Սերգեյ Յուրան. «Հայաստանում աշխատանքս շարունակելու երկու տարբերակ արդեն ունեմ»

Ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանը Հայաստանում աշխատելու կարճ ժամանակահատվածում մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել: Ձմռանը գլխավորելով «Միկան», Յուրանը բոլորովին նոր թիմ կազմավորեց, որը հաջող մրցելույթներ ունեցավ ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի մրցաշարում՝ մտնելով եզրափակիչ, որտեղ մայիսի 4-ին «Բանանցի» հետ վճռորոշ խաղում վիճարկելու է պատվավոր մրցանակն ու Եվրոպա լիգայի ուղեգիրը:

Սերգեյ Յուրանի հետ հանդիպեցինք «Միկայի» հերթական մարզումից առաջ: Նա սիրով ընդունեց հարցազրույց տալու առաջարկը:

– Սերգեյ Նիկոլաևիչ, ինչպիսի՞ տրամադրվածությամբ է թիմը նախապատրաստվում «Բանանցի» հետ եզրափակիչ հանդիպմանը:

– Մենք դեռ եզրափակչի մասին չենք մտածում, քանի որ առջևում «Շիրակի» հետ առաջնության 24-րդ տուրի հանդիպումն է, որին նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ: Միայն այդ խաղից հետո կսկսենք գավաթի եզրափակչի անմիջական նախապատրաստությունը. կուսումնասիրենք մրցակցին և կպարզենք, թե ինչի հաշվին կարող ենք հաղթել «Բանանցին», կմշակենք հանդիպման ռազմավարությունը:

Գավաթի եզրափակիչը մեկ խաղից է բաղկացած, ուստի թիմերի հաղթելու հնարավորությունը հավասար եմ գնահատում: Գիտեմ, որ մեր թիմը ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ է, մնում է ֆուտբոլիստներին մի փոքր բացատրել, թե տակտիկապես ինչպես պետք է գործեն: Կարծում եմ, որ դիտարժան եզրափակիչ է սպասվում:

– Եթե գաղտնիք չէ, հնարավո՞ր է, որ «Շիրակի» հետ խաղում գործեք ուժերի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, որոշ ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն ընձեռեք՝  հաշվի առնելով նաև դեղին քարտերի քանակը, թե մարտական կազմով եք ասպարեզ դուրս գալու:

– «Շիրակի» հետ խաղից հետո 4 օրը բավական է գավաթի եզրափակչին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար, ուստի գյումրեցիների հետ մարտական կազմով ենք խաղալու և ձգտելու ենք հաղթանակի, քանի որ դեռևս հնարավորություն կա մրցանակակիր դառնալու: Ինչ վերաբերում է դեղին քարտերին, ապա միայն մեկ ֆուտբոլիստ 3 զգուշացում ունի: Այնպես որ նույն տրամադրվածությամբ ենք խաղալու, ինչպիսին «Արարատի» հետ մրցավեճում էր:

Ինչպիսի՞ն են  Ձեր տպավորությունները Հայաստանի առաջնությունից:

– Ես ասել եմ, որ առաջնությունը լավ տպավորություն է թողնում: Չկան բացահայտ հետնապահներ և առաջատարներ, ուստի դժվար է նախապես գուշակել, թե մրցող թիմերից ու՞մ կուղեկցի հաջողությունը: Ընդհանուր առմամբ մասնակից 7 թիմերը հավասարազոր են: Ճիշտ է, որոշ թիմեր առանձին ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ իրենց խաղամակարդակով մի փոքր գերազանցում են մյուսներին:

Сергей Юран Мика

– Ի դեպ, «Միկան»  Ձեր գլխավորությամբ առաջնության գարնանային հատվածում ներկայումս լավագույն արդյունքն ունի՝ անցկացրած 7 հանդիպումներում վաստակելով 12 միավոր: Սա խոսում է Ձեր մարզչական բեղմնավոր գործունեության մասին, որ հասցրել եք կարճ ժամանակահատվածում մարտունակ թիմ կազմավորել՝ մտնելով նաև գավաթի եզրափակիչ:

– Իհարկե, թիմի ցույց տված արդյունքը խոսում է մարզչի կատարած աշխատանքի մասին: Սակայն դա ձեռք է բերվել ֆուտբոլիստների քրտնաջան աշխատանքի, նրանց խաղային որակների շնորհիվ: Նրանք կատարում են իմ պահանջները: Հավաքների ժամանակ նրանք հանդուրժում էին մարզումների ծանրաբեռնվածությունը, քանի որ նրանց ասում էի, որ առաջնության հանդիպումների ժամանակ ավելի հեշտ կլինի: Եվ այժմ նրանք մոտենում են ինձ և ասում, որ իրոք դա իրենք զգում են:

Մշտապես ասել եմ, որ պատրաստ եմ ներել ֆուտբոլիստների սխալները: Սա ֆուտբոլ է, որում մարդկային գործոնը պետք է հաշվի առնել: Սակայն չեմ կարող ներել խաղադաշտում կամային հատկանիշների բացակայությունը, խաղալու ցանկություն չունենալը: Նման ֆուտբոլիստներն իմ թիմում տեղ չունեն: Երևի թե հենց այս ամենի ամբողջությունն էլ մեր հաջող ելույթների գրավականն է: Կարելի է ասել, որ առաջնության գարնանային հատվածում ընթանում ենք չեմպիոնական գրաֆիկով, ինչը հաճելի է:

– Եվ եթե չլինեին միավորների անհարկի կորուստներն աշնանը, իրապես կարող էիք հավակնել առաջնության մեդալներին:

– Այդ մասին ասել եմ թե ակումբի ղեկավարությանը, թե մարզչական շտաբին: Եթե «Միկան» աշնանը գոնե 6 միավոր ավելի վաստակեր, մենք այսօր կպայքարեինք 2-րդ տեղի համար: Ընդհանրապես, երբ հրավեր ստացա գլխավորելու «Միկան», շատերն էին ասում, թե ինչու՞ ես գնում Հայաստան. առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն չկա, գավաթի մրցաշարում էլ թեև թիմը մտել է կիսաեզրափակիչ, սակայն մրցակիցը՝ «Գանձասար Կապանը» թե բյուջեով, թե ֆուտբոլիստների խաղամակարդակով գերազանցում է «Միկային»:

Սակայն ես բնավորությամբ այնպիսի անձնավորություն եմ, որ եթե որոշում եմ կայացնում, ապա ձգտում եմ կատարել իմ առջև ակումբի ղեկավարության դրած խնդիրները: Կարծում եմ, որ այս առումով իմ հասցեին ոչ մեկը չի կարող վատ բան ասել:

– Ակումբի հետ Ձեր պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին: Կարծում եմ, որ ցանկություն ունեք շարունակելու աշխատանքը «Միկայում»: Այդ հարցում արդեն կա՞ն  որոշակի մտահղացումներ:

– Իհարկե, ցանկություն ունեմ շարունակելու աշխատանքս Հայաստանում, քանի որ բավականին հետաքրքիր պայքարում է ընթանում առաջնությունը: Եթե իմ առջև բարձր պահանջներ դրվեն, ապա դա հետաքրքիր կլինի, հակառակ դեպքում աշխատելու ցանկություն չեմ ունենա:

Առայժմ իմ հետագա ճակատագրի վերաբերյալ «Միկայի» ղեկավարության հետ չեմ խոսել, սակայն Հայաստանում աշխատանքս շարունակելու 2 տարբերակ արդեն ունեմ. հայկական 2 թիմերից առաջարկ եմ ստացել: Դա ինձ համար հաճելի է, քանի որ գնահատում են մարզչական աշխատանքս: Ռուսաստանից և հեռավոր արտերկրից էլ հրավերներ են ստացվում: Այնպես որ, գավաթի եզրափակչից հետո արդեն կկարողանամ կենտրոնանալ իմ հետագա ճակատագրի հարցի շուրջը:

Բնականաբար, էթիկայից ելնելով, առաջին հերթին պետք է խոսեմ «Միկայի» ղեկավարության հետ: Իմ համար առաջին հերթին կարևոր է, թե ակումբի ղեկավարությունն ինչպիսի խնդիրներ ու նպատակներ կդնի իմ առջև, քանի որ ամբիցիոզ անձնավորություն եմ ու դեռևս ֆուտբոլիստ եղած ժամանակ եմ ձգտել մշտապես բարձր նպատակներ հետապնդել ու բարդ խնդիրներ լուծել: Նույնն արել եմ նաև մարզչական աշխատանքում: Իսկ անձնական պայմանագրի պայմանները, թե որքան աշխատավարձ կստանամ, իմ համար 2-րդ պլանում է:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ