«Շիրակ» – «Արարատ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ՇԻՐԱԿ»  – «ԱՐԱՐԱՏ»

74 խաղ,  +32=22-20, 104:80              

15 ապրիլի, ժ.16:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

20.08.2016  «Շիրակ»  – «Արարատ»՝  1:0 (0:0)

Վահան Բիչախչյան (86):

01.10.2016  «Արարատ» – «Շիրակ»՝  0:1 (0:0)

Ռումյան Հովսեփյան (50): 76-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը չիրացրեց 11մ հարվածը:

04.11.2016  «Շիրակ»  – «Արարատ»՝  2:0 (1:0)

Վիուլեն Այվազյան (17), Ղուկաս Պողոսյան (83):

05.03.2017  «Արարատ» – «Շիրակ»՝  0:1 (0:1)

Վահան Բիչախչյան (29):

Գյումրիի «Շիրակը» կարծես թե աստիճանաբար ուշքի է գալիս առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրերում ստացած ցավագին հարվածներից հետո, որոնց պատճառով կորցրեց երկար ժամանակ անսասան թվացող առաջատարի իր դիրքը: Համենայնդեպս, գյումրեցիներն անցկացրած վերջին երկու պաշտոնական հանդիպումներում թեև դժվարությամբ, սակայն կարողացան հաղթանակներ տոնել՝ սեփական դարպասը պահելով անառիկ:

Եթե առաջնության նախորդ տուրում «Բանանցի» նկատմամբ շիրակցիների տարած հաղթանակը սպասելի էր, ապա գավաթի մրցաշարում առաջնության առաջատարներից մեկի՝ «Գանձասար Կապանի» հետ հյուրընկալվելիս կայացած մրցավեճում հաջողությունը շատերի համար անսպասելի էր:

Կրած անհաջողություններից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը որոշակի փոփոխություններ ու վերադասավորումներ կատարեց՝ թիմի մեկնարկային կազմում ավելի շատ տեղ հատկացնելով լեգեոնականներին: Մասնավորապես պաշտպանությունում կրկին իր տեղը զբաղեցրեց Մարկո Պրլևիչը, ով իր հուսալի խաղով աչքի էր ընկնում աշնանային հանդիպումներում:

Մարզչի այդ քայլը տվեց իր արդյունքները: Պատահական չէ, որ հենց լեգեոնականների՝ նախկին արարատցիներ Կիրիան Նվաբուեզեի և Ումարու Կաինայի խփած գոլերի շնորհիվ «Շիրակը» շահեց վերջին երկու հանդիպումները:

14468285_1790429961171245_3932070362161944869_o

Իսկ ահա «Արարատում» գրեթե ոչինչ չի փոխվում. թիմի անհաջողությունները շարունակվում են: «Արարատը» միակն է,  որ դեռևս գարնանը միավոր չի վաստակել: Արարատցիների առանց հաղթանակների խաղերի շարքը հասել է 17-ի, ընդ որում վերջին 6 հանդիպումներում նրանք խաղադաշտից պարտված են հեռացել:

Կարելի է, իհարկե, որոշ առաջընթաց համարել այն, որ առաջնության վերջին երկու հանդիպումներում արարատցիներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը: Իսկ մինչ այդ, նրանց մոտ նախորդ 4 խաղերում կրկին գոլային երաշտ էր սկսվել: Ճիշտ է, երկու խաղերում էլ արարատցիները մրցակցի դարպասը գրավել են այն ժամանակ, երբ սեփականն արդեն 2 գնդակ էին ընդունել:

Կկարողանա՞ն արդյոք արարատցիները վերջապես գրավել շիրակցիների դարպասը, որոնց առաջնության 4 հանդիպումներում էլ զիջել են «չոր» հաշվով: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներից 5-ում հաղթել են շիրակցիները և միայն մեկն է ավարտվել ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1:0: Այդ հաղթանակն ինչ որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի արարատցի Սերգեյ Մկրտչյանը:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ