Կապանցիների թիմային ռեկորդը և գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը. 10 փաստ՝ 23-րդ տուրի հանդիպումներից

Կայացած երեք հանդիպումներով ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 փաստ, որոնք առանձնացել են այս մրցափուլից:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս հաջողությունն ուղեկցեց «Գանձասար Կապանին»: Առաջնության 69 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 27 հաղթանակ, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 29 անգամ, 13 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 6 գոլ: Առաջնության մեկնարկից խփվել է 146 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,11 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ հաղթեց «Բանանցին»: Այդ հանդիպումներից երեքում չեմպիոնը գավաթակրին պարտության է մատնել խոշոր հաշվով: Մրցակիցների միջև ՀՀ առաջնություններում կայացած վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների հաղթանակով: «Բանանցին» վերջին անգամ հաջողությունն ուղեկցել է անցյալ տարվա մարտի 12-ին սեփական հարկի տակ կայացած խաղում, որում թիմը Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ հաղթել է 2:0 հաշվով:

3. «Արարատն» ընթացիկ առաջնությունում շիրակցիների հետ անցկացրած 5-րդ խաղում էլ պարտվեց՝ կրկին չկարողանալով գրավել մրցակցի դարպասը: Հերթական պարտությունը 6-րդ անընդմեջն էր շիրակցիների հետ առաջնության հանդիպումներում: Իսկ ընթացիկ առաջնությունում «Արարատը» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց, նաև առանց հաղթանակների խաղերի շարքը հասցրեց 18-ի: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են ընթացիկ առաջնությունում:

4. «Գանձասար Կապանը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, թիմային նոր ռեկորդ սահմանեց: Հետաքրքիր է, որ վերջին 4 խաղերում էլ կապանյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով: Գանձասարցիները գերազանցեցին 2008թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ցույց տված իրենց ռեկորդային ցուցանիշը, երբ 13-18-րդ տուրերում 6 անընդմեջ հաղթանակ էին տոնել՝ հաջորդաբար հաղթելով «Արարատին» (1:0), «Ուլիսին» (4:1), «Բանանցին» (1:0), «Շիրակին» (3:0), «Միկային» (1:0) և «Կիլիկիային» (2:1): Այդ տարի կապանյան թիմն իր պատմության մեջ առաջին անգամ մրցանակակիր էր դարձել՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Գանձասարցիներն ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեցին «Փյունիկին», որը կապանցիների հետ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներում վերջապես գրավեց մրցակցի դարպասը:

17992244_1948367628715533_1363093291540761537_n

5. Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում «Բանանցի» հետ հանդիպումներում երկրորդ անգամ դուբլի հեղինակ դարձավ: Առաջին դուբլը նա ձևակերպել էր անցյալ տարվա նոյեմբերի 5-ին սեփական հարկի տակ կայացած խաղում: Հետաքրքիր է, որ նրա եղբայրն էլ՝ Արթուրը, «Բանանցի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին կայացած խաղում:

Ընդհանուր առմամբ Եդիգարյան եղբայրներն ընթացիկ առաջնությունում 7 անգամ գրավել են «Բանանցի» դարպասը: Այդ գոլերից 4-ն իր օգտին է գրանցել Արտակը, ով Միհրան Մանասյանի հետ 9 գնդակով «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն է: Արտակը 4 գնդակով առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

6. 17-ամյա Վահան Բիչախչյանն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց, որից 3-ը նրա հաշվին է գրանցվել «Արարատի» հետ հանդիպումներում: Հետաքրքիր է, որ այդ գոլերի շնորհիվ «Շիրակը» բոլոր 4 հանդիպումներն էլ շահել է նվազագույն հաշվով: ՀՀ առաջնություններում Բիչախչյանն իր գոլերի հաշիվը բացել էր հենց «Արարատի» հետ անցյալ տարվա օգոստոսի 20-ին կայացած խաղում՝ դառնալով «Շիրակում» գոլ խփած ամենաերիտասարդ երկրորդ ֆուտբոլիստը՝ 17 տարեկան 42 օրական:

7. Արա Խաչատրյանն ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ 11մ հարված կատարեց ու կրկին գրավեց դարպասը: Առաջին դիպուկ հարվածը նա կատարել էր անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Արա Խաչատրյանն ընդգրկվեց «Գանձասար Կապանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների քառյակում: «Փյունիկի» դարպասը նա գրավեց 32 տարեկան 114 օրականում: Ավելի տարեց տարիքում գանձասարցիների կազմում աչքի են ընկել Արսեն Ավետիսյանը (37 տարեկան 302 օրական), Վիրգին Մարշավելան (37 տարեկան 52 օրական) և Արթուր Քոչարյանը (36 տարեկան 250 օրական):

8. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 5–րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ և առաջին անգամ չկարողացավ դիպուկ իրացնել. Միհրան Մանասյանի հարվածը հետ մղեց Արամ Հայրապետյանը: Հետաքրքիր է, որ Մանասյանն աշնանը մեկ անգամ արդեն հաղթող էր դուրս եկել Հայրապետյանի հետ նման մենամարտում, երբ վերջինս պաշտպանում էր «Արարատի» դարպասը: Այդ խաղում «Ալաշկերտի» ռմբարկուն ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:

Իսկ ահա «Բանանցի» դարպասապահն ընթացիկ առաջնությունում արդեն 3-րդ անգամ է հաղթող դուրս գալիս նման մենամարտում:  Աշնանն «Արարատի» դարպասը պաշտպանելիս Հայրապետյանը հետ էր մղել շիրակցի Դավիթ Հակոբյանի և փյունիկցի Վարդան Պողոսյանի 11մ հարվածները: Ընթացիկ առաջնությունում դա լավագույն ցուցանիշն է:

9. Երկարատև ընդմիջումից հետո «Բանանցի» կազմում կրկին խաղադաշտ դուրս եկավ Վալտեր Պողոսյանը՝ անցկացնելով թիմի կազմում ՀՀ առաջնություններում 143-րդ հանդիպումը: 25-ամյա Պողոսյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանի տարիքային ռեկորդը, ով այդ տարիքում «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 142 խաղ էր անցկացրել:

 Ի դեպ, Վալտեր Պողոսյանը լավ հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում դառնալու «Բանանցի» ռեկորդակիրը: Առայժմ «Բանանցի» կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել ֆուտբոլային կարիերան վերջերս ավարտած Սամվել Մելքոնյանը՝ 172:

10. Տուրում միանգամից երկու դարպասապահներ հեռացվեցին խաղադաշտից: Եթե «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը կարմիր քարտ ստացավ արդեն 26-րդ րոպեին, ապա արարատցի Պողոս Այվազյանը խաղադաշտից հեռացվեց վերջին րոպեին, երբ «Արարատի» կազմում արդեն կատարվել էին բոլոր 4 փոխարինումները: Եթե «Բանանցում» դա ընթացիկ առաջնությունում առաջին հեռացումն էր, ապա արարատցիներից մինչ այդ կարմիր քարտ էր ստացել Ռաֆայել Սաֆարյանը:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ