Լաերսիո.«Շատ եմ ափսոսում, որ չմասնակցեցի Եվրոպա լիգային, բայց ես ունեի իմ պատճառները»

Վիվառո Նյուզը նոր մրցաշրջանին ընդառաջ զրուցել է «Բանանցի» առաջատար Լաերսիո Գոմես Կոստայի հետ, ով երկարատև բանակցություններից հետո կրկին վերադարձել է ակումբ:

-Ողջո՛ւյն Լաերսիո, բարի՛ վերադարձ Հայաստան:

-Շնորհակալություն (պատասխանում է հայերեն՝ խմբ.):

-Ձեր կարիերայի ընթացքում 8 թիմ եք փոխել, ու ամենաշատ հանդիպումները «Ավայի» ակումբից հետո անցկացրել եք «Բանանցում»: Հիմա կրկին այստեղ եք: Ի՞նչ է «Բանանցը» Ձեզ համար:

-Այո, բավականին շատ թիմեր եմ փոխել, Բրազիլիայում արդեն 7 թիմում խաղացել եմ: Ամենաերկար ժամանակն անցկացրել եմ «Ավայի» թիմում, նախ մանկապատանեկան թիմում երեք տարի, ապա ևս երեքը պրոֆեսիոնալ թիմում: Սակայն «Բանանցը» այն թիմն է, որտեղ ամենաշատ հանդիպումներն եմ անցկացրել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Շատ եմ հավանում «Բանանցը», յուրահատուկ զգացմունքներ ունեմ այս ակումբի նկատմամբ: Որոշ ժամանակ Բրազիլիայում էի, որովհետև մշակում էինք նոր պայմանագիր, որը հարմար կլիներ և՛ ինձ, և՛ ակումբին: Բայց հիմա վերադարձա, որովհետև սիրում եմ ակումբը, աշխատողներին և ֆուտբոլիստներին:

-Ի՞նչն էր Ձեր հեռանալու պատճառը, չէ որ «Բանանցը» շատ մեծ նպատակներ ուներ:

-Պատճառը շատ պարզ էր՝ պայմանագիրս ավարտվել էր, չէի կարող առանց պայմանագիր խաղալ: Բնականաբար, նոր համաձայնագիրը պետք է ավելի լավ պայմաններ ունենար ինձ համար, և դրա շուրջ բանակցություններ ունեցանք: Ակումբի առաջարկած նախնական պայմանագրին չհամաձայնեցի, քանի որ պետք է հաշվի առնել, որ միայն իմ հաճույքի համար չեմ խաղում, ընտանիք ունեմ, որի բարեկեցությունը պետք է ապահովեմ: Հենց այդ պատճառով չկարողացա մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղերին: Սակայն, ամենակարևորն այն է, որ հիմա համաձայնության ենք հասել, և ես վերադարձել եմ «Բանանց»:

-Գավաթի եզրափակչից հետո տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Բրազիլիայից առաջարկ ունեիք:

-Բրազիլիայում ինձ պայմանագիր առաջարկեց երկրորդ դիվիզիոնի ակումբներից մեկը, սակայն պայմաններն ինձ դուր չեկան: Կարծում եմ՝ Հայաստանում ակումբների վիճակն ավելի լավ է, քան Բրազիլիայում, այնտեղ վիճակը շատ անկայուն է: Ո՛չ ես, ո՛չ ընտանիքս չցանկացանք մնալ այնտեղ: Հայաստանում ավելի լավ է, ես ու կինս ճանաչում ենք երկիրը, քաղաքը, և մեզ շատ դուր է գալիս:

-«Բանանցի» համար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը Եվրոպա լիգայում ելույթն էր: Չե՞ք ափսոսում, որ չկարողացաք օգնել թիմին ավելի լավ արդյունքի հասնել:

-Շատ լավ գիտեմ, թե ինչ կարևոր էին այդ խաղերը «Բանանցի» համար, ու չեմ խաբի՝ ես շատ կուզենայի մասնակցել այդ հանդիպումներին, շատ եմ ափսոսում, որ չստացվեց: Բայց պետք է հաշվի առնել, որ ես ունեի իմ պատճառները, ու մարզիչն ու տնօրինությունն այդ մասին տեղյակ էին: Այս տարի ամեն ինչ կանեմ, որպեսզի կրկին եվրագավաթներում հանդես գալու ուղեգիր նվաճենք, ու այս անգամ արդեն հաստատ կմասնակցեմ այդ հանդիպումներին, քանի որ նոր պայմանագրով դա արդեն նախատեսված է:

-Ձեր վերադարձի հետ կապված բանակցությունները նախապես անհաջող էին ընթացել: Ինչպե՞ս ստացվեց, որ ի վերջո վերադարձաք: Արդյո՞ք ակումբը բավարարեց Ձեր բոլոր պահանջները:

-Այո, նախնական պայմանագրում ամեն ինչ չէ, որ ինձ բավարարում էր: Բայց հետո ակումբն իր հնարավորության սահմաններում արեց ամեն ինչ, ինչ խնդրել էի: Ի վերջո, և՛ ես, և՛ ակումբը հարմարվել ենք փոխադարձ պահանջներին և նոր համաձայնություն ենք կնքել:

Լաերսիոն նոր պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ

-Արդեն մեկ մրցաշրջան անցկացրել եք Հայաստանի առաջնությունում ու հիմա նորից վերադառնում եք: Ինչպիսի՞ զգացում է դա Ձեզ համար:

-Շատ ուժեղ զգացողություններ ունեմ ու շատ մեծ ցանկություն՝ խաղալու և գոլեր խփելու: Երկար ժամանակ էի Բրազիլիայում, ու կարոտել էի ֆուտբոլը: Հաղթելու մեծ ցանկություն ունեմ, ու դրա համար շատ եմ մարզվում: Թիմակիցներիս հետ ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Բանանցին» հաղթանակներ պարգևենք ու երկրպագուներին ուրախացենք:

-Հայաստանում ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էիք, ինչպես նաև նախորդ առաջնության երկու հեթ-տրիքներից մեկի հեղինակը: Արդյո՞ք այդքան հեշտ է գոլ խփել Հայաստանի առաջնությունում:

-Ո՛չ, շատ դժվար է, այստեղ շատ լավ պաշտպաններ ու դարպասապահներ կան: Բայց այս տարի ավելի լավ եմ մարզվելու, ու թիմակիցներիս հետ մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի միայն ես չլինեմ գլխավոր ռմբարկու, այլ նրանք ևս շատ գոլեր խփեն: Թիմային աշխատանքով պետք է շատ գոլեր խփենք: Հուսով եմ՝ այս տարի 2-3 հեթ-տրիք կգրանցեմ, ու ավելի շատ գոլեր կխփեմ:

-Թիմակիցներից ո՞ւմ հետ եք ավելի լավ համագործակցում:

-Իրականում, կարևոր չէ, թե ով կլինի, կարևորը, որ ֆուտբոլիստները ցանկություն ունենան թիմային խաղալու: Օրինակ, Ացամազ Բուրաևի հետ հաջող համագործակցում էի, Զավեն Բադոյանի հետ ևս շատ լավ է ստացվում:

-Ո՞ր ակումբների դեմ խաղերն են հատկապես դժվար ստացվում Ձեզ համար:

-Բոլորի հետ էլ դժվար է, բայց կարող եմ առանձնացնել երեք թիմերի, որոնց դեմ հատկապես դժվար է՝ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Գանձասար-Կապանը»: Այս թիմերում պաշտպանները բարձրահասակ են, ամրակազմ, հարուստ փորձ ունեն: Չգիտեմ՝ ինչ փոփոխությունների են ենթարկվել թիմերն այս տարի, բայց նախորդ առաջնությունում պատկերն այդ էր:

-Այս տարվա առաջնությունում ընդամենը 6 թիմ է խաղալու: Անսովոր չէ՞ այս ձևաչափը Ձեզ համար:

-Այո, ճիշտն ասած շատ անսովոր է, առաջին անգամ եմ նման լիգայում խաղալու: Բայց քիչ թիմեր ունենալը չի նշանակում, որ առաջնությունում հեշտ է լինելու: Բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն իրենց կազմերում, ու կարծում եմ՝ բավականին բարդ առաջնություն է ստացվելու:

-Ձեզ մոտ շատ լավ է ստացվում տուգանային  հարվածներն իրացնելը: Հատուկ փորձարկու՞մ եք դրանք մարզումների ժամանակ ու ո՞ր համաշխարհային աստղի ոճն եք փորձում կիրառել:

-Այո, շատ տեսանյութեր եմ նայում, հատկապես Նեյմարի ու Ռոնալդինյոյի հարվածները շատ եմ հավանում: Բայց իմ ոճը տարբեր է: Փորձում եմ նրանց տեխնիկան հարմարացնել իմ սեփական ոճին: Նախորդ մրցաշրջանում շատ էինք փորձարկում տուգանայինները և ստանդարտ դիրքերը, կարծում եմ, այս տարի ևս աշխատելու ենք այդ ուղղությամբ:

-Իսպանական մարզչական խմբի դավանած ֆուտբոլն արդյո՞ք համահունչ է բրազիլացի ֆուտբոլիստի խաղաոճին:

-Այո, քանի որ նրանց մարզելու և խաղալու ոճը նման է բրազիլականին: Նրանք նույնպես նախընտրում են ինտենսիվ մարզումներ, որպեսզի ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ լինեն խաղերին: Բացի այդ, մեր միջև լեզվական խնդիր չկա, իրար շատ լավ ենք հասկանում:

-Նախորդ տարի նվաճեցիք գավաթը, այս տարի ավելի մեծ սպասելիքներ կան թիմից: Ինչքանո՞վ է դա պարտավորեցնող:

-Իմ սպասելիքներն էլ շատ մեծ են: Մենք պայքարելու ենք չեմպիոն դառնալու համար, ու դրա համար նոր ֆուտբոլիստներ ունենք: Պետք է լավ մարզվենք, ու ամեն ինչ անենք ոչ միայն Գավաթը, այլ նաև առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:

Laercio-Banants

-Ձեզ դո՞ւր է գալիս Հայաստանը: Ֆուտբոլից զատ ինչո՞վ եք զբաղվում այստեղ:

-Շատ-շատ բաներով եմ զբաղվում ազատ ժամանակ: Առավոտյան, երբ կինս դեռ քնած է, համակարգչային խաղեր եմ խաղում: Շատ ենք սիրում միասին զբոսնել Երևանում, կինս շատ սիրելի ռեստորաններ ունի այստեղ, էլ չասեմ շոփփինգը, պարբերաբար շրջում ենք խանութից խանութ և գնումներ կատարում: Իմ սիրելի զբաղմունքներից մեկն էլ կինոթատրոն հաճախելն է, բայց ափսոս, այստեղ դա անել չեմ կարող, որովհետև լեզուն չեմ հասկանում: Այցելել ենք նաև կենդանաբանական այգի, ժամանակ առ ժամանակ լողավազան ենք հաճախում: Երբ մարզումներից ազատված եմ լինում, սիրում եմ գնալ նաև Խոր Վիրապ: Հուսով եմ, այս տարի հնարավորություն կունենամ նաև Սևան գնալ ու բացահայտել Տաթևի վանքը:

-Ի՞նչն է Ձեզ հատկապես տպավորել հայերի մեջ:

-Շատ լավ բաներ կարող եմ ասել հայերի մասին: Առաջին հերթին՝ հարգանքը, որ տածում են ուրիշների նկատմամբ: Օրինակ, շատ է պատահել, որ հարևաններն ինձ տարբեր հարցերով օգնել են: Մի քիչ խնդրահարույց են հայ տաքսու վարորդները, իսկ մնացածից շատ լավ տպավորություններ ունեմ: Եթե դուր չգար այս մթնոլորտում ապրելը, բնականաբար, չէինք վերադառնա: Այստեղ բոլորը շատ հանգիստ են, հարգանքով: Կինս ևս շատ հավանում է հայերին:

-Փաստորեն, հաճախ եք այցելում ռեստորաններ: Ի՞նչ ճաշատեսակներ եք համտեսել Հայաստանում:

-Կինս ոչ մի հայկական ուտեստ չի հավանում, նա սիրում է բրազիլական խոհանոցը: Իսկ ես շատ եմ սիրել Ձեր լավաշը, 20 հատ միանգամից կարող եմ ուտել: Հավանում եմ նաև ձկնեղենը, միսը, բանջարեղենը, այստեղ շատ համեղ աղցաններ եմ համտեսել: Երբեք աղցանների նման տեսականի չեմ հանդիպել, եթե կարողանամ, հետս Բրազիլիա էլ կտանեմ:

-Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

-Մանկությանս կուռքերից կարող եմ նշել Ռոնալդոյին, Ռոմարիոյին, Ռոնալդինյոյին և Զիդանին: Թեև իմ խաղաոճը Զիդանինից տարբերվում է, բայց նրան շատ եմ հավանում: Ժամանակակից ֆուտբոլիստներից, բնականաբար, կնշեմ Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսիին, նրանք այժմ լավագույններն են աշխարհում: Նախկինում միշտ ակտիվ հետևում էի բոլոր խաղերին, մասնավորապես միշտ դիտում էի Բրազիլիայի հանդիպումները: Իսկ ակումբներից հավանում եմ «Բարսելոնային»:

-Բրազիլիայի ո՞ր տարիների հավաքականն է Ձեզ հատկապես տպավորել:

-2002թ. թիմն իմ կարծիքով լավագույնն էր, որ Բրազիլիան երբևէ ունեցել է: Դրանից հետո այլևս չկարողացանք չեմպիոն դառնալ: Այնպիսի աստղեր էին խաղում, ինչպիսիք էին Ռոնալդոն, Ռիվալդոն, Ռոնալդինյոն: Երանի Բրազիլիան կրկին ունենա այդպիսի ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ դժվար կլինի կրկնել այդ հաջողությունը: Տխուր եմ այսօրվա մեր հավաքականի վիճակի համար: Բայց եթե համեմատենք, այն ժամանակվա թիմից Ռոնալդինյոն՝ 3, Ռոնալդոն՝ 2, իսկ Ռիվալդոն՝ 1 անգամ ճանաչվել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ այսօրվա թիմից, Նեյմարն ընդամենը մեկ անգամ մտել է լավագույն եռյակ, ուստի համեմատությունը պարզ է: Որպես երկրպագու կասեմ, որ Բրազիլիայի 2002թ. հավաքականը լավագույնն էր:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ