Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրներ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչման համար հիմնական պայքարն ընթացավ «Ալաշկերտի» հարձակվողներ Միհրան Մանասյանի և Հեբեր Արաուխոյի միջև, որոնք էլ ի վերջո 16-ական գնդակով արժանացան «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Ընդ որում Մանասյանը 2-րդ անգամ է արժանանում առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին: 2013/14թթ. առաջնությունում նա ամենաարդյունավետն էր ճանաչվել 17 գնդակով:

Առաջնության աշնանային հատվածում այդ պայքարն ավելի թեժ էր: Ձմեռային արձակուրդի մեկնելիս ռմբարկուների ցանկը 12 գնդակով գլխավորում էր Միհրան Մանասյանը: Այդ գոլերը նա խփել էր 3-13-րդ տուրերում՝ միայն 7-րդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում չկարողանալով գրավել դարպասը: Այդ ընթացքում նրան արդյունավետ խաղերի 2 շարք հաջողվեց՝  5 գոլ 4 խաղում (3-6-րդ տուրեր) և 7 գոլ 6 խաղում (8-13-րդ տուրեր):

Մանասյանին 2 գնդակով էր զիջում նրա խաղընկեր Հեբեր Արաուխոն: Բացի նրանցից, աշնանային հատվածում արդյունավետությամբ աչքի էին ընկել նաև փյունիկցի Վարդան Պողոսյանը (8 գոլ) և «Բանանցի» բրազիլացի հարձակվող Լաերսիոն (7):

Սակայն առաջնության գարնանային հատվածում ալաշկերտցիների մրցակիցները չկարողացան լրջորեն պայքարել առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Վարդան Պողոսյանը վնասվածքի պատճառով գարնանն ընդամենը 4 խաղի մասնակցեց՝ խփելով 1 գոլ, իսկ Լաերսիոն 8 հանդիպումներում գոլերի թիվն ավելացրեց ընդամենը 3-ով:

Հարկ է նշել, որ գարնանը «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրներն էլ նվազեցրին իրենց արդյունավետությունը: Հեբերը 11 խաղում 6 գոլի հեղինակ դարձավ, իսկ Մանասյանը վնասվածքի պատճառով մասնակցեց ընդամենը 7 խաղի, որոնցում 4 գոլ խփեց:

ՀՀ առաջնություններում 5-րդ անգամ լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացան միանգամից 2 ֆուտբոլիստներ: Նախկինում դա պատահել էր 1993, 2004, 2010 և 2014/15թթ.: Ընդ որում 3-րդ անգամ 2 ռմբարկուներն էլ  թիմակիցներ են:

Հեբեր Արաուխոն դարձավ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկու ճանաչված այլազգի 5-րդ ֆուտբոլիստն իր հայրենակիցներ Մարկոս Պիզելիից, Բրունո Կորեայից, մեքսիկացի Սեսար Ռոմերոյից և իվուարցի Ժան Ժակ Բուգուհիից հետո:

Հեբեր Արաուխոն «Ալաշկերտի» 2-րդ ֆուտբոլիստն է, ով արժանանում է «Ոսկե խաղակոշիկին»: Առավել հաճախ՝ 11 անգամ դափնեկիր են դարձել փյունիկցիները: 4 անգամ լավագույն ռմբարկու են ճանաչվել «Բանանցի», 3-ական՝ «Արարատի», «Շիրակի» և «Ալաշկերտի, 2՝ Արարատի «Արաքսի» (նախկին «Ցեմենտի») ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ դափնեկիր են դարձել Արտաշատի «Դվինի», «Կիլիկիայի», «Ուլիսի», «Իմպուլսի» ֆուտբոլիստները:

Հետաքրքիր է, որ միայն 11 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները:

Ընդհանուր առմամբ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին են արժանացել 22 ֆուտբոլիստներ: Առավել հաճախ` 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանն ու Մարկոս Պիզելին:

Ահա թե ովքեր են դարձել ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուներ տարբեր տարիներին:

Թվական Ռմբարկուն Ակումբը Գոլ Խաղ Միջինը
1992 Վահե Յաղմուրյան «Արարատ» 38 29 1,31
1993 Անդրանիկ Հովսեփյան

Գեղամ Հովհաննիսյան

«Բանանց»

ՀՄԸՄ

26

26

25

27

1,04

0,96

1994 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 26 1,50
1995 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 12 10 1.20
1995/96 Արա Ադամյան «Արագած», «Շիրակ» 28 20 1,40
1996/97 Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 24 21 1,14
1997 Արթուր Պետրոսյան «Շիրակ» 18 17 1,05
1998 Արա Հակոբյան «Դվին» 20 20 1
1999 Շիրակ Սառիկյան «Ցեմենտ» 21 24 0,87
2000 Արա Հակոբյան «Արաքս» 21 19 1,10
2001 Արման Քարամյան «Փյունիկ» 21 19 1,10
2002 Արման Քարամյան «Փյունիկ» 36 21 1,76
2003 Արա Հակոբյան «Բանանց» 45 24 1,87
2004 Էդգար Մանուչարյան

Գալուստ Պետրոսյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21

21

22

24

0,95

0,87

2005 Նշան Էրզրումյան «Կիլիկիա» 18 23 0,78
2006 Արամ Հակոբյան «Բանանց» 25 27 0,92
2007 Մարկոս Պիզելի «Արարատ» 22 26 0,87
2008 Մարկոս Պիզելի «Արարատ» 17 29 0,58
2009 Արթուր Քոչարյան «Ուլիս» 15 26 0,57
2010 Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16

16

24

26

0,66

0,61

2011 Բրունո Կորեա «Բանանց» 16 26 0,61
2012/13 Նորայր Գյոզալյան «Իմպուլս» 22 41 0,53
2013/14 Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 17 28 0,60
2014/15 Սեսար Ռոմերո

Ժան Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21

21

25

25

0,84

0,84

2015/16 Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16

16

22

26

0,72

0,61

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ