«Սպարտակ Տրնավա» – «Շիրակ». Խաղից առաջ

  • Եվրոպա լիգա, Որակավորման 2-րդ փուլ, պատասխան խաղ
  • «Ստադիոն Անտոնա Մալատինսկոգո» մարզադաշտ, Տրնավա
  • Հուլիսի 21, ժամը 22:15
  • «Սպարտակ Տրնավա» – «Շիրակ» (1-1)

Խաղից առաջ

Որակավորման երկրորդ փուլում գյումրեցիները սովորույթի ուժով սպասում էին ավելի ուժեղ մրցակցի: Դրա համար էլ, բավականին արագ, արդեն 16-րդ րոպեին խփած գնդակը «Շիրակի» խաղի վրա երկկողմանի ազդեցություն ունեցավ: Մի կողմից, դա արդեն իսկ մեծ հաջողություն էր ու լավ հիմք՝ առավելությունը զարգացնելու համար: Մյուս կողմից էլ՝ Վարդան Բիչախչյանի սաները բավականին ուշ գիտակցեցին, որ մրցակիցն իրոք թույլ է, ու նրան կարելի էր ևս մի քանի գնդակ խփել:

Իրոք, ի տարբերություն վրացական «Դիլայի», Տրնավայի «Սպարտակը» գրեթե անսահմանափակ բաց տարածքներ էր տրամադրում «Շիրակին»՝ գրոհներ զարգացնելու համար: Միայն թե, դրանից օգտվում էր առավելապես Դավիթ Հակոբյանը, ով գոլից բացի ևս մեկ անգամ դարպասաձողին հարվածեց: Հարձակման գծի երկու լեգեոներները՝ Դիարասուբան և Կուակուն այդպես էլ չարեցին այն, ինչ սպասվում էր իրենցից: Ի վերջո, երբ «Շիրակը» արդեն զգաց երկրորդ գոլը խփելու կարևորությունն ու առկա հնարավորությունը, ուժերը թիմին արդեն չներեցին, իսկ Վահան Բիչախչյանը այս անգամ արդեն լավագույն փոխարինողը չդարձավ: Խաղը ցավալի ավարտ ունեցավ՝ վերջին րոպեներին ընդունած գոլով:

Բացի սեփական դաշտում խաղալու հանգամանքից, ևս մի քանի գործոն այս խաղում «Սպարտակի» օգտին են: Նախ, այս խաղում իրենց կմիանան երկու լեգեոներներ, որոնք վիզայի խնդիրների պատճառով չէին ժամանել Հայաստան: Նրանցից մեկը՝ հարձակվող Ռոբերտ Նդիպ Տամբեն իր մասնակցությամբ վերջին 2 խաղերում 3 գնդակ է խփել: Բացի այդ, «Շիրակից» չի խաղալու նախորդ հանդիպման ամենաակտիվ ֆուտբոլիստը՝ Դավիթ Հակոբյանը, ով որակազրկված է 3-րդ դեղին քարտի պատճառով:

Այնուամենայնիվ, «Շիրակը» դեռ ոչնչից չի զրկվել ու պայքարելու է Սլովակիայում: Մրցակիցն արդեն սկսել է տնային առաջնությունն ու կիրակի օրը ոչ-ոքի խաղացել առաջնության միջակներից մեկի հետ: Հիմնական կազմի ֆուտբոլիստները գրեթե բացակայում էին այդ խաղում: «Շիրակը» գոլի կարիք ունի, սակայն մրցակցի հարկի տակ պաշտպանության ու հարձակման բալանսի պահպանումը վճռորոշ կլինի Բիչախչյանի սաների համար: Ցավոք, մարզիչը գրեթե չունի տարբերակներ խաղի ընթացքում նոր ուժեր ներգրավելու ու խաղի վրա ազդելու համար: Հարձակման գծում ամեն ինչ մնում է աֆրիկացի լեգեոներների հույսին, որոնք վերջապես պետք է ապացուցեն իրենց օգտակարությունը: Արդեն 3 խաղ, ու նրանք դեռ լուռ են, պասիվ է նաև սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոսկովիչը, ով աջ եզրում բավարար սրություն չի ստեղծում: Արդյունքի հասնելու համար «Շիրակին» պետք է նախ հավատալ սեփական հաջողությանը և ուժերին, իսկ ապա խաղալ իրենց լավագույն խաղը՝ գործադրելով բոլոր որակները, դաշտում ցույց տալով կարողությունների առավելագույնը:

«Սպարտակ» Տրնավա. Ամեն ինչ «Շիրակի» մրցակցի մասին

Ի՞նչ է ասում պատմությունը

Եվրոգավաթների 14 խաղարկությունների ընթացքում 4-րդ դեպքն է, որ «Շիրակը» պատասխան հանդիպմանը ներկայանում է առաջին խաղում գրանցված ոչ-ոքիից հետո: Ցավոք, նախորդ 3 դեպքերում գյումրեցիներին չի հաջողվել պատասխան մրցավեճում հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ արդյունք ապահովել՝ կրելով 2 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

Ահա թե ինչպես են ընթացել այդ հանդիպումները:

1995/96թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն

08.08.1995   «Զագլեբիե» Լեհաստան – «Շիրակ»` 0:0
22.08.1995   «Շիրակ» «Զագլեբիե» Լեհաստան` 0:1(0:1)
Մախայ (23):

2000/01թթ. Չեմպիոնների լիգայի   խաղարկություն

12.07.2000   «Շիրակ» – ԲԱՏԷ Բելառուս` 1:1(1:1)
Հովհաննես Թահմազյան (31) – Կուտուզով (24):
19.07.2000   ԲԱՏԷ Բելառուս – «Շիրակ»` 2:1(1:0)
Ռոգոժկին (17), Լոշանկով (58) – Հովհաննես Թահմազյան (73):

2013/14թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն, Որակավորման 2-րդ փուլ

17.07.2013    «Շիրակ»«Պարտիզան» Սերբիա՝ 1:1 (0:0)
Դավիթ Հակոբյան (48) – Վլադիմիր Վոլկով (90+3):
24.07.2013    «Պարտիզան» – «Շիրակ»` 0:0

«Շիրակը» 4-րդ անգամ է եվրոգավաթների որակավորման 2-րդ փուլին մասնակցում: Ցավոք գյումրեցիներն անհաջող են հանդես եկել՝ անցկացրած 7 հանդիպումներից 3-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: Այդ խաղերում շիրակցիներին միայն 2 անգամ է հաջողվել գրավել մրցակցի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 9 գոլ:

2-րդ փուլի արգելքը հաղթահարելու «Շիրակի» առաջին փորձն անհաջող էր. 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում գյումրեցիները երկու հանդիպումներում էլ զիջեցին Իսրայելի «Բնեյ Եհուդային»՝ 0:2, 0:1:

Հաջորդ տարի «Շիրակը» շատ մոտ էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը հաղթահարելուն՝ սերբական «Պարտիզանի» հետ խաղերն ավարտելով ոչ-ոքի՝ 1:1, 0:0: Սակայն Գյումրիում խփած գոլը սերբերին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց:

Անցյալ տարի էլ «Շիրակը» չկարողացավ լրջորեն մրցակցել շվեդական ԱԻԿ-ի հետ՝ երկու խաղերում էլ պարտվելով միևնույն 0:2 հաշվով: Մնում է հուսալ, որ 2-րդ փուլի արգելքը հաղթահարելու «Շիրակի» 4-րդ փորձը վերջապես հաջողությամբ կպսակվի:

«Շիրակ» Գյումրի 1-1 «Սպարտակ» Տրնավա. Ֆոտեռեպորտաժ

Հավանական մեկնարկային կազմեր

«Շիրակ»Անատոլի Այվազով – Աղվան Դավոյան, Գևորգ Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան –  Ռումյան Հովսեփյան, Մոհամեդ Կաբա – Ղուկաս Պողոսյան, Դրիսա Դիարասուբա, Նեմանյա Ստոսկովիչ – Կոնան Օդիլիոն Կուակու

Ինչպես դիտել

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Շանթ» հեռուստաընկերությունը:

Խաղադրույքներ

«Սպարտակի» հաղթանակ – 1,45
Ոչ-ոքի – 3,81
«Շիրակի» հաղթանակ – 6,86

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ