Շաբաթվա կարևորագույն տրանսֆերային խոսակցությունները

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է շաբաթվա ամենահետաքրքիր ու ամենակարևոր տրանսֆերային խոսակցությունները:

Հենրիխ Մխիթարյան – «Յուվենտուս», «Արսենալ», «Լիվերպուլ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Իհարկե, Մխիթարյանի՝ թուրինյան ակումբ տեղափոխությունն ավելի հավանական է թվում այն ֆոնին, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, թե Մխիթարյանը պատրաստ է հանդես գալ «Յուվեում», սակայն, այնուամենայնիվ, անգլիական գրանդներին շարքից հանելն այսքան շուտ իրատեսական չէ: Այս խմորը, որ դեռ շատ է ջուր քաշելու, ոչ ոքի կասկած չի հարուցում. չէ՞ որ մինչև տրանսֆերային պատուհանի բացումը շուրջ երկու ամիս կա:

flamini

Մաթյո Ֆլամինի – MLS
«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին մրցաշրջանի ավարտին հեռանալու է լոնդոնյան ակումբից. սա գրեթե հաստատված է: Տեղեկություններ կան, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Այն լրանում է ամռանը: Sport Mediaset-ի տեղեկություններով՝ Ֆլամինին տեղափոխվելու է ամերիկյան ակումբ:

totti

Ֆրանչեսկո Տոտի – MLS
«Հռոմի կայսր» Ֆրանչեսկո Տոտիի համար կարիերայի մայրամուտին «Ռոման» կարծես բարենպաստ պայմաններ չի պատրաստվում ստեղծել՝ չնայած ֆուտբոլիստի՝ թիմում ունեցած մեծ ավանդի: Հռոմեական ակումբը պատրաստ է ակումբում պահել Ֆրանչեսկոյին, սակայն ոչ ֆուտբոլիստի կարգավիճակով: Իսկ Տոտին ցանկանում է խաղալ: Այդ դեպքում նա ստիպված կլինի հեռանալ հարազատ ակումբից ու կարիերան շարունակել այլ առաջնությունում: Իտալացու համար ամենահավանական տարբերակը MLS-ն է: Այդ դեպքում հնարավոր է՝ նա այլևս «Ռոմա» չվերադառնա, թեկուզ ադմինիստրատիվ գործունեության:

ter stegen

Տեր Շտեգեն – «Մանչեսթեր Սիթի»
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը, ամենայն հավանականությամմ, կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիում»: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դարպասապահը դժգոհ է, որ Իսպանիայի Պրիմերայում ելույթներ ունենալու հնարավորություն չի ստանում: Իհարկե բարդ է հասկանալ, թե Տեր Շտեգենն ինչպես է պատկերացնում իր ելույթները «Սիթիի» կազմում Ջո Հարթի ներկայությամբ, սակայն տեղափոխությունը շատ հավանական է համարվում:

cavani

Էդինսոն Կավանի – «Յուվենտուս»
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին տեղափոխվում է «Յուվենտուս»: Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն իտալական մամուլը գրում է, որ «Յուվեն» արդեն իսկ համաձայնեցրել է Կավանիի հետ պայմանագրի կետերը: Ֆրանսիական թիմը ցանկանում է 40 միլիոն եվրո ստանալ Կավանիի տեղափոխության դիմաց, իսկ «Յուվենտուսը» կփորձի գին իջեցնել:

ibrahimovic

Զլատան Իբրահիմովիչ – Չինաստան
Բրիտանական The Telegraph-ը գրում է, որ ՊԱԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մերժել է չինական ակումբի գերշահավետ առաջարկը: Իբրան Չինաստանից այնպիսի առաջարկ է ստացել, որի շահույթով կարող է յուրաքանչյուր ամիս հսկայական առանձնատուն գնել, օրինակ, Մայամիում: Զլատանին առաջարկել են տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն շվեդ հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում՝ մերժելով չինական ակումբի անզուգական առաջարկը:

pogba

Պոլ Պոգբա – «Բարսելոնա»
Sky Sports-ը գրում է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պոլ Պոգբայի ծառայություններով: Սակայն, ինչպես շատ դեպքերում, խնդիր է առաջացնում գումարը. կատալոնացիներն այնքան գումար չունեն, որպեսզի ձեռք բերեն Պոգբայի տրանսֆերը: Այսպես է իրավիճակը բնութագրել իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն: Տեղեկություններ կան, որ կատալոնական ակումբին հետաքրքրում են նաև Դե Խեայի ծառայությունները, սակայն հայտնի լրագրողը անհեթեթություն է համարում այդ լուրը:

morata

Ալվարո Մորատա – «Ռեալ Մադրիդ»
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վերադարձնել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային: Իսպանական կողմը, պայմանագրի համաձայն, կարող է վճարել 24 միլիոն ֆունտ ու թիմ վերադարձնել հարձակվողին: Լրատվամիջոցները պնդում են, որ «արքայական» ակումբը, Մորատային վերադարձնելով, ցանկանում է նրա տրանսֆերն ընդգրկել կա՛մ Օբամեյանգի, կա՛մ Ռոբերտ Լևանդովսկիի գործարքում:

Rojo

Մարկոս Ռոխո – «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի ծառայություններով: Sport.es-ի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» պատրաստ են Ռոխոյի տեղափոխության համար 12 միլիոն ֆունտ վճարել: Միգուցե հենց այդ հետաքրքրությունից արբած էր Ռոխոն օրերս ծխում ու ժամանակ անցկացնում «գիշերային թիթեռնիկների» հետ Արգենտինայի գիշերային ակումբներից մեկում…

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ