Կհաջողվի՞ «Ալաշկերտին» կրկնել «Արարատի» մարզական սխրանքը

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում այսօր «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Թբիլիսիի «Դինամոյին»: Հայաստանի չեմպիոնի առջև բավական բարդ, բայց ոչ անլուծելի խնդիր է ծառացած: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար ալաշկերտցիները սեփական հարկի տակ պետք է մրցակցին հաղթեն 3 գնդակի առավելությամբ:

Այսօրվա խաղում «Ալաշկերտի» դրությունը բարդ է նաև նրանով, որ կազմի հետ կապված որոշակի խնդիրներ ունի: Դա հատկապես վերաբերում է պաշտպանական գծին: Ինչպես հայտնի է, վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել Արարատ Առաքելյանը, Դմիտրի Խովբոշան ու Ալեքսանդր Տասիչը:

Հարձակման գծում էլ անշուշտ զգացնել կտա Միհրան Մանասյանի բացակայությունը, ով այլևս թիմում չէ: Նա մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Սակայն եթե նույնիսկ Մանասյանը չմեկներ Հայաստանից, միևնույն է, այսօրվա հանդիպմանը չէր մասնակցի, քանի որ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 3 խաղով:

«Ալաշկերտը» 2-րդ տարին անընդմեջ հաղթահարում է առաջին փուլի արգելքը, իսկ 2-րդ փուլը սկսում է պարտությամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Եվրոպա լիգայի մրցաշարի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել էր ղազախական «Կայրաթին», իսկ պատասխան մրցավեճում կարողացավ հաղթել, որը սակայն բավարար չէր հաջորդ փուլ մտնելու համար:

Տեսնենք, թե մրցակցի նկատմամբ ռևանշի հասնելու «Ալաշկերտի» 2-րդ փորձն ինչպես կավարտվի: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ալաշկերտցիները եվրոգավաթների մրցաշարերում առայժմ շատ հաջող են հանդես եկել սեփական հարկի տակ՝ հաղթելով անցկացրած 3 հանդիպումներում էլ:

IMG_5385

Եվրոգավաթների նախորդ խաղարկություններում միայն Երևանի «Արարատին» է հաջողվել առաջին խաղը 0:2 հաշվով տանուլ տալուց հետո պատասխան հանդիպման ժամանակ ռևանշի հասնել ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա տեղի է ունեցել 21 տարի առաջ՝ 1995թ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում: Առաջին խաղում հյուրընկալվելիս արարատցիները պարտվել էին լեհական ԳԿՍ-ին: Երևանում կայացած խաղում Սամվել Դարբինյանի սաներն արդեն առաջին խաղակեսում վերացրին 2 գնդակի տարբերությունը: Հաջորդ փուլի ուղեգրի բախտը վճռվեց հետխաղյա 11մ հարվածներով, որում ավելի դիպուկ գտնվեցին արարատցիները: Կհաջողվի՞ արդյոք «Ալաշկերտին» կրկնելու «Արարատի» մարզական սխրանքն ու հայկական ակումբներից առաջինը հաղթահարելու եվրոգավաթների 2-րդ փուլի արգելքը:

«Արարատի» մարզական սխրանքը հետագայում հաջողվեց կրկնել Կապանի «Գանձասարին»: Ճիշտ է, ի տարբերություն արարատցիների, գանձասարցիների խնդիրն ավելի դյուրին էր, քանի որ 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հյուրընկալվելիս պարտվել էին 1:3 հաշվով, իսկ մրցակիցը՝ Ֆարերների «Ստրեյմուրն» ավելի թույլ էր, քան ԳԿՍ-ը: Պատասխան խաղում գանձասարցիները հաղթեցին 2:0 հաշվով և շնորհիվ մրցակցի հարկի տակ խփած գոլի, մտան հաջորդ փուլ:

Ընդհանրապես եվրոգավաթների մրցաշարերում հայկական ակումբները մինչ օրս 73 անգամ պարտվելով առաջին խաղում, պատասխան հանդիպումներում միայն 15 հաղթանակ են տոնել, 14 խաղ ավարտել են ոչ-ոքի, 44-ում կրկին պարտվել են: Այդ հաղթանակներից միայն 5-ն են հայկական ակումբներին հաջորդ փուլի ուղեգիր պարգևել: Բացի «Արարատից» և «Գանձասարից», մեկական անգամ մրցակցի նկատմամբ ռևանշի են հասել ու հաջորդ փուլ են մտել նաև «Բանանցը» (2005/06թթ. ՈՒԳ, «Լոկոմոտիվ» Թբիլիսի՝ 2:3, 2:0), «Միկան» (2007/08թթ. ՈՒԳ, ՄՏԿ Հունգարիա՝ 1:2, 1:0) ու «Շիրակը» (2016/17թթ. ԵԼ, «Դիլա» Վրաստան՝ 0:1, 1:0, 4:1՝ 11մ): Հուսանք, որ ալաշկերտցիներին կհաջողվի շարունակել այս եզակի հաջողությունների շարքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ