Կառլսենն ընդդեմ Կարյակինի. Ի՞նչ է պետք իմանալ տարվա գլխավոր շախմատային մրցախաղի մասին

Նոյեմբերի 11-ին Նյու Յորքում կտրվի շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի մեկնարկը շախմատային թագի ներկայիս տիրոջ՝  նորվեգացի Մագնուս Կառլսենի և մրցանակի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի մասնակցությամբ:

Մրցակարգով նախատեսված է դասական շախմատի 12 պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին որոշելու համար նոյեմբերի 30-ին կանցկացվի 2 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշար: Եթե կրկին հաղթողը հայտնի չդառնա, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային մրցախաղում: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի առավելագույնը 4 մրցախաղ՝ 2-ական պարտիայից բաղկացած: Հավասար արդյունքի դեպքում կկայանա վճռորոշ մրցախաղը, որում սպիտակներին կհատկացվի 5 րոպե, սևերին՝ 4: Ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սևերով խաղացած շախմատիստը:

Շախմատի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի բացմանը կարող է ներկա չգտնվել ՖԻԴԵ-ի նախագահը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մինչ օրս մուտքի թույլտվություն չի տվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: 2015թ. նոյեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իլյումժինովին ընդգրկել էր «սև» ցուցակում՝ նրան մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեջ:

Կիրսան Իլյումժինովը մտադիր է սկայպի միջոցով մասնակցել մրցաշարի բացման արարողությանը: Նա նաև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է կատարելու մրցախաղի առաջին քայլը: Փոխարենը երկօրյա այցով Նյու Յորք է մեկնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, ՌԴ-ի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դմիտրի Պեսկովը՝ աջակցելու Սերգեյ Կարյակինին:

Շախմատային մասնագետների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որը 3-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին: Կառլսենը շախմատային թագը նվաճել է 2013թ.՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված մրցախաղում 6,5:3,5 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Ընդ որում մրցախաղն ավարտվեց նախատեսված ժամկետից մեկ տուր առաջ: Կառլսենը տոնեց 3 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Հաջորդ տարվա նոյեմբերին Սոչիում նրանց միջև կայացած մրցախաղում նորվեգացի գրոսմայստերը հաղթելով 6,5:4,5 հաշվով, պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

Մագնուս Կառլսենն ու Սերգեյ Կարյակինը հասակակիցներ են՝ 26 տարեկան: Նրանց միջև մինչ օրս անցկացված դասական շախմատի 21 պարտիաներից 4-ում հաղթել է Կառլսենը, մեկում՝ Կարյակինը, 16-ում գրանցվել է ոչ-ոքի: Կառլսենը 2853 անհատական վարկանիշով գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը՝ 81 կետով գերազանցելով 9-րդ տեղում ընթացող Կարյակինին:

Նշենք նաև, որ բուքմեյքերները ևս առավելությունը տալիս են Կառլսենին: Նորվեգացու հաղթանակը Vivarobet-ը գնահատում է 1.13, իսկ Կարյակինինը` 5.10 գործակցով:

APTOPIX World Chess Championship

Պաշտոնապես աշխարհի առաջնության մրցախաղերն անցկացվում են 1886թ.-ից: Առաջին չեմպիոնը Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ Վիլհելմ Ստեյնիցն էր: 1993թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Գարի Կասպարովն ու այդ տիտղոսի հավակնորդ Նայջլ Շորթը մեղադրեցին ՖԻԴԵ-ին կոռուպցիայի մեջ ու դուրս գալով այդ կազմակերպության կազմից, հիմնեցին Պրոֆեսիոնալ շախմատային ընկերակցություն՝ անցկացնելով կազմակերպության վարկածով աշխարհի առաջնության մրցախաղեր:

ՖԻԴԵ-ն Կասպարովին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից և 1996թ.-ից աշխարհի առաջնության մրցախաղերը կազմակերպեց նոկաուտ համակարգով: Փաստորեն այդ տարիներին տարբեր վարկածներով աշխարհի երկու չեմպիոններ կային: Բայց շախմատասերների և մասնագետների մեծամասնությունը որպես աշխարհի չեմպիոն ընդունում էր Պրոֆեսիոնալ շախմատային ընկերակցության վարկածով ուժեղագույնը ճանաչված Գարի Կասպարովին, որից այդ տիտղոսը հետագայում խլեց Վլադիմիր Կրամնիկը:

Իսկ նոկաուտ համակարգով ՖԻԴԵ-ի վարկածով առաջին չեմպիոնն Անատոլի Կարպովն էր: Հետագա տարիներին չեմպիոններ դարձան Ալեքսանդր Խալիֆմանը (1999թ.), Վիշվանաթան Անանդը (2000թ.), Ռուսլան Պոնոմարյովը (2002թ.) և Ռուստամ Կասիմջանովը (2004թ.): Միայն 2006թ. շախմատային աշխարհը կրկին միավորվեց և աշխարհի առաջնության մրցախաղերը դարձյալ անցկացվում են միայն ՖԻԴԵ-ի հովանու ներքո:

VivaroNews.am-ը ներկայացնում է շախմատի աշխարհի չեմպիոնների պաշտոնապես ընդունված ցանկը:

Աշխարհի չեմպիոններ Երկիր Չեմպիոնության տարիներ
1.Վիլհելմ Ստեյնից Ավստրո-Հունգարիա 1886-1894
2.Էմանուել Լասկեր Գերմանիա 1894-1921
3.Խոսե Ռաուլ Կապաբլանկա Կուբա 1921-1927
4.Ալեքսանդր Ալյոխին ԽՍՀՄ, Ֆրանսիա 1927-1935, 1937-1946
5.Մաքս Էյվե Հոլանդիա 1935-1937
6.Միխայիլ Բոտվիննիկ ԽՍՀՄ 1948-1957, 1958-1960, 1961-1963
7.Վասիլի Սմիսլով ԽՍՀՄ 1957-1958
8.Միխայիլ Տալ ԽՍՀՄ 1960-1961
9.Տիգրան Պետրոսյան ԽՍՀՄ 1963-1969
10.Բորիս Սպասսկի ԽՍՀՄ 1969-1972
11.Ռոբերտ Ֆիշեր ԱՄՆ 1972-1975
12.Անատոլի Կարպով ԽՍՀՄ 1975-1985
13.Գարի Կասպարով ԽՍՀՄ 1985-2000
14.Վլադիմիր Կրամնիկ Ռուսաստան 2000-2007
15.Վիշվանաթան Անանդ Հնդկաստան 2007-2013
16.Մագնուս Կառլսեն Նորվեգիա 2013-2016
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ