Քառորդ դարում 4 անգամ կրճատվել է առաջնության մասնակիցների թիվը

Օգոստոսի 6-ին «Շիրակ» – «Փյունիկ» և «Բանանց» – «Արարատ» հանդիպումներով կտրվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 25-րդ առաջնության մեկնարկը: Արդեն քառորդ դար է, ինչ անցկացվում են ՀՀ առաջնությունները: Ցավով պետք է փաստել, որ այդ ընթացքում բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը ուղիղ 4 անգամ կրճատվել է և ներկայումս ասպարեզում մնացել է ընդամենը 6 թիմ:

Անցած 25 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլային ակումբների մեծամասնությունը բարգավաճելու և հզորանալու փոխարեն հայտնվեց ֆինանսական ծանր պայմաններում, որի հետևանքով լուծարվեց: Դրա հիմնական պատճառներից մեկը ֆուտբոլի նկատմամբ պետական հոգացության իսպառ բացակայությունն է, մարզաձևում ներդրումներ կատարող նվիրյալ անձանց թվաքանակի և նրանց ֆինանսական հնարավորությունների խիստ սահմանափակությունն է: Այս ամենի արդյունքում տարեցտարի հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում, զգալիորեն իջել է թիմերի խաղամակարդակը, որի արդյունքում ՀՀ առաջնությունների նկատմամբ հետաքրքրությունն էլ նվազել է:

Հոբելյանական առաջնության շեմին «Վիվառո Նյուզն» իր ընթերցողներին առաջարկում է մի հետադարձ հայացք նետել հայկական ֆուտբոլի տարեգրությանը և վերհիշել, թե ինչպիսի պայմաններում ընթացավ 1992թ. Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունը:

15 քաղաքների 24 թիմեր  ՀՀ անդրանիկ առաջնության բարձրագույն խմբում

Մինչև Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությանն անդրադառնալը, ներկայացնենք հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը մրցաշրջան-91-ի ավարտից հետո: Հանրապետության ֆուտբոլային դրոշակակիր Երևանի «Արարատը» Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ԽՍՀՄ բարձրագույն խմբի 54-րդ առաջնությունում 16 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

Աբովյանի «Կոտայքն» առաջին խմբում 22 թիմերի մրցապայքարում 17-րդն էր: Մինչև հունիս թիմը գլխավորել էր Արկադի Անդրեասյանը, որից գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Սամվել Պետրոսյանը: Երևանի «Արարատ-2-ը» (գլխավոր մարզիչ՝ Սամվել Ղասաբօղլյան) և Վանաձորի «Լոռին» (գլխավոր մարզիչ՝ Օնիկ Զորավարյան) չափազանց անհաջող էին հանդես եկել 2-րդ խմբի բուֆերային գոտում՝ զբաղեցնելով վերջին՝  21-րդ և 22-րդ տեղերը:

Հայաստանի առաջնությանը 2-րդ խմբի 2-րդ գոտում մասնակցել էին 20 թիմեր, որոնցից երկուսը («Արցախ», «Երազանք») ներկայացնում էին Ստեփանակերտը: Հանրապետության չեմպիոն էին հռչակվել Ֆելիքս Վերանյանի սաները՝ Կապանի «Սյունիքի» ֆուտբոլիստները:

Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշվեց անցկացնել անկախ Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունը, մրցաշարին մասնակցելու թիմերի ցանկությունն ու ոգևորությունը շատ մեծ էր: Ուստի զարմանալի չէ, որ բարձրագույն խմբում ընդգրկվեցին 24, առաջինում՝ 20 թիմեր: Բարձրագույն խմբի 24 թիմերից 9-ը ներկայացնում էին Երևանը, մյուսները՝ հանրապետության մյուս մարզերի քաղաքները՝ Գյումրին, Վանաձորը, Աբովյանը, Էջմիածինը, Արմավիրը, Աշտարակը, Դիլիջանը, Ապարանը, Սևանը, Մարտունին, Նոյեմբերյանը, Ալավերդին, Կապանը, Եղվարդը: Հանրապետության փորձառու ֆուտբոլային կոլեկտիվների կողքին հայտնվեցին նաև նորաստեղծ թիմեր՝ ՀՄԸՄ-ն, «Բանանցը», «Վանը» և «Կիլիկիան»:

Մրցակարգի համաձայն, առաջնությունն անցկացվեց երկու փուլով: Նախնական փուլում բարձրագույն խմբի 24 թիմերը բաժանվել էին երկու ենթախմբի, որոնցում երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի արդյունքներով լավագույն ցուցանիշներ ունեցող 6-ական թիմերը վաստակած «ոսկե» միավորներով հաջորդ փուլում պայքարը շարունակելու էին առաջնության պարգևների համար: Նույն մրցակարգով 2-րդ փուլում 13-24-րդ տեղերը վիճարկող ակումբները պայքարելու էին բարձրագույն խմբում տեղը պահպանելու հնարավորություն տվող 3 ուղեգրերի համար: Նույնպիսի մրցակարգով առաջին խմբի 20 թիմերը պայքարելու էին բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար: Այնպես որ, 1993թ. բարձրագույն խմբի առաջնությունում պետք է հանդես գային 16 թիմեր:

«Արարատը»  մնաց առանց պարգևների

Մինչև առաջնության մեկնարկը շատերն այն կարծիքին էին, թե ԽՍՀՄ առաջնությունների բովով անցած Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները մրցակցությունից դուրս կլինեն և նրանցից առանձնակի ջանքեր չեն պահանջվի ազգային անդրանիկ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Գուցե նման կարծիքի էին նաև արարատցիները: Սակայն ոչ միայն «Արարատը», այլև հանրապետության մյուս փորձառու վարպետ թիմերը՝ «Շիրակը», «Կոտայքը», «Սյունիքը» հանդիպեցին համառ դիմադրության հատկապես ՀՄԸՄ-ի և «Բանանցի» կողմից:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մրցաշրջան-91-ից հետո «Արարատից» հեռացել էին առաջատար մի քանի ֆուտբոլիստներ: Թիմի ավագ, 32-ամյա Աշոտ Խաչատրյանը մեկնել էր Ֆրանսիա, 31-ամյա Բաբկեն Մելիքյանը ելույթները շարունակում էր Լիբանանի ՀՄՄ-ում: Իրեն լավագույն կողմերով դրսևորած 23-ամյա պաշտպան Սարգիս Հովհաննիսյանն էլ հրավիրվել էր Մոսկվայի «Դինամո»՝ դառնալով ՌԴ առաջնությունում հանդես եկած հայաստանցի առաջին ֆուտբոլիստը: «Արարատի» մեկ այլ առաջատար ֆուտբոլիստ՝ 24-ամյա Երվանդ Սուքիասյանը տեղափոխվել էր Կիևի «Դինամո», իսկ 31-ամյա Պողոս Գալստյանը նախընտրել էր կրել ՀՄԸՄ-ի մարզաշապիկը: Այս ամենի արդյունքում «Արարատն» առաջնությունում նույնիսկ մրցանակակիր չդարձավ:

QI67lJiZo8A

«Բանանցը» հանրապետության առաջին գավաթակիր

Ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը տրվեց ապրիլի 4-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած «Նաիրի»-«Սյունիք» գավաթային հանդիպումով, որում լրացուցիչ ժամանակում հյուրերը 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին: Գավաթի 1/16 եզրափակիչ հանդիպումներից ամենախոշոր հաշվով հաղթանակը (12:1) գրանցվեց «Արարատի» օգտին, որն առավելության հասավ «Հաճընի» նկատմամբ: Այդ խաղում արարատցի Վահե Յաղմուրյանը յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ իր օգտին գրանցելով 5 գնդակ: Սակայն հաջորդ փուլում արարատցիները դուրս մնացին գավաթային պայքարից՝ սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելով նորաստեղծ «Բանանցին»: Վերջինս Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաջողությամբ հաղթահարելով նաև «Կիլիկիայի» (2:1, 0:0) և «Վանի» (4:1, 2:1) դիմադրությունը, մտավ եզրափակիչ:

Գավաթի վճռորոշ խաղում «Բանանցի» մրցակիցը մեկ այլ նորաստեղծ թիմ էր՝ ՀՄԸՄ-ն, որի ղեկը ստանձնել էր «Արարատի» նախկին ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, 37-ամյա Խորեն Հովհաննիսյանը՝ հանդես գալով խաղացող-մարզչի կարգավիճակով ու կատարելով նաև թիմի դիսպետչերի պարտականությունները: 1990-1991թթ. նա հանդես էր եկել Տաշքենդի «Պախտակորում», որտեղ ծանր վնասվածք էր ստացել: Սիմֆերոպոլի «Տավրիան» նրան գլխավոր մարզչի պաշտոն էր առաջարկել, սակայն Խորեն Հովհաննիսյանը նախընտրել էր վերադառնալ Հայաստան ու գլխավորել նորաստեղծ ՀՄԸՄ-ն:

Ի տարբերություն «Բանանցի», որում հիմնականում փորձառու ֆուտբոլիստներ էին հանդես գալիս, ՀՄԸՄ-ում հիմնականում ընդգրկված էին Մալաթիայի ֆուտբոլի մարզադպրոցի պատանի ֆուտբոլիստները:

Մայիսի 28-ին «Հրազդանում» կայացած «Անկախության գավաթի» եզրափակիչ խաղում «Բանանցի» ֆուտբոլիստների փորձառությունը վճռորոշ դեր խաղաց: Արա Նիգոյանի և Աշոտ Ավետիսյանի խփած գոլերը հաղթանակ պարգևեցին «Բանանցին», որը դարձավ անկախ Հայաստանի առաջին գավաթակիրը:

Բարձր արդյունավետություն և թեժ կրքեր անորակ խաղադաշտերում

Առաջնության մեկնարկից երկու ենթախմբերում էլ անհաշտ մրցապայքար ծավալվեց լավագույն վեցյակում տեղ զբաղեցնելու համար: Տարբեր խաղամակարդակի և պատրաստվածության 24 թիմերի մրցավեճում մրցակիցներից մեկի առավելությունը հաճախ էր արտահայտվում խոշոր հաշվով, երբեմն էլ՝ նույնիսկ երկնիշ թվով: Նման ելք ունեցան կայացած 400 հանդիպումներից 150-ը: Իսկ ամենախոշոր հաշիվը գրանցվեց հունիսի 11-ին «Հրազդանում» կայացած խաղում, որում արարատցիները 18 անպատասխան գնդակ խփեցին Սևանի «Աղթամարի» դարպասը: Գոլերից 8-ն իր օգտին գրանցեց Վահե Յաղմուրյանը: Երկու ցուցանիշներն էլ մինչ օրս անգերազանցելի են մնացել:

Թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությունը դարձավ առաջնությունում գրանցված չափազանց բարձր արդյունավետության հիմնական պատճառը: 400 խաղում գրանցվեց 1725 գոլ, միջինը՝ 4,31 գոլ մեկ խաղում: 76 անգամ ֆուտբոլիստները մեկ խաղում 3 և ավելի գոլեր խփեցին: Առավել հաճախ՝ 4-ական անգամ նման հաջողության հասան արարատցիներ Վահե Յաղմուրյանն ու Կարեն Մարկոսյանը, «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանը և «Վանի» ռմբարկու Գեղամ Հովհաննիսյանը:

Ֆունկցիոնալ պատրաստվածությամբ հատկապես «կաղում» էին մարզային թիմերը, որոնցից շատերը ոչ միայն մարզումային նորմալ պայմաններ չունեին, այլև ապահովված չէին անհրաժեշտ քանակի մարզագույքով: Եզակի չէին դեպքերը, երբ փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստը հագնում էր փոխարինվողի մարզաշապիկը, որի վրայի համարն այդ պահին հապշտապ կերպով փոփոխում էին ժապավենի միջոցով:

Թիմերի կարգապահությունն էլ անհրաժեշտ բարձր մակարդակի վրա չէր: Մրցավարներն էլ հաճախակի սխալ վճիռներ էին կայացնում, կողմնակալություն էին դրսևորում, ինչը խաղադաշտերում կրքերի բորբոքման պատճառ էր դառնում՝ երբեմն վերածվելով ծեծկռտուքի: Ֆուտբոլիստներն էլ միմյանց նկատմամբ առանձնակի հանդուրժողականությամբ ու հարգանքով աչքի չէին ընկնում: Կրակի վրա յուղ էին լցնում նաև մարզիչները, որոնք հանդիպումներից հետո մրցավարական սենյակում փորձում էին իրենց հարաբերությունները պարզել, երբեմն էլ պարզապես հաշվեհարդար տեսնել մրցավարների հետ:

Լուրջ հիմնախնդիր էր նաև մարզադաշտերի հարցը, որոնց մեծամասնության տրիբունաները կիսաքանդ վիճակում էին,  խաղադաշտերն անհարթ էին, խոտածածկն էլ՝ անորակ: Երևանյան 9 թիմերը մրցակիցներին հյուրընկալում էին ընդամենը 3 մարզադաշտում՝ «Հրազդանում», «Նաիրիում» և Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի խաղադաշտում: Մարզադաշտերի մեծամասնությունում ոչ միայն չէր գործում ռադիոհանգույցը, այլև խաղից հետո ֆուտբոլիստների լողանալու համար տարրական պայմաններ չկային:

Դյուրին չէր նաև մարզական լրագրողների աշխատանքը: Նրանց համար մարզադաշտերում առանձին աշխատատեղեր հատկացված չէին, խաղից հետո էլ մամուլի ասուլիսներ չէին կազմակերպվում: Դժվարություններ էին ծագում խաղերի արձանագրություններից օգտվելիս, քանի որ դրանցում բազում էին սխալներն ու անճշտությունները: Այն ժամանակ գործող կարգի համաձայն խաղից հետո թիմերի մարզիչներն էին արձանագրությունում նշում կատարված փոփոխություններն ու գոլերի հեղինակներին (ֆուտբոլիստի անվան դիմաց նշվում էր խփած գոլերի քանակը՝ առանց րոպեները նշելու, որոնց համար արձանագրությունում հատուկ սյունակ հատկացված չէր), իսկ մրցավարները որպես կանոն չէին հետևում այդ գործընթացին:

Դեռ լավ է, որ հանդիպման տեսուչը պարտավոր էր իր հաշվետվությունում նշել ոչ միայն գոլերի հեղինակներին, այլև գոլերի գրանցման րոպեները: Եվ հաճախ էր պատահում, որ մարզիչների և տեսուչների ներկայացրած տվյալները գոլերի հեղինակների հարցում չէին համընկնում՝ լրացուցիչ դժվարություններ ստեղծելով լրագրողների համար:

Երբեմն էլ որոշ անբարեխիղճ մարզիչներ միտումնավոր իրենց թիմերի ռմբարկուների հաշվին էին գրանցում նրանց խաղընկերների խփած գոլերը՝ ցանկանալով իրենց ֆուտբոլիստին առաջատար դիրքեր դուրս բերել առաջնության լավագույն ռմբարկուի համար մղվող պայքարում:

Չնայած նշված թերություններին, ազգային անդրանիկ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր: Հատկապես առաջատար թիմերի մրցավեճերին տրիբունաները բավականին մարդաշատ էին լինում:

Անսպասելի հանգուցալուծում. երկու չեմպիոն անդրանիկ առաջնությունում

Առաջնությունում մրցանակային տեղերի համար բավականին համառ մրցապայքար էր ծավալվել: Նախնական փուլում առաջին ենթախմբում բոլորից հաջող հանդես եկան «Արարատն» ու «Բանանցը»՝ 37-ական միավորով գլխավորելով աղյուսակը: Նրանցից 4 միավորով հետ մնաց ՀՄԸՄ-ն: 2-րդ ենթախմբում լավագույնը «Շիրակն» էր՝  39 միավոր, որին 4 միավորով զիջեց «Կոտայքը»:

«Շիրակը» լավագույնն էր նաև «ոսկե» միավորների քանակով (19), որով թիմերը սկսելու էին պայքարն առաջնության եզրափակիչ փուլում: Գյումրեցիներին հաջորդում էին ՀՄԸՄ-ն (15), «Բանանցն» (14) ու «Արարատը» (13) : Հենց այս քառյակի միջև էլ անզիջում պայքար ծավալվեց երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Ի դեպ, «Շիրակը» միակն էր, որ առաջնությունում խոշոր հաշվով չպարտվեց:

Ոսկե մեդալների համար մրցավեճում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ նախավերջին տուրում Գյումրիում կայացած «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Այդ պահին առաջատարը «Բանանցն» էր, որին մեկ միավորով էր զիջում «Շիրակը»: Երբ 30-րդ րոպեին շիրակցի Հրաչյա Ավետիսյանը բացեց հաշիվը, «Բանանցի» ֆուտբոլիստները մրցավարից պահանջեցին արձանագրել «խաղից դուրս» վիճակ: Փոխարենը մրցավար Արարատ Ճաղարյանը դաշտից հեռացրեց «Բանանցի» պաշտպան Գևորգ Քամալյանին: Խաղադաշտում կրքերը բորբոքվեցին, իսկ հանդիսականների մի մասը ներխուժեց խաղադաշտ, որի պատճառով հանդիպումը 7 րոպեով դադարեցվեց, մինչև ոստիկանությանը հաջողվեց կարգուկանոն հաստատել:

Ընդմիջումից հետո Սարգիս Կարապետյանն ու Արթուր Պետրոսյանը գրավեցին Գարեգին Նաջարյանի պաշտպանած դարպասն ու «Շիրակին» անչափ կարևոր հաղթանակ պարգևեցին:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Շիրակը» ՀՄԸՄ-ի հետ 35 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Վերջինս 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Կանազի» նկատմամբ: Նոյեմբերի 5-ին կայացած ավարտական տուրում ևս առաջատարները հաղթեցին: «Շիրակը» Երևանում 5 անպատասխան գնդակ խփեց «Նաիրիի» դարպասը, իսկ ՀՄԸՄ-ն սեփական հարկի տակ  3:2 հաշվով առավելության հասավ Աբովյանի «Կոտայքի» նկատմամբ:

Այսպիսով, «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն վաստակեցին հավասար՝ 37-ական միավոր և մրցակարգի համաձայն պետք է նոյեմբերի 11-ին չեզոք դաշտում՝ Արմավիրում վիճարկեին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Գյումրիում բողոքի հսկայական ալիք բարձրացավ: «Շիրակը» կտրականապես հրաժարվում էր Արարատյան դաշտավայրում հանդիպումն անցկացնելուց՝ առաջարկելով խաղալ Դիլիջանում, որին դեմ էր ՀՄԸՄ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված էր գործկոմի երկու նիստ անցկացնել ու քննարկել ստեղծված իրավիճակը: Սակայն լարված մթնոլորտում անցած նիստերի ժամանակ կողմերն այդպես էլ համաձայնության չեկան «ոսկե» խաղի անցկացման վայրի հարցում:

ՀՖՖ-ն ստիպված էր անսպասելի հանգուցալուծում տալ այդ հարցին և արտասովոր որոշում կայացնել՝ 2 թիմերին էլ հռչակելով Հայաստանի չեմպիոններ: Նաև որոշվեց, որ հաջորդ տարվա մայիսի 9-ին Աբովյանում ՀՄԸՄ-ն ու «Շիրակը» պետք է վիճարկեին Հայաստանին տրվելիք չեմպիոնների գավաթի խաղարկության միակ ուղեգիրը:

Բայց «Շիրակը» չներկայացավ հանդիպմանը, որի համար թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն ու նրա օգնական Հայկ Ավետիսյանը պայմանականորեն որակազրկվեցին մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ «Շիրակը» տուգանվեց 100 հազար ռուբլով: Սակայն ՈՒԵՖԱ-ն 1993թ. մրցաշրջանում այդպես էլ Հայաստանին տեղ չհատկացրեց եվրոգավաթների մրցաշարում:

38 գնդակով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց արարատցի Վահե Յաղմուրյանը: Իսկ ՀՄԸՄ-ի 20-ամյա կենտրոնական պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Ֆուտբոլ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով արժանացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:

Հետաքրքիր է, որ եթե առաջնությունն անցկացվեր սովորական մրցակարգով և հաշվի առնվեին թիմերի անցկացրած 34 հանդիպումներում վաստակած բոլոր միավորները, ապա չեմպիոն կհռչակվեր «Բանանցը» (59 միավոր), իսկ արծաթե և բրոնզե մեդալները բաժին կհասնեին համապատասխանաբար «Շիրակին» և «Արարատին» (58-ական միավոր):

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ