Ինչպիսին մենք կհիշենք «Միկային»

Ֆինանսական ժգնաժամը չհաղթահարվեց

Վերջին մեկ տարում հայկական ֆուտբոլում ցավալի իրադարձություններ տեղի ունեցան: Այդպես էլ չկարողանալով լուծել ֆինանսական լուրջ խնդիրները, «Ուլիսը» չկարողացավ շարունակել ելույթները 24-րդ առաջնության գարնանային հատվածում ու լուծարվեց: Իսկ առաջնության ավարտից հետո պարզ դարձավ, որ նման ճակատագրի է արժանացել նաև հանրապետության ամենափորձառու ու տիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Միկան»:

ՀՖՖ ներկայացրած պաշտոնական գրությունում ակումբի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ անորոշ ժամանակով դադարեցնում են իրենց թիմերի մասնակցությունը Հայաստանի առաջնություններին: Այսպիսով, «Միկան» համալրեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած այն 36 ակումբների տխուր ցանկը, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել են:

Հարկ է նշել, որ «Միկայի» հնարավոր լուծարման մասին լուրերը շրջանառվում էին դեռևս նախորդ առաջնության մեկնարկից առաջ: Ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ թիմը չի մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը, որի հետևանքով «Միկայի» ֆուտբոլիստների մեծամասնությունը լքեց թիմը: Սակայն վերջին պահին հաջողվեց հովանավոր գտնել, որոշ ֆինանսական հարցեր լուծել և հապշտապ նոր թիմ կազմավորել: Ցավոք, այդ ամենը ժամանակավոր էր:

Առաջնության աշնանային հատվածում «Միկան» Արմեն Ադամյանի գլխավորությամբ անհաջող հանդես եկավ: Գարնանը թիմն առաջնությանը ներկայացավ գրեթե ամբողջովին փոփոխված կազմով ու նոր մարզչի՝ Սերգեյ Յուրանի գլխավորությամբ:

Վերջինիս հաջողվեց զգալիորեն կարգավորել «Միկայի» խաղը ու թիմին գավաթի եզրափակիչ դուրս բերեց: Սակայն Եվրոպա լիգայի ուղեգրի և ՀՀ գավաթի համար վճռորոշ խաղում «Բանանցից» կրած պարտությունը ճակատագրական եղավ Սերգեյ Յուրանի համար, ով ստիպված էր հրաժարական տալ: Իր պաշտոնից հեռացավ նաև ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը:

«Միկայի» գլխին մութ ամպեր սկսեցին կուտակվել, երբ ակումբի հիմնադիր և սեփականատեր Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը սնանկացավ: Պարտքի դիմաց ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռին անցան «Միկա» մարզադաշտն ու մարզահամալիրը: Հետագա տարիներին ֆինանսական ճգնաժամն ավելի խորացավ, որի պատճառով «Միկան» ի վերջո լուծարվեց:

«Միկան» գավաթային թիմի համբավ ուներ

«Միկա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվեց 2000թ. գործարար Միքայել Բաղդասարովի ջանքերով: Վերջինիս կատարած ներդրումների շնորհիվ նախկին «Արաքս» մարզադաշտն ու մարզահամալիրը վերածվեցին ժամանակակից կառույցների՝ դառնալով «Միկայի» մարզաբազան:

Առաջին իսկ մրցաշրջանում «Միկան» իր առաջին տիտղոսը նվաճեց: Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ «Միկայի» ֆուտբոլիստները հաջող հանդես եկան Հայաստանի գավաթի խաղարկությունում և Աբովյանում կայացած եզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթելով «Զվարթնոցին», նվաճեցին պատվավոր մրցանակը: Հաջորդ տարի նույն մարզչի գլխավորությամբ «Միկան» կրկնեց գավաթային հաջողությունը՝ այս անգամ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Արարատին»:

Ընդհանրապես «Միկան» գավաթային թիմի համբավ էր ձեռք բերել: Մինչև 2011թ. ներառյալ «Միկան» 6 անգամ (2000-2001, 2003, 2005-2006, 2011թթ.) մտել էր գավաթի եզրափակիչ ու հաղթանակած էր ավարտել վճռորոշ հանդիպումները՝ գավաթով պատվո շրջան կատարելով մարզադաշտում: Այդ նվաճումը հայկական թիմերի մեջ յուրօրինակ ռեկորդ է: Դրանից հետո 2015 և 2016 թթ. գավաթը նվաճելու «Միկայի» հաջորդ երկու փորձերն անհաջողության մատնվեցին:

ՀՀ առաջնություններում «Միկան» առաջին հաջողությունը գրանցեց 2004թ.՝ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մրցանակակիր: Հետագայում «Միկան» ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել է նաև 2005 (գլխավոր մարզիչ՝ Արմեն Ադամյան), 2009 (Սամվել Դարբինյան) և 2012/13թթ. (Ժոլտ Հոռնյակ):

3 անգամ էլ «Միկան» արժանացել է բրոնզե մեդալների (2006թ.՝ Արմեն Ադամյան, 2007թ.՝ Արկադի Անդրեասյան, 2013/14թթ.՝ Արամ Ոսկանյան): Իսկ ահա վերջին առաջնությունն ամենաանհաջողն էր թիմի համար: «Միկան» եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

«Միկայի» ելույթները թվերի լեզվով

Այս տարվա մայիսի 22-ին «Միկա» մարզադաշտում «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը, որում վճռվեց երկրի չեմպիոնի հարցը, ցավոք վերջինը դարձավ «Միկայի» կենսագրությունում: Դա բարձրագույն խմբում թիմի անցկացրած 443-րդ խաղն էր, որից 221-ում միկացիները հաղթել են, 106-ն ավարտել են ոչ-ոքի, 116-ում պարտվել են: «Միկան» խփել է 670 գոլ, սեփական դարպասն ընդունել է 439 գնդակ:

ՀՀ առաջնություններում ամենախոշոր հաշվով հաղթանակները «Միկան» տոնել է   «Դինամոյի» (2001թ.), «Ուլիսի» (2007թ.) և «Շիրակի» (2009թ.) նկատմամբ՝ 7:0: Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է «Փյունիկից» (2014/15թթ.)՝ 0:5:

Բարձրագույն խմբում անցկացրած 16 մրցաշրջանների ընթացքում «Միկայի» մարզաշապիկը կրել են  233 ֆուտբոլիստներ, որոնցից թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230: Լավագույն ռմբարկուն Արտյոմ Ադամյանն է, ով 43 գոլի հեղինակ է դարձել: Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Սեմյոն Մուրադյանին` 18 գոլ (2012/13թթ.):

ՀՀ առաջնություններում «Միկան» գլխավորել են 17 մարզիչներ: Թիմում առավել երկար է աշխատել Արմեն Ադամյանը, որի օրոք միկացիներն անցկացրել են բոլորից շատ խաղեր (91) ու տոնել են բոլորից շատ հաղթանակներ (46):

Վերջում ներկայացնենք  «Միկայի» և թիմի լավագույն ռմբարկուների ցուցանիշները ՀՀ առաջնություններում:

ԹՎ. Խ Հ Ո Պ Գ Մ ՏԵՂ ՌՄԲԱՐԿՈՒՆ
2000 28 15 4 9 45:31 49 4(8) Սամվել Նիկոլյան – 15
2001 22 12 5 5 44:20 41 6(12) Անդրեյ Բուլանով – 12
2002 22 9 6 7 35:28 33 6(12) Անդրեյ Բուլանով – 7

Էդիկ Մանուչարյան – 7

2003 28 15 6 7 49:29 51 4(8) Արտյոմ Ադամյան – 10
2004 28 16 7 5 41:23 55 2(8) Արմեն Շահգելդյան – 12
2005 26 15 8 3 42:18 53 2(8) Արտյոմ Ադամյան – 13
2006 28 17 6 5 45:21 57 3(8) Արմեն Շահգելդյան – 14
2007 28 14 8 6 42:24 50 3(8) Ալեքս դա Սիլվա – 8
2008 28 13 7 8 38:28 46 4(8) Նարեկ Բեգլարյան – 8
2009 28 18 4 6 59:34 58 2(8) Բոտի Դեմել – 14
2010 28 14 4 10 47:31 46 4(8) Էդնեյ դե Օլիվեյրա – 10
2011 28 12 8 8 36:25 44 5(8) Նարեկ Բեգլարյան – 11
2012/13 42 24 7 11 57:40 79 2(8) Սեմյոն Մուրադյան – 18
2013/14 28 12 11 5 36:27 47 3(8) Վարդգես Սաթումյան – 8
2014/15 28 9 10 9 33:34 37 5(8) Գևորգ Կարապետյան – 7
2015/16 28 9 5 14 30:32 32 7(7)

Սամվել Մելքոնյան – 5

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ