«Սպարտակ-Պրիմորյե». Ո՞վ է «Ուրարտուի» հերթական մրցակիցը

  • Ռուսաստանի Սուպերլիգա, Կանոնավոր առաջնություն
  • Հոկտեմբերի 15, 13:10
  • «Օլիմպիյսկի» մարզադահլիճ, Վլադիվոստոկ
  • «Սպարտակ-Պրիմորյե» – «Ուրարտու»

Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգա-1-ում Երևանի «Ուրարտուն» հոկտեմբերի 15-ին իր առաջին արտագնա հանդիպումն է անցկացնելու` Վլադիվոստոկ քաղաքը ներկայացնող «Սպարտակ-Պրիմորյե» ակումբի հետ: VivaroNews.am-ը ուսումնասիրել է մրցակցին ու փորձել հասկանալ, թե ինչ խաղ է սպասվում «Ուրարտուին»:

Պատմություն

«Սպարտակ-Պրիմորյե» ակումբը ստեղծվել է 1999թ.: Այս ընթացքում ակումբը հասցրել է 2 անգամ դառնալ Ռուսաստանի Սուպերլիգայի չեմպիոն` 2004/05 և 2010/11 մրցաշրջաններում: 2014/15 թվականին ակումբը նվաճել է արծաթե մեդալներ, իսկ դրան նախորդող մրցաշրջանում` բրոնզե: Նախորդ մրցաշրջանը «Սպարտակ-Պրիմորյեն» ավարտել է 6-րդ տեղում:

Մարզիչը

Այս տարվա օգոստոսի 15-ին «Սպարտակ-Պրիմորյեն» գլխավորել է չեռնոգորացի մասնագետ Միլոշ Պավիչևիչը: Վերջինս եղել է ՎՏԲ Միացյալ լիգայում հանդես եկող վրացական «Վիտայի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Մազուրի օգնականը: Մինչ այդ աշխատել է ռուսական մի շարք ակումբների մարզչական շտաբներում, իսկ կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդայի» համակարգում: Սա Պավիչևիիչի առաջին  փորձն է գլխավոր մարզչի դերում, սակայն ռուսական բասկետբոլում նա նորեկ չէ և քաջածանոթ է Սուպերլիգային:

«Ուրարտուն» լուրջ առաքելություն ունի հայկական սպորտում

Խաղացողները

Ամռանը թիմը կորցրել է իր առաջատարներից երկուսին` Ալեքսանդր Կորչագինին և Վլադիսլավ Տրուշկինին, սակայն ունեցել է նաև մի քանի համալրումներ, ինչպես օրինակ` լիտվացի լեգեոներ Անդրեյ Մատեյունասն ու ռուս Մաքսիմ Կրիվոշեևը: Անցկացրած միակ հանդիպումից հետո թիմի ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստը Ֆեդոր Կլյուչնիկովն է` 21, իսկ վերոնշյալ Կրիվոշեևն ունի 17 միավոր: Նշենք, որ ժամանակին այս ակումբում հանդես է եկել «Ուրարտուի» ներկայիս խաղացող Վիկտոր Ուսկովը:

Թիմի ներկայիս վիճակը

Այն, որ բրոնզե ու արծաթե մեդալները նվաճելուց հետո վլադիվոստոկցիները նախորդ մրցաշրջանում բավարարվել են միայն 6-րդ տեղով, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Բանն այն է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում թիմը վերակազմավորման փուլ է անցել, և արդյունքները տուժել են դրանից: Սակայն այս տարի «Սպարտակ-Պրիմորյեն» կարողացել է լիարժեք նախապատրաստություն անցնել: Ի տարբերություն նախորդ տարիների` այս թիմին ներկայումս չեն համարում Սուպերլիգայի ֆավորիտներ, բայց համարում են թիմ, որը հավակնում է դառնալ մեծ անակնկալների հեղինակ: Վերջիվերջո, այս թիմը փլեյ-օֆֆ դուրս գալու /1-8-րդ տեղեր կանոնավոր առաջնությունում/ իրական հավակնորդ է:

«Սպարտակ-Պրիմորյեն» առաջնությունը սկսել է հեռավոր արևելքի դերբիով` ընդդեմ գործող չեմպիոն «Սախալինի» և պարտվել 91-77 հաշվով:

Ուրարտու

Կողմերի հնարավորությունները

«Ուրարտուին» առաջին երկու խաղերի ժամանակ բացի մեկնարկային լարվածությունից ուղեկցեց նաև առաջատար խաղացողների կորուստը: Ռուսաստանում զարմացած են, թե ինչպես կարելի է երկու խաղ շարունակ 3-4 խաղացողի պայքարի մեջ թողնել 40 րոպե և նույնիսկ ավելի: Տիգրան Գյոկչյանը, սակայն, ստիպված էր նման քայլերի գնալ, քանի որ մի շարք խաղացողների ուղղակի դուրս էին թողել հայտացուցակից: Պատահական չէ, որ երկրորդ հանդիպմանը խաղալու թույլատրված Արիզոնա Ռեյդն այժմ ամենաբարձր միջին ցուցանիշն ունի վաստակած միավորներով: Ամբողջական կազմով խաղը «Ուրարտուին» թույլ կտա լուրջ դիմադրություն ցուցաբերել Սուպերլիգայում իրենց կայուն դիրքն ունեցող ակումբներից մեկի դեմ:

Դիմակայության ֆավորիտը մնում են տանտերերը, սակայն նրանք ամենևին անպարտելի չեն, և «Ուրարտուն» հնարավորություն ունի լուրջ պայքար առաջադրելու ու պայքարելու իր առաջին հաղթանակի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ