհրաժեշտ կլինի տեղ զբաղեցնել առաջատար եռյակում: Մարզչական գործունեությանս ընթացքում մշտապես իմ առջև բարձր խնդիրներ եմ դրել և աշխատել եմ դրանք լուծել: Այնպես որ այս անգամ էլ խնդիրը ոչ միայն բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելն է, այլև առաջին խմբի հաղթող ճանաչվելը: Եթե «Կոտայքն» առաջին տեղը չգրավի, դա ինձ համար հիասթափություն կլինի:

Անշուշտ, բոլոր թիմերն էլ մեր դեմ առանձնակի տրամադրվածությամբ կխաղան, հեշտ պայքար չի սպասվում: Հարգում եմ մրցակիցներին, սակայն հավատում եմ մեր ֆուտբոլիստներին, վստահ եմ նրանց կարողություններին ու խաղային ունակություններին: «Կոտայքի» վերածնունդն անհրաժեշտ է նշել բարձրագույն խմբի ուղեգրի նվաճմամբ:

Տիգրան Եսայան

Տիգրան Եսայանը

– Մինչև առաջնության մեկնարկը թիմում նոր համալրումներ սպասվու՞մ են:

– Ոչ: Թիմն արդեն լիովին կազմավորված է, չնայած կային ֆուտբոլիստներ, որ ցանկություն էին հայտնել միանալ մեզ: Կարծում եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել մեր առջև դրված խնդիրը, իսկ բարձրագույն խմբում հանդես գալու ժամանակ արդեն զգալիորեն կուժեղացնենք կազմը:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀ գավաթի մրցաշարից:

– Ինչպես գիտեք, քառորդ եզրափակչում մեր մրցակիցը «Շիրակն» է: Իրականությանը պետք է ռեալ նայել: Սակայն անկախ մրցակցի ուժից, մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու մտադրությամբ: Թե ինչպես կստացվի, խաղը ցույց կտա: Կարծում եմ, որ երկու թիմերի համար էլ դժվարին խաղ է սպասվում:

– Շուտով կհամալրեք ՊՐՈ կարգի արտոնագիր ունեցող մարզիչների շարքը: Ի՞նչ տվեց  Ձեզ դասընթացների մասնակցությունը:

– Դա բավականին մեծ փորձ է ցանկացած մարզչի համար: Դասընթացները հնարավորություն են ընձեռում հարստացնել ունեցած գիտելիքները, ծանոթանալ մարզումների նոր մեթոդիկային, տեսական և գործնական պարապմունքների ժամանակ կիրառել դրանք: Դասընթացների մասնակիցների համար նաև արտասահմանյան 3 ուղևորություն կազմակերպվեց, ինչը ևս շատ օգտակար էր: 4 օր անցկացրինք Շվեյցարիայում՝ հյուրընկալվելով ՈՒԵՖԱ-ի նստավայրում:

Հաջորդը Դորտմունդն էր, որտեղ այցելեցինք «Բորուսիայի» մարզաբազա, ծանոթացանք ենթակառուցվածքներին, մանկապատանեկան ֆուտբոլի դրվածքին: Շատ օգտակար ու հետաքրքիր էին երկու հանդիպումները «Բորուսիայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, ով մեզ հանգամանորեն ծանոթացրեց ֆուտբոլային իր փիլիսոփայությանը: Մեզ բախտ վիճակվեց ոչ միայն ներկա գտնվելու «Բորուսիայի» մարզումներին, այլև դիտելու «Տոտենհեմի» և «Մայնցի» հետ դորտմունդցիների հանդիպումները:

Ֆրանսիական Մոնպելյեում էլ այցելեցինք ակումբի ակադեմիա՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին, ներկա գտնվեցինք «Մոնպելյե» – «Տրուա» հանդիպմանը: Վերջերս էլ դասընթացների մասնակիցների համար Երևանում եռօրյա սեմինար էր կազմակերպվել դանիացի Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ:

Մի խոսքով, մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացները բարձր մակարդակով էին կազմակերպված: Այժմ ստացած տեսական և գործնական գիտելիքները ստուգելու ժամանակն է: Պատրաստվում եմ օգոստոսի 25-ին կայանալիք քննությանը:

– Հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա քննությունում, իսկ «Կոտայքին»՝ բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարում:

– Շնորհակալություն: Իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ջանք կներդնենք թիմի առջև դրված խնդիրը հաջողությամբ լուծելու համար:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ