Նոր Մխիթարյաններ փնտրելու ճանապարհին. Ծանոթանում ենք Լյովա Մրյանի հետ

Հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն. երկրպագուների մի մասն այդ առումով դրական ոչինչ չի տեսնում, իսկ մյուս մասն էլ վստահ է, որ Հայաստանում աճում է տաղանդավոր ֆուտբոլիստների սերունդ, որն ունակ է բարձրացնելու մարզաձևի վարկանիշը Հայաստանում: Ֆուտբոլային Հայաստանի այսօրվա գլխավոր պարծանքը Հենրիխ Մխիթարյանն է, բայց մենք մտադիր ենք համոզել, որ ապագային լավատեսությամբ նայելու և ապագայում նոր պարծանքներ ունենալու նախադրյալներ, իրոք, կան: 

VivaroNews.am-ը շարունակում է իր շարքը, որում ներկայացվում են Հայաստանում գործող ակումբների ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստները: Նրանք արդեն պատանեկան տարիքում առանձնանում են իրենց վարպետությամբ ու գրանցած ցուցանիշներով և ստիպում նրանց մեջ տեսնել Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակների ապագա կերտողներին: 

Ներկայացնում ենք մեր երկրորդ հերոսին՝

ԼՅՈՎԱ ՄՐՅԱՆ

Հանդես է գալիս «Շիրակ-2000»-ում (2000թ. ծնված ֆուտբոլիստներ)

ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԸ՝ հարձակվող

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ՝ Հայաստանի չեմպիոն իր տարիքային խմբում (2013/14, 2014/15), Հայաստանի լավագույն հարձակվող իր տարիքային խմբում (2 անգամ), Լավագույն ռմբարկու իր տարիքային խմբում (2013/14, 19 գոլ)

59e7a5a67ce8ed2babcfda33399c0f44_Easy-Resize.com

Գաղտնիք չէ, որ Գյումրին մարզական հարուստ ավանդույթներով քաղաք է, որը տվել և տալիս է փառահեղ մարզիկներ հայկական սպորտին: Ֆուտբոլը նույնպես բացառություն չէ: Տիտղոսներով լի պատմություն ունեցող «Շիրակում» այսօր մեծ թիվ են կազմում լեգեոներները, բայց նոր սերունդը գալիս է վերադարձնելու անցյալի ավանդույթները: Լյովա Մրյանը, ով 2000թ. ծնված ֆուտբոլիստների Հայաստանի ընթացիկ առաջնութան լավագույն ռմբարկուն է (20 գոլ՝ 14 խաղում, իսկ «Շիրակն» 1-ին տեղում է), մարտական է տրամադրված. «Գլխավոր նպատակս «Շիրակի» հիմնական թիմում հայտնվելն է: Ցանկանում եմ հաջողությունների հասնել հենց այստեղ՝ մեր քաղաքի թիմում»:

Սկզբում ցանկանում էր ըմբիշ դառնալ

Մրյանը «Շիրակում» է մարզվում 2009 թվականից: Նա մեծացել է ֆուտբոլային ընտանիքում: Պապը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես եկել «Շիրակում», հայրը նույնպես ֆուտբոլով է զբաղվել, և բնական է, որ «պտուղը ծառից հեռու ընկնել չէր կարող»: Սակայն, Լյովան սկզբում ցանկանում էր զբաղվել այլ մարզաձևով. «Միշտ շատ եմ սիրել ֆուտբոլը, բայց սկզբում ցանկանում էի ըմբշամարտի գնալ: Սակայն պապիս հորդորով ընտրեցի ֆուտբոլը և ոչ մի օր չեմ փոշմանել այդ որոշման համար»:

Բակում ֆուտբոլ խաղալը պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհի մի մասն է: Լյովան նույնպես ազատ ժամանակի մեծ մասն անցկացրել է բակում՝ գնդակ գլորելով. «Բակում շատ էինք ֆուտբոլ խաղում: Նույնիսկ երբ սկսեցի մարզվել «Շիրակում», մարզումներից հետո էլ բակում գնդակի հետ էինք անցկացնում մեր ժամանակը: Այնտեղ էլ միշտ հարձակվող եմ եղել, քանի որ շատ եմ սիրում գոլեր խփել: Գյումրիի բարբառով ասած՝ «մայլա-մայլա» խաղեր էինք անցկացնում, և մենք գրեթե միշտ հաղթում էինք»:

«Գյումրեցիները թասիբով են խաղում, նույնիսկ երբ պարտվում են»

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան արդեն տալիս է իր արդյունքը: Լավագույն օրինակն այս պահին Վահան Բիչախչյանն է: Լյովա Մրյանը շատ գոհ է այն պայմաններից, որտեղ զարգանում է որպես ֆուտբոլիստ. «Արդեն 2-3 տարի է՝ պայմանները շատ լավն են: Մարզիչներն ու մյուս աշխատակիցները փորձում են լավը սովորեցնել՝ թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային առումով»: Գյումրիում զարգացած են նաև շատ այլ մարզաձևեր, բայց ֆուտբոլը մնում է ամենամասսայականը. «Ֆուտբոլը համար առաջինն է: Ակադեմիայում հիմա փոքր տարիքից շատ երեխաներ են մարզվում, ցանկանում ֆուտբոլ խաղալ: Քաղաքի երեխաների 50%-ը ցանկանում է հենց այս մարզաձևով զբաղվել»:

asa

Լյովայի պնդմամբ՝ իրենք միշտ հատուկ տրամադրվածությամբ են խաղում երևանյան թիմերի դեմ. «Կարծում եմ՝ երևանցիները միշտ մտածում են, թե իրենք ուժեղ են գյումրեցիներից, իսկ մենք ամեն անգամ փորձում ենք ապացուցել, որ ավելի լավն ենք»: Մայիսին 17-ամյակը նշող ֆուտբոլիստը գիտե, թե որն է «Շիրակի» և մյուս ակումբների միջև գլխավոր տարբերությունը. «Դա ֆուտբոլիստների թասիբն է: Նրանք մինչև վերջին վայրկյանը պայքարում են, թասիբով խաղում, նույնիսկ երբ պարտվում են»:

««Շիրակը» մնում է «Շիրակ», որը տվել, տալիս և դեռ տալու է փառահեղ անուններ»

Իր սանի ելույթները գնահատում է «Շիրակ-2000»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, ով գործնական ֆուտբոլը թողնելուց հետո արդեն տևական ժամանակ է՝ մարզչական գործին է. «Լյովան 9 տարեկանից իմ «ձեռքի տակ» է մարզվում: Փոքր տարիքից զգացվում էր, որ նրա մեջ կան ֆուտբոլային բարձր որակներ: Նրան ընդգրկել ենք թիմի ավագի դերում: Նա կարողանում է թիմը տանել իր հետևից: Ունի հարձակվողի ամենակարևոր հատկանիշը՝ գոլեր է խփում: Այսօր որքան ուզում ես լավ թիմ ունեցիր՝ եթե գրոհները արդյունավետ եզրափակող չունես, հաջողություն չես ունենա: Լյովան արդեն ընդգրկված է «Շիրակ-2»-ում»:

Մասնագետը հավաստիացնում է՝ ակադեմիայի աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. «Ոչ միայն պայմաններն են լավացել, այլև մարզչական կազմն էլ առաջադիմել է: Շատ է խոսվում «Բանանցի» և «Փյունիկի» սաների մասին, բայց «Շիրակը» մնում է «Շիրակ», որի պատմությունը գրվում է 1958 թվականից: Այն հայկական ֆուտբոլին տվել, տալիս և դեռ տալու է փառահեղ անուններ: Թիմի գլխավոր մարզիչը՝ Վարդան Բիչախչյանը, իր մարզչական գործունեությունը հենց մանկապատանեկան ֆուտբոլից է սկսել և նրա ուշադրությունն այդտեղ շատ մեծ է: Նա արդեն աչքի տակ է առել մի շարք ֆուտբոլիստների և հույս է դնելու նրանց վրա»:

«Հայրս իմ ներկայությամբ երբեք չի գովել ինձ»

Լյովայի հայրը ներկա է գտնվում որդու բոլոր հանդիպումներին, նաև՝ արտագնա, և իր խորհուրդներով աջակցում նրան. «Նա միշտ ոգեշնչում է ինձ: Նա իմ մասին դրական է խոսում այն ժամանակ, երբ ես այդտեղ չեմ լինում: Իմ ներկայությամբ երբեք չի գովել ինձ, որպեսզի շարունակեմ աշխատել»:

ssss

Հարձակվողն այն ֆուտբոլիստն է, ով ամբողջ թիմի ջանքերը պետք է եզրափակի՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Լյովա Մրյանն ավելացնում է. «Հարձակվողի համար գոլ խփելն առաջնային է: Պետք է հասկանա, որ թիմը հենց իր գոլ խփելու համար է աշխատում, ճիշտ դիրք զբաղեցնի, ճիշտ ժամանակին հայտնվի ճիշտ տեղում»:

Տարբեր մարզաձևերում հաջողության հասնող գյումրեցիների դեպքում միշտ նշվում է, որ նա հենց այդ քաղաքն է ներկայացնում: Այդ ամենն իսկական խթան է մյուսների համար, ովքեր նույնպես շատ են ցանկանում բարձր պահել Հայաստանի, իսկ հետո՝ Գյումրիի պատիվը. «Միայն ֆուտբոլային հաջողությունները չէ, որ ոգեշնչում են: Գյումրեցիները պատվով են հանդես գալիս բոլոր մարզաձևերում: Ամբողջ քաղաքն այդ ժամանակ ուրախանում է և հպարտանում»:

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Սիրելի ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսի

Սիրելի եվրոպական ակումբը՝ «Արսենալ»

Մարզադաշտ, որտեղ երազում է գոլ խփել՝ «Սանտիագո Բեռնաբեու»

Սիրելի ֆուտբոլիստը «Շիրակում»՝ նրանք երկուսն են և ավարտել են կարիերան՝ Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան

Սիրելի ուտեստը՝ սոուսներ («ջրիկ» ճաշեր)

Սիրելի երաժշտությունը՝ ռուսական էստրադա 

Սիրելի հաղորդաշարը՝ «Ինտերֆուտբոլ» (համացանց), «Պրոֆֆուտբոլ» (հեռուստատեսություն)

Հ. Գ. Շարունակե՛ք հետևել մեր շարքին: Միգուցե մի օր հպարտանաք, որ առաջինն եք ճանաչել ներկայացված ֆուտբոլիստներին:

Շնորհակալություն «Շիրակ ՖԱ»-ի մամուլի քարտուղարությանն աջակցության համար:

QrtNkod

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ