Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով 20 գոլ է խփել եվրոգավաթներում

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի»  դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպանի հոբելյանական՝ 20-րդ գնդակն էր եվրոգավաթների մրցաշարերում անցկացրած 73 հանդիպումներում: Այս ցուցանիշը նաև լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանում:

Եվրոգավաթների մրցաշարերում Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշել է 2007թ. հուլիսի 18-ին՝ «Փյունիկի» կազմում մասնակցելով իռլանդական «Դերի Սիթիի» հետ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արտագնա հանդիպմանը: Այդ խաղում թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը 18-ամյա Հենրիխին  63-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց Գևորգ Ղազարյանի փոխարեն:

Երկու մրցաշրջանների ընթացքում «Փյունիկի» կազմում անցկացրած չեմպիոնների լիգայի 6 հանդիպումներում Մխիթարյանին այդպես էլ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

Նա իր գոլերի հաշիվը բացեց Դոնեցկի «Մետալուրգում» հանդես գալու առաջին իսկ մրցաշրջանում: 2009/10թթ. Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսած «Մետալուրգն» առաջին խաղում՝  հուլիսի 16-ին հյուրընկալել էր Բելառուսի ՄՏԶ-ՌԻՊՕ-ին: Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց գոլով՝ իր հաշվին գրանցելով թիմի խփած երեք գնդակներից մեկը:

Մեկ շաբաթ անց կայացած պատասխան խաղում Մխիթարյանը կրկին գրավեց մրցակցի դարպասը: Հետագայում նա մեկական գնդակ խփեց որակավորման հաջորդ փուլերում «Մետալուրգի» մրցակիցների՝ Սլովենիայի «Ինտերբլոկի» և ավստրիական «Աուստրիայի» դարպասները:

Այսպիսով, Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգում» անցկացրած Եվրոպա լիգայի 6 հանդիպումներում դարձավ 4 գոլի հեղինակ:

Եվրոգավաթներում Մխիթարյանի օգտին հաջորդ երկու գոլերը գրանցվեցին 2012/13թթ. չեմպիոնների լիգայի մրցաշարում «Շախտյորում» անցկացրած 8 հանդիպումներում: Մինչ այդ, նախորդ երկու մրցաշրջաններում «Շախտյորում» անցկացրած եվրոգավաթների 13 հանդիպումներում Հենրիխին չէր հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:

Դանիական «Նորդշելանի» հետ Դոնեցկում կայացած չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ:

Henrikh-Mkhitaryan-2013

Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա», հայ ֆուտբոլիստը չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Լոնդոնում գրավեց «Արսենալի» դարպասը, իսկ 1/8 եզրափակչի առաջին խաղում դարձավ «Զենիթի» դարպասը խփած գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ Մխիթարյանը 2013/14թթ. չեմպիոնների լիգայի մրցաշարում 10 խաղ անցկացրեց:

Հաջորդ մրցաշրջանն անհաջող էր ինչպես «Բորուսիայի», այնպես էլ Մխիթարյանի համար, ով եվրոգավաթների 7 հանդիպումներում այդպես էլ չկարողացավ գոլ խփել: Իսկ ահա 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում Հենրիխն առայժմ ամենաբարձր արդյունավետությունն է գրանցել՝ «Բորուսիայի» կազմում անցկացրած 15 հանդիպումներում դառնալով 7 գոլի հեղինակ:

Հենց այդ մրցաշարում Մխիթարյանն իր օգտին առայժմ միակ հեթ տրիկն է գրանցել՝ 3 անգամ գրավելով ավստրիական «Վոլֆսբերգերի» դարպասը: Հաջորդ փուլում նա մեկական գոլ խփեց նորվեգական ՕԴԴ-ի հետ կայացած երկու հանդիպումներում էլ: Այնուհետև Հենրիխը մեկ գոլ խփեց ադրբեջանական «Գաբալայի» դարպասը, իսկ վերջին անգամ աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ կայացած քառորդ եզրափակչի արտագնա խաղում, որը վերջինն էր «Բորուսիայի» համար այդ մրցաշարում:

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը ևս արդյունավետ խաղ է ցուցադրում՝ 8 հանդիպումներում խփելով 5 գնդակ: Ընդ որում նա միայն խմբային մրցաշարի 4-րդ խաղում՝ անցյալ տարվա նոյեմբերի 3-ին թուրքական «Ֆեներբախչեի» հետ կայացած մրցավեճում նշեց նորամուտը եվրոգավաթներում անգլիական ակումբի կազմում:

Իսկ դեկտեմբերի 8-ին «Զարյայի» հետ կայացած արտագնա խաղում Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը նաև «Մանչեսթր Յունայթեդում»: Հետագայում Հենրիխը մեկական անգամ աչքի ընկավ «Սենտ Էտյենի» և «Ռոստովի» հետ հանդիպումներում, իսկ «Անդերլեխտի» դարպասը խփած նրա երկու գոլերը մեծապես նպաստեցին կիսաեզրափակչի ուղեգրի նվաճմանը:

Հուսանք, որ իսպանական «Սելթայի» հետ խաղում ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը եվրոգավաթներում իր երրորդ տասնյակի գոլերի հաշիվը կբացի:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ