Ինչպիսին մենք կհիշենք «Ուլիսին»

Ֆինանսները հայկական ֆուտբոլի լուրջ հիմնախնդիր

Հայկական ֆուտբոլում ձմռանը հերթական ցավալի իրադարձությունը տեղի ունեցավ: Այդպես էլ չկարողանալով լուծել ֆինանսական լուրջ խնդիրները, «Ուլիսը» դուրս եկավ առաջնությունից: 2011թ. Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ուլիսը», որը վերջին տարիներին ունեցած հաջող ելույթների շնորհիվ վայելում էր ֆուտբոլասերների համակրանքը, ուներ երկրպագուների իր բանակը, համալրեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած այն 35 ակումբների տխուր ցանկը, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել են: Այդ ցանկում «Ուլիսը» «Երևանից» և Արարատի «Արաքսից» (նախկին «Ցեմենտը») հետո ՀՀ չեմպիոնի տիտղոսին արժանացած 3-րդ լուծարված ակումբն է:

Իսկ վերջինն այդ ցանկում Դիլիջանի «Իմպուլսն» էր, որն ընդամենը 4,5 տարվա կյանք ունեցավ և լուծարվեց 2012/13թթ. առաջնությունից հետո: Բայց այն ժամանակ առաջին խմբում բացի ակումբների դուստր թիմերից, հանդես էին գալիս «Ալաշկերտն» ու «Քինգ Դելյուքսը» (առաջին շրջանից հետո թիմը լուծարվեց): «Ալաշկերտը» համալրեց բարձրագույն խումբը, իսկ աղյուսակը եզրափակած «Բանանցը» մնաց ուժեղագույնների խմբում՝ ապահովելով 8 թիմերի մասնակցությունը հաջորդ առաջնությանը:

Ներկայումս պատկերն այլ է, վիճակն ավելի անմխիթարական է: Առաջին խմբում հանդես են գալիս միայն ակումբների դուստր թիմերը, որոնք իրավունք չունեն խաղալու բարձրագույն խմբում: Եվ մեծ է հավանականությունը, որ ՀՀ բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունն էլ հարկ կլինի անցկացնել 7 թիմով, եթե այս կարճ ժամանակահատվածում նոր թիմ չկազմավորվի, ինչը հայկական ֆուտբոլում տիրող ներկա պայմաններում շատ կասկածելի է:

Ընդհանրապես վերջին տարիներին ֆինանսական հարցերը լուրջ հիմնախնդիր են դարձել հայկական ակումբների համար, ինչի պատճառով ոչ միայն հնարավորություն չունեն կազմերը համալրելու բարձրակարգ ֆուտբոլիստներով, այլ նույնիսկ հարցականի տակ է հայտնվում որոշ թիմերի մասնակցությունն առաջնությանը: Ասվածի վառ վկայությունը «Գանձասարի» և «Միկայի» հետ տեղի ունեցած իրադարձություններն էին:

«Վիվառո Նյուզն» ընթերցողներին առաջարկում է վերհիշել կարճատև կենսագրության ընթացքում հայկական ֆուտբոլային թիմերի ընտանիքում իր արժանի տեղն ունեցած, մեծ ներուժի տեր ինքնատիպ կոլեկտիվի անցած ուղին, թիմի և նրա առանձին ֆուտբոլիստների նվաճումները:

ulis

Վայրիվերումներով լի 10-ամյա կենսագրություն

«Ուլիս» ֆուտբոլային ակումբը հիմնադրվեց 2006թ. մրցաշրջանի շեմին՝ անսովոր պայմաններում: «Դինամո-Զենիթին» այդպես էլ չհաջողվեց կարգավորել ֆինանսական լուրջ հիմնախնդիրները և առաջնության մեկնարկից առաջ լուծարվեց: Վերջինիս փոխարեն բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ նորաստեղծ «Ուլիսը»: Թիմի կազմավորման բարդ ու պատասխանատու գործը հանձնարարվեց երիտասարդ մարզիչ Սևադա Արզումանյանին, ով արդեն մարզչական աշխատանքի որոշակի փորձ ուներ Երևանի «Արարատում» և «Լեռնագործում»:

Նոր մրցաշրջանի մեկնարկին շատ քիչ ժամանակ էր մնացել, թիմերի համալրման գործընթացն էլ գրեթե ավարտվել էր: Ուստի չհաջողվեց ինչպես հարկն է կազմավորել թիմն ու նախապատրաստվել առաջնությանը, ինչն իր բացասական կնիքը թողեց  նորաստեղծ «Ուլիսի» մրցելույթների վրա:

«Ուլիսի» նորամուտն անհաջող ստացվեց: Մեկնարկում թիմը 7 անընդմեջ պարտություն կրեց, որի պատճառով Սևադա Արզումանյանը հրաժարական տվեց` տեղը զիջելով Արսեն Չիլինգարյանին: Սակայն նրան էլ չհաջողվեց շտկել իրավիճակը: 28 հանդիպումներում վաստակած 17 միավորով «Ուլիսը» եզրափակեց աղյուսակը` տոնելով ընդամենը 5 հաղթանակ, կրելով 21 պարտություն: Սակայն «Ուլիսը» հրաժեշտ չտվեց ուժեղագույնների խմբին: Անցումային խաղում 4:2 հաշվով հաղթելով Երևանի «Դինամոյին», «Ուլիսը» պահպանեց տեղը բարձրագույն խմբում:

Հաջորդ մրցաշրջանի մեկնարկում «Ուլիսում» կրկին մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: 4-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց Սուրեն Բարսեղյանը` փոխարինելով Արսեն Չիլինգարյանին: Նրա հետ միասին թիմ վերադարձավ Սևադա Արզումանյանը` օգնելով գլխավոր մարզչին: Այդ տարի ուլիսցիները որոշակիորեն բարելավեցին ցուցանիշները` մեկ հորիզոնականով բարձրանալով ու զբաղեցնելով 7-րդ տեղը:

2008թ. «Ուլիսը» կրկին մեկ հորիզոնականով առաջադիմեց: 5-րդ տուրից թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնեց Սևադա Արզումանյանը, որի անվան հետ են կապված ուլիսցիների հետագա լուրջ հաջողությունները: Նրան հաջողվեց զգալիորեն կարգավորել թիմի խաղը, նոր ֆուտբոլիստներով համալրել կազմը, ինչը հետագա հաջողությունների համար կայուն հիմք հանդիսացավ: Եվ արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:

Արդեն հաջորդ մրցաշրջանում «Ուլիսը» հասավ իր կարճատև կենսագրության առաջին լուրջ հաջողությանը` դառնալով առաջնության բրոնզե մրցանակակիր: Ուլիսցիներն աչքի ընկան հարձակողական գրագետ գործողություններով ու հուսալի պաշտպանությամբ` ցուցադրելով որակյալ ֆուտբոլ: Առաջնության 28 հանդիպումներում «Ուլիսը» տոնեց 16 հաղթանակ, 5 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 7 պարտություն` վաստակելով 53 միավոր: «Ուլիսի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփեցին 47 գնդակ, սեփականն ընդունեցին 25 գոլ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի 35-ամյա հարձակվող Արթուր Քոչարյանը` 15 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու:

2010թ. «Ուլիսը» կրկնեց բրոնզե հաջողությունը: Նախորդ մրցաշրջանի համեմատ «Ուլիսը» 2 միավոր ավելի վաստակեց, ավելի հուսալի գործեց պաշտպանությունը` թիմի նորեկ դարպասապահ Վլադիմիր Մալկովի գլխավորությամբ 2 գնդակ պակաս բաց թողնելով:

Հայաստանի հոբելյանական` 20-րդ առաջնությունը լավագույնն էր  «Ուլիսի» 6-ամյա կենսագրությունում: Մրցաշրջան-2011-ում «Ուլիսը» հասավ փառքի գագաթնակետին: Թիմին հաջողվեց վերջ տալ «Փյունիկի» 10-ամյա գերիշխանությանը և առաջին անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ հաջողությանը թիմը հասավ մրցակիցների հետ համառ պայքարում` դրսևորելով իր գերազանցությունը նրանց նկատմամբ: Ողջ մրցաշրջանի ընթացքում ուլիսցիներն աչքի ընկան կայուն մրցելույթներով, հասուն խաղ ցուցադրեցին` դրսևորելով հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն: «Ուլիսը» ներկայացավ որպես մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ` ունակ լուծելու իր առջև դրված խնդիրները, հաջողությամբ հաղթահարելու մրցակիցների դիմադրությունը:

1704050_w2

Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով «Ուլիսը» հաջորդ 2 մրցաշրջաններում զգալիորեն զիջեց դիրքերը, իսկ 2014/15թթ. առաջնության մեկնարկի շեմին նույնիսկ հայտնվեց լուծարման վտանգի առջև: Բարեբախտաբար գտնվեցին նոր հովանավորներ, որոնք օգնության ձեռք մեկնեցին ակումբին: Վալերի Հովհաննիսյանի և նրա համախոհների ջանքերով կարճ ժամանակահատվածում ձևավորված ֆուտբոլային նոր կոլեկտիվը դարձավ Հայաստանի 23-րդ առաջնության իսկական հայտնությունը՝ իր ցուցադրած խաղով և արդյունքներով զարմացնելով բոլորին:

«Ուլիսն» առաջնության մեկնարկից 12 տուր ընթացավ առանց պարտության, մեկնարկային 5 խաղերում սեփական դարպասն անառիկ պահեց, 3-12-րդ տուրերում 9 անընդմեջ հաղթանակ տոնեց: Թեև դրանից հետո ուլիսցիները 3 անընդմեջ պարտություն կրեցին, սակայն առաջնության առաջին հատվածն ավարտեցին 1-ին հորիզոնականում՝ մեկ միավորով գերազանցելով «Փյունիկին»:

Առաջնության 2-րդ հատվածում «Ուլիսի» կազմում զգալի փոփոխություններ տեղի ունեցան ու թիմն ի վերջո զիջեց առաջատարի դիրքը՝ բավարարվելով արծաթե մեդալներով:

Ընթացիկ առաջնության մեկնարկում պատմությունը կրկնվեց և «Ուլիսը» կրկին հայտնվեց ֆինանսական ճգնաժամի մեջ, որից այս անգամ դուրս գալ ցավոք չհաջողվեց:

_ASO6720_1427105157

«Ուլիսի» ելույթները թվերի լեզվով

Անցած տարվա նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում «Արարատի» հետ կայացած հանդիպումը վերջինը դարձավ «Ուլիսի» կենսագրությունում: Դա բարձրագույն խմբում թիմի անցկացրած 281-րդ խաղն էր, որից 101-ում ուլիսցիները հաղթել են, 56-ն ավարտել են ոչ-ոքի, 124-ում պարտվել են: «Ուլիսը» խփել է 313 գոլ, սեփական դարպասն ընդունել է 375 գնդակ:

ՀՀ առաջնություններում ամենախոշոր հաշվով հաղթանակն «Ուլիսը» տոնել է  2014թ. «Գանձասարի» նկատմամբ՝ 7:1: Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունները կրել է «Բանանցից» (2006թ.) և «Միկայից» (2007թ.)՝ 0:7:

Բարձրագույն խմբում անցկացրած 10 մրցաշրջանների ընթացքում «Ուլիսի» մարզաշապիկը կրել են  222 ֆուտբոլիստներ, որոնցից թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել վրացի լեգեոնական Թենգիզ Ուգրեկելիձեն` 140: Լավագույն ռմբարկուն Արտյոմ Ադամյանն է, ով 29 գոլի հեղինակ է դարձել: Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արթուր Քոչարյանին` 15 գոլ (2009թ.):

ՀՀ առաջնություններում «Ուլիսը» գլխավորել են 8 մարզիչներ: Թիմում առավել երկար է աշխատել Սևադա Արզումանյանը, որի օրոք ուլիսցիներն անցկացրել են բոլորից շատ խաղեր (133) ու տոնել են բոլորից շատ հաղթանակներ (58):

_ASO6733_1427105157

Վերջում ներկայացնենք  «Ուլիսի» և թիմի լավագույն ռմբարկուների ցուցանիշները ՀՀ առաջնություններում:

ԹՎ. Խ Հ Ո Պ Գ Մ ՏԵՂ (ԹԻՄ. ՔԱՆ.) ՌՄԲԱՐԿՈՒՆ ԳՈԼԵՐ
2006 28 5 2 21 31:66 17 8(8) Գոռ Աթաբեկյան 9
2007 28 8 6 14 21:46 30 7(8) Կարեն Նավոյան 3
2008 28 7 8 13 19:29 29 6(8) Արտյոմ Ադամյան 5
2009 28 16 5 7 47:25:00 53 3(8) Արթուր Քոչարյան 15
2010 28 17 4 7 44:23:00 55 3(8) Շոթա Ջիքիա 6
Վալերի Ալեքսանյան 6
2011 28 15 8 5 38:22:00 53 1(8) Գեորգի Կրասովսկի 8
2012/13 42 11 12 19 41:50:00 45 6(8) Արսեն Բալաբեկյան 11
2013/14 28 7 4 17 21:45 25 7(8) Արտավազդ Բոյաջյան 3
Վիգեն Ավետիսյան 3
Խոսե Ալպուչե 3
2014/15 28 15 5 8 43:32:00 50 2(8) Արտակ Ալեքսանյան 9
Հովհաննես Գոհարյան 9
2015/16 15 0 2 13 08:37 2 8(8) Միլուտին Իվանովիչ 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ