Ջոկովի՞չ, թե՞ Մարեյ. ո՞ւմ կհաջողվի առաջին անգամ հաղթել «Ռոլան Գարոսում»

Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում այսօր կպայքարեն Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Թե՛ սերբ, թե՛ շոտլանդացի թենիսիստին մարզական կարիերայում ոչ մի անգամ չի հաջողվել դառնալ «Ռոլան Գարոսի» հաղթող: Եվ այսօր անկախ մենախաղի ելքից պատմություն կկերտվի: Դժվար է ասել՝ Նովակ Ջոկովիչին կհաջողվի՞ դառնալ «Ռոլան Գարոսի» հաղթող, թե՞ այս անգամ էլ Էնդի Մարեյը կփախցնի բաղձալի գավաթը սերբ թենիսիստի ձեռքերից մրցաշարում իր առաջին եզրափակիչում:

Վերջին 5 տարիներին Նովակ Ջոկովիչը 4-րդ անգամ է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Նախորդ 3 դեպքերում Ջոկովիչին չի հաջողվել դառնալ մրցաշարի հաղթող՝ 2 անգամ զիջելով Ռաֆայել Նադալին և 1 անգամ՝ Սթեն Վավրինկային: Վերջինի հետ Ջոկովիչը մրցակցել է «Ռոլան Գարոսի» նախորդ խաղարկությունում՝ զիջելով 4–6, 6–4, 6–3, 6–4 հաշվով:

Ինչ վերաբերում է Էնդի Մարեյին, ապա շոտլանդացի թենիսիստը մարզական կարիերայում առաջին անգամ է դուրս եկել Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Նախորդ երկու տարիներին Մարեյը հասել է մինչև կիսաեզրափակիչ: 2014 թվականին նրան պայքարից դուրս է թողել Ռաֆայել Նադալը, իսկ 2015 թվականին՝ Նովակ Ջոկովիչը:

«Ռոլան Գարոսի» ընթացիկ խաղարկությունը շոտլանդացի թենիսիստը մեկնարկեց ոչ այնքան վստահ: Մեկնարկային երկու փուլերում Մարեյը մրցակիցների նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով: 1-ին փուլում Մարեյի մրցակիցը Ռադեկ Շտեպանեկն էր, ով հաղթում էր ATP 2-րդ համարին 2:0 հաշվով, սակայն արդյունքում պարտվեց 2:3 հաշվով: 2-րդ փուլում Էնդի Մարեյը մրցակցեց 164-րդ համար, ֆրանսիացի Մատիաս Բուրկի հետ, որին 1:0 հաղթելուց հետո 2 սեթ զիջեց, սակայն կարողացավ վերականգնել ուժերն ու առավելության հասնել 3:2 հաշվով: Հաջորդ փուլերի 4 մենախաղերից 2-ում շոտլանդացին հաղթեց 3:0 հաշվով, 2-ում՝ 3:1 հաշվով: Հատկանշական է, որ կիսաեզրափակիչում Մարեյը պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային:

Նովակ Ջոկովիչը, ի տարբերություն Մարեյի, մրցակիցների նկատմամբ նախորդ փուլերում առավելության է հասել վստահ ելույթներով կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վստահ հաշիվներով, քանի որ հաշիվները ցույց են տալիս վստահություն, իսկ ելույթները՝ ոչ այնքան, թեպետ հաղթողին չեն քննադատում: Նախորդ փուլերում Նովակը հաղթել է բոլոր մրցակիցներին 3:0 հաշվով: Սերբ թենիսիստը 1 սեթ է զիջել միայն Բաուտիստա-Ագուտին: Քառորդ եզրափակիչում առավելության է հասել Տոմաշ Բերդիխի, իսկ կիսաեզրափակիչում՝ Դոմինիկ Տիմի հետ պայքարում:

Նովակ Ջոկովիչի ու Էնդի Մարեյի միջև նախորդ 10 մենախաղերից 8-ում հաղթել է սերբ թենիսիստը, իսկ 2-ում՝ շոտլանդացին: Թե ինչպես կավարտվի այս մենախաղը, դժվար է ասել, սակայն դժվար թե թենիսիստներից որևէ մեկը հեշտությամբ առավելության հասնի մյուսի նկատմամբ:

Ավելացնենք՝ Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ մենախաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 17:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ