Նազիկ Ավդալյան.«Երբեք չեմ հուսահատվել և հավատացել եմ, որ մի օր տեր կկանգնեմ իմ մրցահարթակին»

Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ VMag ամսագիրը զրուցել էր դեկտեմբերին, երբ նա երկար դադարից հետո վերադարձել էր մրցահարթակ՝ մասնակցելով Աշխարհի առաջնությանը:

2009թ. նոյեմբեր ամիսն էր, երբ ծանրամարտի աշխարհի առաջնություններում առաջին անգամ հնչեց Հայաստանի օրհներգը: Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, հուզված, բայց խրոխտ կանգնած էր 23-ամյա Նազիկ Ավդալյանը:

Մինչ այդ գյումրեցի մարզուհին հասցրել էր մեկ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ էլ՝ արծաթե մեդալակիր: Որսալով հաջողության ալիքը մեծ սպորտում՝ Նազիկը որոշեց չմոռանալ նաև անձնական կյանքի մասին, սակայն 2011թ. տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարի արդյունքում նա կարող էր կորցնել ամեն ինչ:

Սակայն մարզիկին հատուկ նպատակասլացության շնորհիվ Նազիկը տարիների ընթացքում կարողացավ ոչ միայն կազմել ընտանիք ու արու զավակ լույս աշխարհ բերել, այլև վերադառնալ մրցահարթակ և կրկին ներկայացնել Հայաստանը ամբողջ աշխարհում: Այս տարվա նոյեմբերին նա մասնակցեց Աշխարհի առաջնությունը, որտեղ Բ խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Սակայն Նազիկի բացառիկ նվաճումը հենց վերադարձն էր, որին մեջքի վնասվածքներից ու մի շարք վիրահատություններից հետո քչերն էին հավատում: Հայկական ծանրամարտի հաջողությունները սկսվեցին Նազիկի հաջողություններին զուգընթաց, ու նրա վերադարձն էլ կարող է նոր վերածնունդ դառնալ մեր թիմի համար:

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոնուհին վերադարձից հետո առաջին անգամ զրուցել է իր զգացողությունների, ապրումների, դժվարությունների և հետագա ծրագրերի մասին:

Nazik Avdalyan champion

-Ողջույն, Նազիկ, շնորհավորում ենք 6 տարի անց սպորտ վերադառնալու կապակցությամբ:

Ողջույն, շատ շնորհակալություն:

Ինչպե ՞ս ստացվեց վերադարձը:

-Ինձ շատ անգամ են փորձել ետ պահել կամ համոզել, որ վերադարձս անհնար է, այնուամենայնիվ, ես երբեք չեմ հուսահատվել և հավատացել եմ, որ մի օր տեր կկանգնեմ իմ մրցահարթակին:

– Ի ՞նչ զգացողություններով կրկին բարձրացաք մրցահարթակ:

-Ես չեմ կարող նկարագրել զգացողություններս: Եթե դրանք վերածեինք գույների, ապա կստացվեր բնության բոլոր երանգները:

Ի ՞նչ էր փոխվել այս ընթացքում Նազիկ Ավդալյան մարդու և մարզիկի մեջ:

-Ամեն ինչ…

Երբ արդեն ամուսնացած եք և ունեք բալիկ, դժվա՞ր է համադրել ընտանեկան կյանքը սպորտի հետ:

-Բավական դժվար է: Ամենամեծ դժվարությունը որդուցս հեռու լինելն է ու կարոտը հաղթահարելը:

-Որքա ՞ն եք դեռ ծրագրում մնալ մեծ սպորտում:

-Ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ և բազմիցս ասել եմ՝ մենք պլանավորում ենք, իսկ Աստված տնօրինում: Սակայն, որքան էլ մնամ՝ չեմ դադարելու պայքարել:

 -Որո՞նք են  Ձեր գլխավոր նպատակները:

– Իմ գլխավոր նպատակն Ռիոյի Օլիմպիական խաղերն են՝ ինչպես ցանկացած մարզիկինը:

-Ըստ Ձեզ որո՞նք էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի վատ ելույթների պատճառները և ի՞նչ համակարգային փոփոխությունների կարող են արվել:

-Այդքան խիստ մի դատեք , քանի որ մենք կատարեցինք մեր առջև դրված առաջադրանքները և նվաճեցինք ուղեգրեր, իսկ, ինչ վերաբերվում է համակարգային փոփոխություններին, այդ մասին չեմ ցանկանում խոսել:

Nazik Avdalyann

-Ինչպես մեզ հայտնի է մարզչական աշխատանքի փորձ նույնպես ունեք, անգամ թեզ եք գրել այդ թեմայով. ունե՞ք այս ոլորտում աշխատելու ցանկություն:

-Առանց սպորտի ապրելը ինձ համար շատ դժվար էր, այդ իսկ պատճառով սկսեցի զբաղվել մարզչական գործունեությամբ, քանի որ կարծում էի, որ այլևս չեմ վերադառնա սպորտ որպես մարզիկ: Սակայն, ի շնորհիվ բժիշկների, որոնց, ի դեպ , խորին շնորհակալություն եմ հայտնում,  կրկին հնարավորություն ստացա պայքարել իմ գերագույն նպատակի համար:

՞նչ կարևոր հատկանիշներ կան, որոնք ձեռք եք բերել սպորտում և կցանկանայիք փոխանցել նաև Ձեր որդուն:

-Սպորտը, ինձ համար կյանքի նման է: Դուք կարծես ինձ հարցնեք ի՞նչ է տվել ինձ կյանքը: Սպորտը տվել է ինձ ամեն ինչ, բայց ամենակարևորը՝ սովորեցրել է պայքարել, պայքարել ամեն գնով, քանզի կյանքում, ինչպես սպորտում, ամեն ինչ հնարավոր է:

-Որո՞նք են Ձեզ համար 2015-ի ամենակարևոր 3 իրադարձությունները:

– Ամենակարևորը իմ վերադարձն էր սպորտ հունվարին: Հաջորդը բալիկիս առաջին բառերն էին, նա սկսեց խոսել ապրիլ ամսից: Դա աննկարագրելի զգացողություն է, երբ առաջին անգամ փոքրիկիս շուրթերից բառեր լսեցի, կրկնում էր այն, ինչ ասում էի: Նա 1 տարեկան և 5 ամսեկան էր, երբ սկսեց խոսել ու արդեն մեկ ամիս անց՝ նախադասություններ կազմել: Իսկ  երրորդ ամենակարևոր իրադարձությունը նոյեմբերին կայացած աշխարհի առաջնությունն էր:

– Մաղթանքներ ունե՞ք՝ ուղղված հայ ժողովրդին:

-Բոլորին մաղթում եմ առողջություն, ուրախ պահերով լի կյանք ու լիարժեք երջանկություն: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ զինվորներին մեր խաղաղ քունը հսկելու համար և ցանկանալ բարի վերադարձ: Ես աղոթում եմ նրանց համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ