Լևոն Վահրադյան. «Մեր նպատակն է դաստիարակել ֆիզիկապես առողջ սերունդ, որը գիտակցաբար կզբաղվի սպորտով»

Թե ինչ կարևոր նշանակություն ունի ֆիզիկական դաստիարակությունը հայ երեխաների ու պատանիների համար, բոլորն են գիտակցում: Սպորտով զբաղվելու և առողջ կենսակերպ վարելու գաղափարը նրանք պետք է ընդունեն գիտակցաբար: Այս գործում մեծ դեր է վերապահված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչությանը, որի առաքելությունն է մշակել այնպիսի նախագծեր ու վարել այնպիսի քաղաքականություն, որ ունենանք ֆիզիկապես առողջ, սպորտով հետաքրքրվող և զբաղվող սերունդ: Իրականացված ծրագրերի, մասսայական սպորտի 2017թ. միջոցառումների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք վարչության պետ Լևոն Վահրադյանի հետ:

– Պարոն Վահրադյան, ինչպես կգնահատեք այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

– Ասեմ որ, թե այս, թե նախկին տարիներին կատարած աշխատանքները հիմք են հանդիսացել հետագա առաջխաղացումն և զարգացումն ապահովելու համար: Այս տարի մենք հաջողությամբ իրականացրել ենք բյուջեից ֆինանսավորվող թվով յոթ ծրագիր: Եթե դժվարություններ էլ եղել են, ապա դրանք արագ հաղթահարվել են: Ինչպես ասում են, չլուծվող խնդիրներ չկան, պետք է ունենալ կամք և հետևողականություն:

-Այժմ խոսենք գալիք 2017թ. ծրագրերի մասին:

-Նշեմ, որ հաջորդ տարում մենք գոյություն ունեցող յոթ ծրագրերին ավելացրել ենք ևս վեցը, որոնք կրում են հանրապետական բնույթ: Նախարարությանը հատկացված բյուջեի զգալի մասը, կարելի է ասել, ընկել է մեր վարչության ուսերին: Առանձնացնեմ հատկապես ուսանողական սպորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումն ու ներդրումը: Նախարարի հանձնարարականով ներկայացրել ենք ծրագրեր կապված ուսանողական լիգաների ստեղծման հետ: Վեց մարզաձևերում անցկացվելու են ուսանողական առաջնություններ՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս և հնգամարտ, հրաձգություն: Այս մրցումները, վստահ եմ, կաշխուժացնի ուսանողների սպորտային կյանքը:

Ծրագրեր են նախատեսել նաև դպրոցականների համար: Անցկացնելու ենք սպարտակիադաներ 3 տարիքային խմբերում՝ 1-ից 3-րդ, 4-րդից 7-րդ և 8-րդից մինչև 12-րդ դասարանների երեխաների համար: Մասնագետների անմիջական մասնակցությամբ այս խմբերի համար ընտրվել են տարբեր ծանրաբեռնվածության մրցումներ:

-Իսկ ի՞նչ այլ թիրախային խմբեր են ընտրված սպորտի մասսայականացման նոր քաղաքականության մեջ:

-Նախատեսել ենք գյուղական համայնքների համար ծրագրեր, որոնք իրականացնելու ենք ամբողջ Հայաստանի տարածքով և Արցախում: Ներառված են ինչպես իմ նշած դպրոցական տարիքային խմբերը, այնպես են մեծահասակները: Ճիշտ է, մենք այդ համայնքներում հարուստ չենք սպորտային բազաների առումով, բայց ընտրել ենք այնպիսի մարզաձևեր, որոնք մատչելի կլինեն թե մասնակիցների, թե կազմակերպիչների, այսինքն նախարարության համար:

Հատուկ ծրագրեր ունենք նաև հաշմանդամների համար, որոնք նպաստում են նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, թույլ են տալիս բացահայտել այն մարդկանց, ովքեր կկարողանան պրոֆեսիոնալ կերպով զբաղվել սպորտով և, ինչու չէ, հետագայում համալրել Պարալիմպիկ խաղերի Հայաստան հավաքականի կազմը: Նշեմ, որ այս տարվա Ռիոյի Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին ամբողջությամբ ֆինանսավորել է կառավարությունը:

-Արդյո՞ք անցել են այն ժամանակները, երբ մենք ունեինք ֆիզիկապես թույլ զարգացած երեխաներ ու պատանիներ:

-Իհարկե: Ներկայիս սերունդը լավ գիտակից է, ունի հնարավորություն ընտրություն կատարելու տարբեր մարզաձևերի միջև: Ավելի շատ է զբաղվում սպորտով, ինչի արդյունքն էլ ֆիզիկապես առողջ և կոփված լինելն է: Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, թե ինչի են ընդունակ մեր երիտասարդները, ինքան են գիտակից ու պատրաստված:

-Պարոն Վահրադյան, ֆիզիկական դաստիարակության ծրագրերով զբաղվում է նաև կրթության նախարարությունը, իսկ դպրոցներն ու մարզադպրոցները հիմնականում մարզային ընթակայության տակ են: Ինչպե՞ս եք համագործակցում:

-Մեր հանրապետությունում կա մոտ 175 մարզադպրոց, որից միայն 25-ն է պատկանում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Մարզային կառույցների հետ որևէ խնդիր չի լինում, մասսայական միջոցառումներն իրականացնում ենք մարզպետարանների ու ՏԻՄ-երի հետ, շատ ներդաշնակ համագործակցում ենք:

Իսկ վերջերս մեր և կրթության ու գիտության նախարարությունների միջև փոխհամագործակցության հուշագիր ստորագրվեց՝ նախարարների մակարդակով: Սա ևս ապացուցում է, որ բոլոր մարմիններն են շահագրգռված, որ ֆիզիկական դաստիարակությունը և մասսայական սպորտը ճիշտ ուղղությամբ զարգանա:

Սերտ համագործակցում ենք տարածքային զարգացման, առողջապահության նախարարությունների և ոստիկանության հետ՝ մասսայական միջոցառումներն անվտանգ և անվնաս անցկացնելու առումով:

-Բացի պետական միջոցառումներից կա՞ն հովանավորչական ծրագրեր՝ ուղղված սպորտի մասսայականացմանը:

-Այո, իհարկե: Բացի պետական բյուջեով ֆինանսավորվող նախագծերից, ունենք հովանավորչությամբ անցկացվող միջոցառումներ: Օրինակ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում կանանց և անչափահասների շրջանում անցկացվել է մարզական միջոցառում: Դուք էլ կկարևորեք, թե որքան անհրաժեշտ է նման մրցումների անցկացումը: Դպրոցներում անցկացրել ենք սպորտակիադաներ՝ նվիրված Անկախության 25 ամյակին և այլն:

Տեղյակ եմ, որ այս պահին Վիվառոյում անցկացվում է ֆուտզալի ներքին առաջնություն: Խրախուսում ենք Ձեր ընկերության մարզական նախաձեռնությունները և հուսով ենք կգտնենք համագործակցության եզրեր: Այնպես որ, մեզ և Ձեզ բարի երթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ