Սուպերգավաթի խաղին ընդառաջ. «ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԲԱՆԱՆՑ»

«ԱԼԱՇԿԵՐՏ»  – «ԲԱՆԱՆՑ»

0 խաղ, +0=0-0, 0:0
24 սեպտեմբերի,  ժ.19:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կանցկացվի Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 19-րդ խաղարկությունը: Եթե Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին անգամ է վիճարկելու պատվավոր մրցանակը, ապա գործող գավաթակիր «Բանանցի» համար հերթական հանդիպումն արդեն 6-րդն է:

Սուպերգավաթը նվաճելու «Բանանցի» առաջին 4 փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել: Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերում էլ «Բանանցը» «չոր» հաշվով պարտվել է երկրի չեմպիոն «Փյունիկին»: Եվ միայն 5-րդ փորձի ժամանակ, 2014թ. արդեն երկրի չեմպիոնի կարգավիճակում «Բանանցին» հաջողվեց նվաճել Սուպերգավաթը՝ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ վճռորոշ խաղում 3:0 հաշվով հաղթելով գավաթակիր «Փյունիկին»: Այդ խաղում «Բանանցին» հաղթանակ պարգևեցին Վալտեր Պողոսյանի, Գևորգ Նռանյանի և Գարեգին Մաշումյանի խփած գոլերը:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման մասնակիցներից այսօր «Բանանցում» ելույթները շարունակում են միայն Վալտեր Պողոսյանը, Վահագն Այվազյանը, Նաիրի Մինասյանը և Հակոբ Համբարձումյանը:

Վերջին տարիներին Սուպերգավաթը վիճարկող թիմերը որպես կանոն երկրորդ կազմով են ներկայանում վճռորոշ հանդիպմանը: Սակայն Տիտո Ռամալյոն պատրաստվում է խաղադաշտ դուրս բերել թիմի մարտական կազմը: «Արարատի» հետ կայացած գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը չմասնակցեցին թիմի հիմնական կազմի մի խումբ ֆուտբոլիստներ, որոնց Ռամալյոն հանգստանալու և Սուպերգավաթի մրցախաղին պատշաճ ձևով նախապատրաստվելու հնարավորություն էր ընձեռել:

Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանը գավաթի մրցախաղում «Փյունիկին» զիջելուց հետո ակնարկել էր, որ հնարավոր է Սուպերգավաթի խաղին թիմը ներկայանա ոչ հիմնական կազմով:

Թեև «Ալաշկերտն» առաջին անգամ է վիճարկելու Սուպերգավաթը, սակայն 17 ալաշկերտցիներ տարբեր թիմերի կազմերում ժամանակին մասնակցել են պատվավոր մրցանակի համար մրցավեճին: Ընդ որում նրանցից 5-ը՝ Արսեն Բալաբեկյանը (2008, 2010թթ.), Արտակ Դաշյանը (2008, 2010թթ.), Արարատ Առաքելյանը (2010թ.), Բենիկ Հովհաննիսյանը (2011թ.) և Գագիկ Դաղբաշյանը (2014թ.) «Բանանցի» կազմում մասնակցել են «Փյունիկի» հետ կայացած սուպերգավաթային հանդիպումներին: Նրանցից առավել հաջողակ է գտնվել միայն Գագիկ Դաղբաշյանը՝ դառնալով սուպերգավաթակիր: Բացի Դաղբաշյանից, ևս 11 ալաշկերտցիներ վայելել են Սուպերգավաթը նվաճելու բերկրանքը:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրներն Արտակ Եդիգարյանն ու Արամ Հովսեփյանն են, որոնք եռակի սուպերգավաթակիրներ են: Երկուսն էլ այդ տիտղոսները նվաճել են «Փյունիկում» հանդես գալիս (2008, 2010-2011թթ.): Ընդ որում Հովսեփյանը Սուպերգավաթի մրցաշարում 2 գոլի հեղինակ է դարձել՝ մեկական անգամ աչքի ընկնելով 2010 և 2011թթ. վճռորոշ հանդիպումներում:

Գևորգ Կասպարովը կրկնակի սուպերգավաթակիր է: Առաջին անգամ նա մրցանակով պատվո շրջան է կատարել 2005թ. «Փյունիկում» «Բանանցին» հաղթելուց հետո: Երկրորդ մրցանակը նա նվաճել է 2012թ. «Միկայի» իր թիմակիցների հետ «Ուլիսի» հետ մրցավեճում, որում միկացիները հաղթեցին հետխաղյա 11մ հարվածներով՝ 5:3 (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):

Հետաքրքիր է, որ վերջին 11մ հարվածն իրացրել էր Կասպարովը՝ խոցելով Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Ի դեպ վերջինս, ով ներկայումս «Ալաշկերտի» պահեստային դարպասապահն է, 2008 և 2010թթ. «Փյունիկում» սուպերգավաթակիր է դարձել:

Մեկական անգամ Սուպերգավաթի նվաճման բերկրանքը վայելել են Խորեն Վերանյանը (2004թ. «Փյունիկում»), Արթուր Եդիգարյանը (2007թ. «Փյունիկում»), Միհրան Մանասյանը (2008թ. «Փյունիկում»), Արտակ Գրիգորյանը (2009թ. «Արարատում»), Վահագն Մինասյանը (2010թ. «Փյունիկում»), Անդրանիկ Ոսկանյանը (2012թ. «Միկայում»), և Կարեն Մուրադյանը (2013թ. «Շիրակում»): Ընդ որում հենց Արտակ Գրիգորյանի դուբլի շնորհիվ էր «Արարատը» 2009թ.  հաղթել «Փյունիկին»:

«Բանանցի» ֆուտբոլիստներից ընդամենը 7-ը Սուպերգավաթի հանդիպումների փորձ ունեն: Նրանցից 4-ը՝ Վալտեր Պողոսյանը, Վահագն Այվազյանը, Նաիրի Մինասյանը և Հակոբ Համբարձումյանը 2014թ. սուպերգավաթակիրներ են:

ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած 13 հանդիպումներից 5-ում հաղթել է «Բանանցը», 4-ում առավելության է հասել «Ալաշկերտը»: Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթել է 3:0 հաշվով:

VivaroNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

09.06.1996    «Շիրակ» – «Փյունիկ»` 3:1 (1:1)
Սամվել Նիկոլյան (35), Կոլյա Եփրանոսյան (49), Հարություն Վարդանյան (61) –Հայկ Մարգարյան (23):
87-րդ րոպեին Վարդան Մինասյանը չիրացրեց 11մ հարվածը:

15.06.1997    «Արարատ» «Փյունիկ»` 0:2 (0:0)
Վարազդատ Ավետիսյան (73), Արմեն Շահգելդյան (84):

15.11.1998    «Շիրակ» «Ցեմենտ»` 1:1 (0:0), 3:4` 11մ
Մհեր Ավանեսյան (90) – Գագիկ Մանուկյան (85):

18.12.1999    «Շիրակ» «Ցեմենտ»` 2:1 (1:1), լր. ժամ.` 1:0
Արտյոմ Բեռնեցյան (37), Արթուր Պետրոսյան (96) – Հակոբ Արտոյան (42, ինքնագոլ):

09.05.2002    «Փյունիկ» – «Միկա»` 2:1 (0:1)
Արամ Ոսկանյան (76), Խոսե Բիլիբիո (86) – Անդրեյ Բուլանով (3):

09.05.2003    «Փյունիկ» «Շիրակ»` 1:2 (1:0)
Կառլ Լոմբե (11) – Տիգրան Դավթյան (74), Երվանդ Հակոբյան (84):

27.05.2004   «Փյունիկ» «Միկա»` 1:0 (0:0), լր. ժամ.` 1:0
Կարեն Ալեքսանյան (95):

27.05.2005    «Փյունիկ» «Բանանց»` 1:0 (0:0)
Տիգրան Դավթյան (78):

27.05.2006    «Փյունիկ» «Միկա»` 2:3 (1:2)
Աղվան Մկրտչյան (29), Լևոն Պաչաջյան (62) – Արմեն Շահգելդյան (16, 60` 11մ), Վարդան Հովհաննիսյան (25):

27.05.2007    «Փյունիկ» «Միկա»` 2:1 (0:0), լր. ժամ.` 2:1
Նորայր Սահակյան (104), Գևորգ Ղազարյան (117) – Արտյոմ Ադամյան (119):

24.09.2008    «Փյունիկ» «Բանանց»` 1:0 (0:0)
Տիգրան Ոսկանյան (50):

24.09.2009    «Փյունիկ» «Արարատ»` 1:2 (1:0)
Մարկոս Պիզելի (6) – Արտակ Գրիգորյան (52, 57):

24.09.2010    «Փյունիկ» «Բանանց»` 2:0 (0:0)
Արթուր Բարսեղյան (47), Արամ Հովսեփյան (76):

24.09.2011    «Փյունիկ» «Բանանց»` 3:0 (2:0)
Արամ Հովսեփյան (18), Դավիթ Մինասյան (42), Վարդան Բակալյան (88):

24.09.2012    «Ուլիս» «Միկա»` 0:0, 3:5` 11մ

24.09.2013    «Շիրակ» «Փյունիկ»՝  2:0 (1:0)
Սերժ Դեբլե (29), Դիդիե Բորիս (86):

24.09.2014     «Բանանց» «Փյունիկ»՝  3:0 (3:0)
Վալտեր Պողոսյան (14), Գևորգ Նռանյան (38), Գարեգին Մաշումյան (45):

24.09.2015    «Փյունիկ» «Միկա»` 3:0 (2:0)
Արթուր Քարտաշյան (36), Ռազմիկ Հակոբյան (38), Դավիթ Մանոյան (74):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ