Մարմնամարզության Հայաստանի առաջնության արդյունքում հայտնի դարձավ հավաքականի կազմը առաջիկա մրցաշարերի համար

Մարտի 9-11-ը Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացավ մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը գոհ էր տղաների ելույթներից. «Որպես մասնագետ համեմատում եմ մեր ժամանակվա և այսօրվա մարզիկների վարժությունները, այս տղաները շատ հաջող մասնակցեցին: Նրանց օգտագործած տարրերը տարբեր վարժություններում պետք է, որ նրանց միջազգային ասպարեզում հաջողություններ բերեն: Շատ ուրախ եմ տղաների համար, ու սպասում ենք առաջիկա մրցումներին նրանց հաջողություններին:

Albert Azaryan

Այս առաջնության արդյունքում որոշվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի հավաքականի կազմը: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ Եվրոպայի առաջնությանը կմասնացեն մեկ երիտասարդ` Արթուր Ավետիսյանը և բազմամարտի մեր թիմը` Արթուր Դավթյան, Վահագ Դավթյան, Արթուր Թովմասյան, Հարություն Մերդինյան: Աշխարհի գավաթին կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագ Դավթյանը և Արթուր Թովմասյանը, ովքեր հանդես կգան առանձին վարժություններով:

Հայաստանի հավաքականի մարզիչը ընդհանուր առմամբ գոհ էր առաջնությունից: Այն գրեթե ամբողջությամբ անցել է ըստ իրենց սպասվածի: Նա հատուկ անդրադարձավ նաև օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հարություն Մերդինյանի ելույթին. «Մերդինյան Հարությունի համար պատրաստել էինք բարդ վարժություն, առաջին օրն էլ, երկրորդ օրն էլ կատարեց, երկրորդ օրը` ավելի որակով: Վարժությունն ավելի ենք բարդացնելու առաջիկա մրցումներին, որից հետո նոր որոշում կկայացնենք օլիմպիական խաղերի համար: Բայց այսօր նա ցույց տվեց, որ կարող է, երեք տասնորդականով ավելի բարդ վարժություն կատարեց, ինչը մեզ համար մեծ ուրախություն է»:

Հարություն Մերդինյանը ևս գոհ էր իր արդյունքից. «Նոր վարժություն փորձեցի, նորմալ էր, կարողացա կատարել առաջադրանքը: Տարրը դեռ երկար չէ, որ փորձում էի, բայց ստացվեց: Մնում է, որ Աշխարհի գավաթի խաղարկությանն ընդառաջ հղկեմ ու լավ մարզավիճակում հասնեմ մինչև Օլիմպիական խաղեր: Ինչքան մրցաշարեր կան այս տարի, ամեն ինչ ծառայեցնելու ենք Օլիմպիական խաղերին, որպեսզի մարզավիճակ հավաքենք ու լավ նախապատրաստվենք: Գերնպատակը դա է»:

Harutyun Merdinyan

Օլիմպիական ուղեգրի համար պայքարում է նաև Արթուր Դավթյանը, ով այս առաջնությունում շատ հաջող հանդես եկավ` դառնալով բազմամարտի, ինչպես նաև երեք առանձին` հենացատկերի, պտտաձողի և զուգափայտերի վրա վարժությունների Հայաստանի չեմպիոն: Աշխարհի գավաթից հետո, ապրիլի կեսին նա մեկնելու է Ռիո` մասնակցելու թեստ-իվենտին, որտեղ կարող է վերջապես նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: «Գոհ եմ արդյունքներից: Բոլորս էլ կարողացանք կատարել այն վարժությունները, որոնք նախապատրաստել էինք: Առաջնայինն այն է, որ կարողացանք մարզավիճակ հավաքել, տարին նոր է սկսվել, ու դա շատ կարևոր է: Առաջիկայում Աշխարհի գավաթն է, որից հետո գլխավոր նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է»,-նշեց Արթուրը:

Նշենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա մարտի 25-27-ը Քաթարում: Հայաստանի հավաքականը երեկ մեկնել է Դոհա, որտեղ մինչև մրցաշարը ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Albert Azaryan
Artur Davtyan
Artur Davtyan marmnamarzik
Harutyun Merdinyan VMAG
Harutyun Merdinyan
Albert Azaryan
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ