Ռոբերտ Արզումանյանի 5 խաղերը ՀՀ ազգային հավաքականում

Ինչպես հայտնի է, մարտի սկզբին Ռոբերտ Արզումանյանը հաշվի առնելով իր և խաղընկերների հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում և Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին:

ՀՀ հավաքականի կենտրոնական պաշտպանը բավական երիտասարդ տարիքում՝ 20 տարեկանում է նշել նորամուտը մեր ընտրանիում՝  մասնակցելով 2005թ. մարտի 18-ին Քուվեյթի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը: 8 օր անց Ռոբերտ Արզումանյանը հավաքականում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց՝  մասնակցելով Անդորրայի ընտրանու հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին:

11 մրցաշրջան Ռոբերտ Արզումանյանը հավատարմորեն ծառայել է Հայաստանի ազգային հավաքականին՝  խաղային ունակությունները դրսևորելով մրցակիցների հետ պայքարում: Այդ ընթացքում նրան բախտ է վիճակվել 74 անգամ կրելու ազգային հավաքականի մարզաշապիկը: Ինչ խոսք, այդ թիվն ավելի պատկառելի կլիներ, եթե վնասվածքների պատճառով Արզումանյանը ստիպված չլիներ բաց թողնելու հավաքականի մի շարք հանդիպումներ:

Բացի իր հիմնական պարտականությունների կատարումից, Արզումանյանը բավական արդյունավետ է գործել հավաքականի գրոհներին միանալիս՝  5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ ցուցանիշով նա հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում է:

Հավաքականում Արզումանյանն ունեցել է ինչպես հաջողված, այնպես էլ անհաջող ելույթներ, սակայն իր ուժերի հնարավորությունների սահմանում մշտապես գործել է անմնացորդ նվիրումով՝  հանդիսանալով մեր ընտրանու առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ուստի կրկնակի ցավալի է, որ Ռոբերտ Արզումանյանը դեռ իր վերջնական խոսքը չասած, ստեղծված իրավիճակում հարկադրված է դադարեցնել ելույթներն ազգային հավաքականում:

«Վիվառո Նյուզն» առանձնացրել է հավաքականում Ռոբերտ Արզումանյանի անցկացրած հանդիպումներից 5-ը:

Հաղթանակ, որ շրջադարձային եղավ

02.06.2007   Ղազախստան-Հայաստան՝  1:2 (0:2)
Ալմա Աթի, Կենտրոնական մարզադաշտ, 17100 հանդիսական:
Ռուսլան Բալթիև (88` 11մ) – Ռոբերտ Արզումանյան (31), Սարգիս Հովսեփյան (39` 11մ):

Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը շրջադարձային եղավ Հայաստանի հավաքականի համար Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականը շոտլանդացի նորանշանակ գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ շատ անհաջող էր սկսել ընտրական մրցաշարը: Մեր ֆուտբոլիստները մեկնարկային խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել էին բելգիացիներին, այնուհետև Երևանում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել ֆինների հետ: Արտագնա հաջորդ երկու հանդիպումներում մեր ընտրանին միևնույն 0:1 հաշվով զիջել էր ֆիններին և լեհերին: 4 խաղից հետո ՀՀ հավաքականը վաստակած մեկ միավորով եզրափակում էր ընտրական A խմբի մրցաշարային աղյուսակը՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասները:

Բնական է, որ ղազախների հետ խաղում մեր ֆուտբոլիստները ձգտելու էին ամեն գնով հաջողության հասնել՝  հաղթանակով նշելու հավաքականի հոբելյանական՝  100-րդ հանդիպումը: Եվ դա նրանց հաջողվեց:

Հաղթանակում մեծ ներդրում ունեցավ նաև Ռոբերտ Արզումանյանը, ով բացի պաշտպանությունում հուսալի գործելուց, դարձավ Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում մեր հավաքականի խփած անդրանիկ գոլի հեղինակը՝  անկյունայինի խաղարկումից հետո բացելով հաշիվը: Մինչև ընդմիջման գնալը Սարգիս Հովսեփյանը կրկնապատկեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով Սամվել Մելքոնյանին վայր գցելու համար նշանակված 11 մ հարվածը:

Հարկ է նշել, որ Ղազախստանի հավաքականի խաղը բնավ էլ տպավորություն չթողեց: Դաշտի տերերի գրոհները միօրինակ էին և լուրջ վտանգ չէին ներկայացնում: Նրանք հիմնականում գնդակը բարձրից ուղարկում էին տուգանային հրապարակ, որտեղ հստակ էին գործում մեր պաշտպաններն ու դարպասապահը: Միայն խաղավերջում ղազախներին հաջողվեց հաշիվը կրճատել 11 մ հարվածի շնորհիվ, որն իրացրեց Բալթիևը:

Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջապես հեռացավ վերջին հորիզոնականից ու շրջանցեց ադրբեջանցիներին:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ