Ինֆարկտինո. Ինչո՞ւ է 48 թիմանոց Մունդիալը մեծ գլխացավանք, ու հատկապես` հայերիս համար

Բոլոր լավ բաներն իրենց ավարտն ունեն, ուրեմն` Աշխարհի գավաթը նույնպես: Այսօրվանից ես փորձելու եմ ամեն կերպ դանդաղեցնել ժամանակը ու վայելել ֆուտբոլային րոպեները մինչև 2022թ., երբ [հուսով եմ] տեղի կունենա վերջին 32 թիմանոց Մունդիալը: Իսկ հետո…

Աշխարհի առաջնությունը ինձ մոտ միշտ ունեցել է ամենաարդար, ամենաճշգրիտ ու ֆանտաստիկ մրցաշարի համբավ: Այստեղ բոլոր թիմերն ու ֆուտբոլիստները կանգնում էին մեծ դատաստանի առջև, որը բացարձակապես ճիշտ գնահատում էր բոլոր գործոնները` սկսած մարզական ոգուց ու բնավորությունից մինչև ֆուտբոլային տակտիկան ու բնատուր հանճարը: Եթե ԵՎՐՈ-ն կարելի է հաղթել` լինելով բախտավոր, ինչպես Դանիան, սառնասիրտ, ինչպես Հունաստանը կամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թիմ, ինչպես Պորտուգալիան, ապա Աշխարհի գավաթում արկածախնդիրների ճանապարհը կարող է հատվել 1-7 հաշվով պարտությամբ: Գոնե վերջին 40 տարում չեմ հիշում Մունդիալում հաղթած որևէ թիմ, որը արժանի չէր այդ տիտղոսին, իսկ 1998 թվականից կիրառվող 32-թիմանոց ձևաչափը բյուրեղյա մաքրության արդյունք ստանալու գլխավոր բանաձևն էր:

Իսկ ինչո՞ւմն է 48 թիմանոց Մունդիալի խնդիրը

Ոչինչ, որ 48 թիմը անհավանականորեն շատ է: Նույնիսկ ոչինչ, որ ավելացված 16 խաղերից (64 խաղից հասնելու է 80) երևի ոչ մեկն էլ չենք նայելու, որովհետև խաղամակարդակը իջնելու է ավելի ցածր մակարդակի, քան ՖԻՖԱ-ի վարկանիշն է ֆուտբոլասերների շրջանում: Գլխավոր խնդիրն ինձ համար ձևաչափի փոփոխությունն է, որը առաջացնելու է այնպիսի քաոս, որի մասին կերազեն նույնիսկ ամենավարժ ահաբեկիչները:

53755f51ee883_16n04flag

48 հավաքականները բաժանվելու են 16 խմբերի` 3-ական թիմերով: Յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլ են անցնելու լավագույն 2 թիմերը, իսկ մեկը հեռանալու է Մունդիալից` անցկացնելով ընդամենը 2 հանդիպում:

Հետևանք 1. Հավելյալ 16 թիմերը հենց խմբային փուլում լքելու են պայքարը` ասպարեզը թողնելով 32 թիմերին, ինչպես նախկինում էր:

Ի՞նչ ենք ստանում: Այո, արհեստական մեծացում, որի իմաստը իրականում չկա: Խմբային փուլը դառնալու է Աշխարհի գավաթի վրայի սպիտակ սավանը, որը քաշելուց հետո նոր կսկսվի իրական մրցաշարը:

Բայց մի՞թե սա այդքան վատ է: Այո, որովհետև կա նաև`

Հետևանք 2. Մնացած 32 թիմերը արդեն մրցելու են ոչ թե խմբային փուլում, այլ միանգամից օլիմպիական մրցակարգով:

Իսկ դա նշանակում է, որ ուժեղ հավաքականները կարող են խաղից դուրս մնալ հենց սկզբնական փուլերից: Մի փոքր վատ վիճակահանություն, կամ մեկ թեթև շեղում խմբային փուլում, ու արդեն 1/16 կամ 1/8 եզրափակչում երկու մեծ թիմեր կարող են միմյանց դեմ դուրս գալ, ու դա անել միանգամայն անպատրաստ:

Այլևս չես էլ ուզում պատկերացնել նաև, թե ինչի է վերածվելու 3 թիմանոց խմբային փուլը: Ընդամենը 2 խաղ յուրաքանչյուր թիմի համար, ոչ-ոքին բացառող նոր կանոն, որը ՖԻՖԱ-ից դեռ ոչ վստահաբար հաստատում են, ոչ հերքում: Գուցե ոչ ես այս պահին, բայց ավելի ճարպիկները այնպիսի խառը սխեմաներ ու տակտիկաներ կմտածեն այս փուլը հաղթահարելու համար, որոնցից հաստատ սիրտ է խառնելու:

Բացի այդ, խմբային փուլը կարծես իրական նախավարժանք լիներ լավագույն հավաքականների համար դեմ առ դեմ կրակոցներից առաջ, որը Մունդիալի գլխավոր որակական քննություններից էր: Հենց խմբային փուլի 3 ոչ-ոքիների շնորհիվ էր, որ ամռանը Ֆեռնանդու Սանտուշը հասկացավ, որ Պորտուգալիայի մոտ միայն խաղ սպանել է ստացվում, ու այդ թերությունը վերածեց հաղթաթուղթի: Հենց խմբային փուլում էր, որ իմ սիրելի Իտալիան դաժան փորձության էր ենթարկում իր խաղը ու դիմանալու դեպքում փլեյ-օֆֆում բորբոքվում ինչպես իսկական գազան: Խմբային փուլը գործի էր գցում ամենաճշգրիտ ֆուտբոլային մեխանիզմի` Աշխարհի գավաթի շարժիչը:

2048x1536-fit_gianni-infantino-president-fifa-26-fevrier-2016-zurich

Մեկ այլ գլխացավանք է դառնալու Աշխարհի գավաթի խմբային փուլի վիճակահանությունը, իսկ ավելի մեծ` որակավորման փուլը: Սակայն, ամենամեծ գլխացավանքը մենք` հայերս ունենալու ենք այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի նկարը պատին փակցրած ու «հայու գենի» պարծանքը մտքներումս` դիտելու ենք աբորիգենների, ծովահենների կամ ջունգլիներում որսից վերադարձած սևամորթների ֆուտբոլը, քանզի Ասիայից, Աֆրիկայի ու նույնիսկ Օվկիանիայի մասնակիցները գրեթե կրկնապատկվել են, իսկ մեր բարձրաշխարհիկ Եվրոպայի տեղերը 13-ից ավելացվել են ընդամենը մինչև 16-ի: Աֆրիկան այսուհետ 5-ի փոխարեն ներկայացնելու է 9 թիմ, Ասիան ունենալու է 8.5 տեղ, ու ամեն Մունդիալի վերջնական կազմը հայտնի դառնալու օրը մենք չենք քնելու այն մտքից, թե ինչու մենք չենք մասնակցում Ասիական որակավորմանը ու մեծ հավանականությամբ մեկնում աշխարհի ամենամեծ մրցաշարին:

Ինչո՞ւ եմ ես այս աստիճան լցված

Որովհետև սա ոչ թե բարեփոխում է, այլ կառավարչական որոշում, որի միակ նպատակը եկամուտներն ավելացնելն ու ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում ձայներ փախցնելն է: Այս ընդլայնումը Աշխարհի գավաթը նմանեցնելու է հնդկական սերիալներին, որոնք արհեստականորեն ու նյարդացնելու աստիճան երկարեցված են դանդաղեցված կադրերի ու պաուզաների հաշվին:

Ջանի Ինֆանտինոն ընդամենը մեկ տարի էլ չկա, ինչ վայելում է Բատիստուտաների ձեռքը սեղմելու ու Մարադոնաների հետ ֆուտբոլ խաղալու հաճույքը, ու արդեն այնքան է ոգևորվել, որ մտածում է իր գահակալությունը երկարաձգելու մասին: Ընտրություններում հաղթելու տարբերակների համար կարելի էր ուղղակի խորհրդատվություն պատվիրել Հայաստանից, բայց դրա համար զոհել Աշխարհի գավաթը, Ջանիկս, Ինֆարկտինո է:

Karen Rafayelyan

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ