Սերգեյ Յուրան. «Գոհ չեմ արդյունքից, բայց դեռ պատասխան խաղ կա»

Կապանի «Գանձասար-Կապան» թիմի հետ գավաթային խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը կիսվել է տպավորություններով։

— Երկու տարբեր խաղակեսեր ստացվեցին, ու արդյունքից իհարկե գոհ չեմ, բայց դեռ առջևում կա երկրորդ հանդիպում։ Ինչու՞ ոչ, այստեղ պարտվեցինք, բայց մրցակցի հարկի տակ կարող ենք հաղթել։ Ցավոք սրտի առաջին խաղակեսում մեր երեք խաղացողներ դուրս մնացին խաղի ռիթմից։ Իսկ երկրորդ խաղակեսում վերջնամասն անցկացնում էինք մի ֆուտբոլիստի պակասով, քանի որ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք ստացավ, իսկ մենք փոխարինում չունեինք, բայց կարողացանք պահեր ստեղծել ու նույնիսկ կարող էինք չպարտվել։ Ընդամենը օրեր առաջ արտագնա բարդ հանդիպում էինք անցկացրել, ու մի շարք ֆուտբոլիստներ, որ այդ խաղում դաշտ էին դուրս եկել, այսօր հանգստի հնարավորություն ստացան։ Բայց թիմում կան լավ կատարողներ։ Այսօր երկու ֆուտբոլիստներ բացակայում էին վնասվածքի պատճառով, դրա համար էլ խնդիրներ ունեցանք։ Հիմա պետք է պատրաստվենք երկրորդ խաղին, ու դեռ եզրափակչի ուղեգրի հարցը լուծված չէ։ Պատասխան խաղին կմոտենանք մարտական կազմով ու կփորձենք հաղթել։

— Իսկ ովքե՞ր դուրս մնացին խաղի ռիթմից։
— Հարձակվող Չախվաշվիլին, ձախ կիսապաշտպան Գորելաշվիլին, Սամվել Մելքոնյանը, Չմայչանին. այսինք 3-4 ֆուտբոլիստ: Չգիտեմ ինչպես էր մյուսներին հաջողվում անընդհատ առաջ գնալ ու հետ վերադառնալ, իսկ նրանց մոտ դա չէր ստացվում։ Դժվար է, երբ որևէ ֆուտբոլիստ չի մտնում խաղի ընթացքի մեջ, իսկ մեր մոտ միանգամից մի քանիսն էին այդպես խաղում։ Երբեմն ոմանց մոտ բնավորությունը չի բավականացնում, իսկ ֆուտբոլ առանց բնավորության ավելի լավ է չխաղալ, նույնիսկ շախմատում է պետք բնավորություն, իսկ այստեղ ֆուտբոլ է, որտեղ բարդ աշխատանք է անցկացվում։

— Աջ պաշտպան Վարդան Պողոսյանը դաշտ դուրս եկավ ձախ կիսապաշտպանի դիրքում։ Ի՞նչն էր պատճառը։
— Կադրային խնդիրների պատճառով էր։ Նրանով փորձեցինք լրացնել առկա բացերը։ Ճիշտ է, նա այդ դիրքի ֆուտբոլիստ չէ, բայց մենք չունենք այնպիսի պահեստայինների նստարան, ինչպիսին ունի մրցակիցը, որի փոխարինողները դաշտ դուրս եկան ու ուժեղացրին խաղը։ Մենք որոշում ենք կայացնում այն ռեսուրսներով, ինչ ունենք այս պահին։ Շնորհակալ եմ Վարդանին, որ դուրս եկավ դաշտ ու ակտիվություն դրսևորեց, բայց ինչ անենք, որ այլ ֆուտբոլիստ չկար, որ այդ դիրքում խաղար։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ