Նորեկներ հավաքականում և Արցախի վետերանների թիմի հաղթանակն Աբխազիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու հրավեր: 16 ֆուտբոլիստների թվում են նաև Ռուսաստանում հանդես եկող Արմեն Համբարձումյանը («Մորդովիա») և Դավիթ Յուրչենկոն («Անժի»):

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

  • Երկրպագուների ՖԱՖ շարժումը հայտարարություն է տարածել՝ մարզասերներին առաջարկելով իր հետ մեկնելու Չեռնոգորիա՝ ներկա գտնվելու հունիսի 10-ին տեղի ընտրանու և Հայաստանի հավաքականի միջև կայանալիք ընտրական հանդիպմանը:

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

  • Աբխազիայում անցկացվել է միջազգային մրցաշար, որին մասնակցել են 9 թիմեր Արցախից, Ռուսաստանից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից: Արցախի վետերանների հավաքականը եզրափակչում 2-0 հաշվով հաղթել է «Պյատիգորսկին» և դարձել մրցաշարի հաղթող: Թիմը մրցաշարում դարձել է 23 գոլի հեղինակ և բաց թողել 1-ը: Լավագույն ռմբարկուն Արսեն Սարգսյանն է 9 գոլով, լավագույն դարպասապահը՝ Ալեքսանդր Մելքումյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստը՝ Լևոն Մկրտչյանը:
  • Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարի 9-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս մրցել է «Նեա Սալամիսի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 66-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում: «Կարմիոտիսան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ վերջին հորիզոնականում է և կորցրել է ուժեղագույնների մրցաշարում մնալու հնարավորությունները:
  • Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Տորպեդո-Բելազը» սեփական հարկի տակ 1-ական գնդակ է փոխանակել «Նեմանի» հետ: Կամո Հովհաննիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Տորպեդո-Բելազը» 5-րդ հորիզոնականում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շտայնբախի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Ռեգենսբուրգում», որը երկրի 3-րդ դիվիզիոնում այս պահին 3-րդ հորիզոնականում է և հնարավորություն ունի տեղափոխվելու Երկրորդ Բունդեսլիգա: 23-ամյա ֆուտբոլիստը վերջերս հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել «Շտայնբախի» հետ՝ ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու պատճառաբանությամբ: Այս մասին հաղորդում է Fussball.com-ը:

Sargis Adamyan

  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Փյունիկ-2»-ից: Աչքի են ընկել Արսեն Հովհաննիսյանը և Էրիկ Ազիզյանը:
  • Արգենտինայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալ Սարանդին» հյուրընկալել է «Տեմպերլեյին» և հաղթանակ տոնել 2-0 հաշվով: «Արսենալ Սարանդիից» Խոակին Բոգոսյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Տեմպերլեյից» Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ խաղին: «ԱՍ»-ն վերջին՝ 30-րդ տեղում է, «Տեմպերլեյը»՝ 19-րդ:
  • «Վարդարի» 23-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մակեդոնական ԶԼՄ-ների կողմից ընգրկվել է երկրի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Նա 5 բալանոց համակարգում ստացել է 3,5 գնահատականը: Բարսեղյանը, մասնակցելով «Ռաբոտնիչկիի» հետ ամբողջ հանդիպմանը (2-2), 60-րդ րոպեին խփել է այս մրցաշրջանում իր 6-րդ գոլը:
  • «Բանանցը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Կարեն Հարությունյանի հետ: Ակումբը նրան շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:
  • Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Զիմբրուն» մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով պարտություն է կրել «Զարյայից» (լրացուցիչ ժամանակ): Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զիմբրուն» դուրս է մնացել հետագա պայքարից:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ