Կասպարովը գերազանցեց Հարություն Աբրահամյանի ռեկորդային ցուցանիշը

«Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» 36-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովն ինքնատիպ նվաճման հասավ: ՀՀ առաջնություններում 104-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, Կասպարովն անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Հարություն Աբրահամյանի ցուցանիշը: Վերջինս ՀՀ առաջնություններում անցկացրած 214 հանդիպումներից 103-ում էր դարպասն անառիկ պահել, ինչն ընդհանուր խաղերի 48,1 տոկոսն է: Կասպարովից ռեկորդակիր դառնալու համար 289 խաղ պահանջվեց:

ՀՀ առաջնություններում Կասպարովն առաջին անգամ դարպասն անառիկ է պահել բարձրագույն խմբում հանդես գալու իր առաջին մրցաշրջանում: 1997թ. օգոստոսի 20-ին Արտաշատի «Դվինի» կազմում մասնակցելով «Ղարաբաղի» հետ առաջնության 3 –րդ տուրի հանդիպմանը, 17-ամյա պատանի դարպասապահը նպաստեց գոլազուրկ ոչ-ոքիի գրանցմանը:

Կասպարովի համար առայժմ ռեկորդային է 2006թ. առաջնությունը, որում նա «Փյունիկում» անցկացրած 25 հանդիպումներից 12-ում դարպասն անառիկ է պահել: Այդ մրցաշրջանում նրա անխոցելիության գործակիցը 48 տոկոս էր կազմել: Բազմափորձ դարպասապահը 2015/16թթ. առաջնությունում կրկնեց իր լավագույն արդյունքը՝  26 հանդիպումներից 12-ում դարպասը պահելով անառիկ (46,1 տոկոս): Հոբելյանական՝ 100-րդ «չոր» խաղը Կասպարովն անցկացրեց ապրիլի 6-ին «Արարատի» հետ մրցավեճում:

Ընթացիկ առաջնությունում ազգային հավաքականի շահերից ելնելով Աբրահամ Խաշմանյանն առայժմ հերթականությամբ է դարպասի պաշտպանությունը վստահում Գևորգ Կասպարովին և Արսեն Բեգլարյանին: Մեկնարկային 3 հանդիպումներից 2-ում խաղադաշտ է դուրս եկել  փորձառու Կասպարովը՝ դարպասը պահելով անառիկ:

Ընդհանրապես ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահելն այնքան էլ դյուրին գործ չէ: Այդ է վկայում այն փաստը, որ մինչ օրս միայն 11 դարպասապահի է հաջողվել առաջնության 50 և ավելի խաղերում գոլ բաց չթողնել: Նրանցից ամենաբարձր անխոցելիության գործակիցն ունի «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը, ով անցկացրած խաղերի 52,1 տոկոսը դարպասն անառիկ է պահել:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է Հայաստանի առաջնություններում 50 և ավելի հանդիպումներում դարպասն անառիկ պահած դարպասապահների ցուցանիշները:

Դարպասապահ «Չոր» խաղերի թիվը Ընդամենը խաղ %
1.Գևորգ Կասպարով 104 289 35,9
2.Հարություն Աբրահամյան 103 214 48,1
3.Ռայմոնդ Զադուրյան 89 261 34
4.Արթուր Հովհաննիսյան 85 163 52,1
5.Էդիկ Երիցյան 74 247 29,9
6.Գառնիկ Հովհաննիսյան 69 177 38,9
7.Ֆելիքս Հակոբյան 61 141 43,2
8.Ստեփան Ղազարյան 58 170 34,1
9.Արմեն Ավագյան 57 118 48,3
10.Մայիս Ազիզյան 53 163 32,5
11.Կարեն Բաբայան 51 137 37,2

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ