Ճանապարհ դեպի Ռիո. Մարմնամարզություն

Երկար ընդմիջումից հետո Հայաստանը այս տարի կարող է լուրջ ներկայացուցչություն ունենալ Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից: Առաջին անգամ Հայաստանը կարող է ներկայանալ 2 մարզիկով, որոնք ունեն զգալի ցուցանիշներ և շանսեր: Բայց դրանով չենք սահմանափակվում: Առաջին անգամ Հայաստանը կարող է ներկայանալ նաև կին մարմնամարզուհով: 

 «Վիվառո Նյուզը» ներկայացնում է մեր մարմնամարզիկների ճանապարհը դեպի Ռիո:

Օլիմպիական ուղեգիր նվաճել են

Հարություն Մերդինյան – նժույգաթափեր

Ռիո 2016-ի ուղեգիր դեռևս ունի միայն Հարություն Մերդինյանը, որը, կարելի է ասել, երկար սպասված դադարից հետո անկախ Հայաստանի մարմնամարզության պատմությանը կյանք հաղորդեց:  Նժույգաթափեր վարժությունում նա առաջինն է Հայաստանում, երկրորդը Եվրոպայում և երրորդն աշխարհում: Գլազգոյում 2015թ. հոկտեմբերին կայացած մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնության բրոնզե մեդալն էլ (15.5 միավոր), ապահովեց նրա ուղեգիրը: Այս տարի էլ գերազանցեց իր նախկին արդյունքը: Հայաստանի առաջնությանը նոր բարդացված ծրագրով ներկայացավ ու արդարացրեց սպասելիքները.  «Նոր վարժություն փորձեցի, նորմալ էր, կարողացա կատարել առաջադրանքը: Տարրը դեռ երկար չէ, որ փորձում էի, բայց ստացվեց: Մնում է, որ Աշխարհի գավաթի խաղարկությանն ընդառաջ հղկեմ ու լավ մարզավիճակում հասնեմ մինչև Օլիմպիական խաղեր: Ինչքան մրցաշարեր կան այս տարի, ամեն ինչ ծառայեցնելու ենք Օլիմպիական խաղերին, որպեսզի մարզավիճակ հավաքենք ու լավ նախապատրաստվենք: Գերնպատակը դա է»:

harutyun merdinyan

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը  հատուկ անդրադարձել է օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հարություն Մերդինյանին, որն առաջին անգամ փորձարկեց իր բարդեցված տարրերով վարժությունը Հայաստանի առաջնությունում. «Մերդինյան Հարությունի համար պատրաստել էինք բարդ վարժություն, առաջին օրն էլ, երկրորդ օրն էլ կատարեց, երկրորդ օրը` ավելի որակով: Վարժությունն ավելի ենք բարդացնելու առաջիկա մրցումներին, որից հետո նոր որոշում կկայացնենք օլիմպիական խաղերի համար: Բայց այսօր նա ցույց տվեց, որ կարող է, երեք տասնորդականով ավելի բարդ վարժություն կատարեց, ինչը մեզ համար մեծ ուրախություն է»:

 Հավակնում են ուղեգրի

Արթուր Դավթյան – բազմամարտ

Մեր առաջատար բազմամարտիկ Արթուր Դավթյանը գրեթե հարթել է ճանապարհը դեպի Ռիո: Նա  շատ մոտ է կանգնած օլիմպիական վերջնական ուղեգիր նվաճելուն: 84,974 միավորով՝ Գլազգոյի արդյունքով, նա հավաքեց օլիմպիական վարկանիշ և Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն, որը դեռ անվանական իրենը չէ: Ապրիլ 16-22-ը  նա կմասնակցի Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Թեսթ-իվենթին, որտեղ էլ կորոշվի նրա մարզական ճակատագիրը:

«Արթուրինը ավելի բարդ է: Նա  8 հոգու պիտի հաղթի, որ հավաքի օլիմպիական վերջնական վարկանիշ: Արթուրը Թեսթ-իվենթի մասնակից 36 մարզիկներից Աշխարհի առաջնությունում 2-րդն է եղել: Նա Գլազգոյում ունեցել էր  խնդիր, կապված վիտամինների հետ, որը այլևս չկա: Թեսթի ժամանակ  շատ բարդ վարժություններ չի անելու, մի քիչ թեթև ու ստաբիլ վարժություններ են լինելու:  Նախքան ապրիլի 16-ը 10 օր առաջ կլինենք Ռիոյում: Այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք, դա կարևոր է ադապտացվելու և մարզավիճակը տեղի պայմաններին հարմարեցնելու համար»,- մեզ հետ զրույցում նշել է գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը Արթուրի անձնական մարզիչն է ու հանդես է գալիս նաև, որպես մրցավար:

Մարտի 9-11-ը Արթուրը նաև մասնակցել է Հայաստանի առաջնությանը, որտեղ նույնպես փայլել է՝ 7 բալով մեծ տարբերությամբ հաղթել է:

Artur Davtyan marmnamarzik

«Գոհ եմ արդյունքներից: Բոլորս էլ կարողացանք կատարել այն վարժությունները, որոնք նախապատրաստել էինք: Առաջնայինն այն է, որ կարողացանք մարզավիճակ հավաքել, տարին նոր է սկսվել, ու դա շատ կարևոր է: Առաջիկայում Աշխարհի գավաթն է, որից հետո գլխավոր նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է»,-իր ելույթը մեկնաբանեց Արթուր Դավթյանը :

Հենացատկերում, զուգափայտերի, պտտաձողի վրա Արթուր Դավթյանը Հայաստանում առաջինն է: Իսկ  ազատ վարժությունում 3-րդն է:  Նա մեծ պոտենցիալ ունի: Ըստ Հակոբ Սերոբյանի կանխատեսումների՝ նա Թեսթ-իվենթում կարող է ընդգրկվել լավագույն 5-յակում:

 Հուռի Գեբեշյան – բազմամարտ

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը օլիմպիական խաղերում կունենա կին ներկայացուցիչ մարմնամարզությունից: Սա հաճելի և հետաքրքիր անակնկալ է: Հուռի Գեբեշյանը՝ ամերիկահայ մարմնամարզուհին, Գլազգոյի աշխարհի առաջնությունում հավաքել է 51, 965 միավոր և օլիմպիական վարկանիշ ձեռք բերել:

Հուռի Գեբեշյանը բնակվում է ԱՄՆ-ում: Նրա անձնական մարզիչը Լևոն Կարախանյանն է: Եվրոպայի առաջնությունում Հուռին ինքն է դիմել ու  ցանկացել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հուռին Եվրոպայի առաջնության բազմամարտում լավ արդյունք է ցույց տվել, Աշխարհի առաջնությանը ևս: Նրա նպատակը օլիմպիական վարկանիշ հավաքելն էր և նրա ցանկությունն արդեն իրականացել է: Մնացել է վերջին փորձամրցումը՝ Ռիոյի Թեսթ-իվենթը:

Houry Gebeshian

Հուռիի արդյունքը աշխարհի առաջնությունում լավն է եղել, նա 28 լավագույններից 11-րդն է: Եթե նա կրկնի իր Գլազգոյի արդյունքը , ապա Ռիոն կսպասի նրան:

«Հուռիի շանսերը մեծ են: Նա պիտի 2 հոգու հաղթի և վարկանիշը կապահովի ու կնվաճի ուղեգիրը: Նախնական տվյալներով բազմամարտից մոտ 36 հոգի է մասնակցելու Թեսթ-իվենթին: Եթե, անգամ 36-ից գրավի 34-րդ տեղը, ապա վերջնական ուղեգիր ձեռք կբերի»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում

Նախքան օգոստոսին անցկացվելիք օլիմպիական խաղերը, առջևում Աշխարհի գավաթն է: Հայաստանի մարմնամարզության հավաքականը արդեն  Քաթարում է` Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի խաղերին մասնակցության համար: Նախքան բացումը՝ մարտի 25-ը, մեր 4 մարմնամարզիկները՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թոմնասյանը և Վահագ Դավթյանը մասնակցում են 10-օրյա ուսումնամարզական հավաքի:

Այնուհետև, ապրիլի կեսին տեղի է ունենալու Թեսթ-իվենտը: Այս Թեսթ-իվենթին բոլոր երկրները մասնակցում են թիմերով, իսկ Հայաստանը չի կարող հանդես գալ թիմով: Քանի որ, այս պարագայում դեռևս 2014 թվականից պետք է հավաքականով հանդես գար Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիադայում թիմով մասնակցելու համար, պետք է բավականին շուտ պատրաստվել ու լավ արդյունքներ ցույց տալ:

Marmnamarzutyan Hayastani havaqakan

Այս պահին ամեն ինչ տանում է դեպի Բրազիլիա: Ամեն ջանք գործադրվում է օլիմպիական մեդալ նվաճելու համար, որից հետո Հայաստանում մարմնամարզությունը գուցե և սկսի դիտարկվել որպես հենակետային մարզաձև:

  • Մարտի 25-27՝ Աշխարհի գավաթ, Դոհա
  • Ապրիլի 16 -18՝ Թեսթ-իվենթ, Ռիո Դե Ժանեյրո
  • Օգոստոսի 5-21 ՝ Օլիմպիական ամառային խաղեր, Ռիո Դե Ժանեյրո

Նունե Գրիգորյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ