Ինչպիսի՞ն կլիներ «Փյունիկի» կազմը, եթե պահպաներ առաջատար ֆուտբոլիստներին

«Վիվառո Նյուզն» ընթերցողներին է ներկայացնում «Փյունիկի» ներկայիս մեկնարկային օպտիմալ կազմի իր վարկածը՝  հաշվի առնելով վերջին 10 մրցաշրջանների (2006-2015/16թթ.) ընթացքում թիմից հեռացած և այժմ այլ ակումբներում հանդես եկող առաջատար ֆուտբոլիստներին: Այսինքն, եթե մի պահ պատկերացնենք, որ նշված ժամանակահատվածում «Փյունիկին» հաջողվել է  պահպանել իր առաջատար ֆուտբոլիստներին, ապա թիմը Հայաստանի հոբելյանական՝  25-րդ առաջնությանը կներկայանար հետևյալ օպտիմալ մեկնարկային կազմով:

Դարպասապահ

Գևորգ Կասպարով – Հատկապես վերջին տարիներին «Փյունիկում» դարպասապահի խնդիրը միշտ առկա է եղել: Վերջին 10 մրցաշրջաններում թիմում իրենց կարիերան սկսել են մի քանի երիտասարդ դարպասապահներ, սակայն տարբեր պատճառներով հեռացել են «Փյունիկից»: Այնպես որ ներկայումս հիանալի մարզավիճակում գտնվող փորձառու Գևորգ Կասպարովի թեկնածությունը միանշանակ է: Նա թիմի դարպասը պաշտպանել է 2005-2006թթ.՝ իր խաղընկերների հետ միասին արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին:

Թեև 2006թ. առաջնության ավարտից հետո Կասպարովը մեկնեց Իրան, սակայն հաջորդ տարվա ամռանն օգնեց «Փյունիկին» հաջող ելույթներ ունենալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Իռլանդական «Դերի Սիթիի» և Դոնեցկի «Շախտյորի» հետ կայացած 3 հանդիպումներում Կասպարովը գոլ բաց չթողեց՝ 223 րոպե շարունակ անառիկ պահելով դարպասը:

Ձախ պաշտպան

Լևոն  Հայրապետյան – Երբ 2015թ. գարնանը Լևոն Հայրապետյանը տեղափոխվեց «Փյունիկ», նա արդեն Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու զգալի փորձ ուներ: Ուստի պատահական չէ, որ Հայրապետյանն անմիջապես իր հաստատուն տեղը գտավ «Փյունիկի» մեկնարկային կազմում: Արագաշարժ ֆուտբոլիստը բացի իր հիմնական պարտականությունների կատարումից հաճախակի է մասնակցում թիմի գրոհներին՝ դիմելով եզրային սուր ճեղքումների, որոնցից հետո մեկ անգամ չէ, որ վտանգավոր պահեր են ստեղծվել մրցակիցների դարպասին:

Վարազդատ Հարոյան - Լևոն Հայրապետյան

Կենտրոնական պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան – Ֆուտբոլային կարիերան «Փյունիկում» սկսած Արզումանյանը թեև վերջին 10 մրցաշրջաններում ընդամենը 2 տարի է (2006-2007թթ.) հանդես եկել հարազատ ակումբում, սակայն իրավացիորեն իր տեղն է գտել թիմի օպտիմալ կազմում: Պաշտպանական գործողությունները կազմակերպելու նրա փորձն ու հմտությունները, խաղընկերներին ժամանակին փոխօգնության գալն ու գլխով խաղին լավ տիրապետելը Արզումանյանին էին վերապահել թիմի հետին գծի առաջատարի դերը, ինչը նա հաջողությամբ էր իրականացնում:

Վարազդատ Հարոյան – Վերջին 10 մրցաշրջաններում կենտրոնական պաշտպանի գոտում հանդես եկած ֆուտբոլիստներից Ռոբերտ Արզումանյանից հետո բոլորից հուսալի է գործել Վարազդատ Հարոյանը՝ աչքի ընկնելով կայուն ելույթներով: Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող Հարոյանն էլ լավ է տիրապետում գլխով խաղին՝ հաճախակի հաղթող դուրս գալով օդային մենամարտերում: Նա մշտապես պայքարի բովում է, ինչի պատճառով երբեմն դիմում է նաև կոպիտ խաղի՝ արժանանալով դեղին ու կարմիր քարտերի:

Աջ պաշտպան

Կամո Հովհաննիսյան – Կամոն ունիվերսալ ֆուտբոլիստ է և խաղային ցանկացած դիրքում իրեն կարող է լավագույն կողմերով դրսևորել: Սակայն աջ պաշտպանի դիրքը նրան ավելի հոգեհարազատ է: Տիրապետելով բարձր արագության և լավ խաբքերի, Հովհաննիսյանը մշտապես միանում է թիմի գրոհներին՝ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասին և ինքն էլ հաճախակի գոլային վերջակետ է դնում: «Փյունիկում» անցկացրած առաջնության 160 հանդիպումներում նա արդեն 27 գոլի հեղինակ է դարձել: Հովհաննիսյանն արդյունավետ խաղով աչքի է ընկել 2012/13 և 2014/15թթ. առաջնություններում՝ դառնալով 10-ական գոլի հեղինակ: Իսկ ահա անցած մրցաշրջանում նրա մոտ խաղային որոշակի անկում նկատվեց, որի հետևանքով նա նույնիսկ որոշ ժամանակով դուրս մնաց ՀՀ ազգային հավաքականի կազմից:

Հենակետային կիսապաշտպան

Կառլեն Մկրտչյան – Հանդես գալով հենակետայինի գոտում, Կառլեն Մկրտչյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում՝ մշտապես պայքարի մեջ մտնելով մրցակցի հետ: Ընդամենը 5 մրցաշրջան (2007-2011թթ.) անցկացնելով «Փյունիկում», Մկրտչյանը կարճ ժամանակահատվածում դարձել էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Կառլենի համար հատկապես հիշարժան էր 2010թ. մրցաշրջանը: Առաջնության վերջնագծում «Բանանցի» հետ ոսկե մեդալների համար կայացած վճռորոշ խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հենց Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ «Փյունիկին» հաջողվեց չեմպիոնության համար մղվող պայքարի ելքը վճռել հօգուտ իրեն: Իսկ մրցաշրջանի ավարտից հետո Կառլեն Մկրտչյանը ճանաչվեց 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ նրա ֆուտբոլային հետագա կարիերայի վրա:

Ձախ կիսապաշտպան

Գևորգ Ղազարյան – 2006թ. 18 տարեկանում նորամուտը նշելով «Փյունիկում», Գևորգ Ղազարյանը շատ կարճ ժամանակահատվածում իրեն լավագույն կողմերով դրսևորեց: Տեխնիկապես լավ պատրաստված, արագաշարժ ֆուտբոլիստի տարերքը եզրային սուր ճեղքումներն են: Մեկ անգամ չէ, որ նրա սլացիկ անցումներից ու ճշգրիտ փոխանցումներից հետո խաղընկերները գրավել են մրցակցի դարպասը: Այդ հարցում Գևորգն էլ խաղընկերներից հետ չէր մնում՝ «Փյունիկում» անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում դառնալով 43 գոլի հեղինակ՝ ընդգրկվելով թիմի բոլոր ժամանակների 10 լավագույն ռմբարկուների ցանկում: Արդյունավետ խաղով Գևորգը հատկապես աչքի ընկավ 2010թ.՝ 16 գնդակով Մարկոսի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Ցավոք վերջին շրջանում Ղազարյանին չի հաջողվում դրսևորել խաղային իր նախկին լավագույն որակները, ինչը պայմանավորված է նաև վնասվածքներով: Դրա հետևանքով էլ առայժմ փորձառու ֆուտբոլիստը չի արժանացել ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ուշադրությանը:

Աջ կիսապաշտպան

Էդգար Մանուչարյան –Հայկական ֆուտբոլի հրաշամանուկը դեռևս 2002թ. 15 տարեկանում է նորամուտը նշել «Փյունիկում»: Արդեն պատանեկան տարիքում Էդգարն աչքի էր ընկնում իր ֆուտբոլային տաղանդով, ռմբարկուի հատկանիշներով: 17 տարեկանում նա իր թիմակից Գալուստ Պետրոսյանի հետ 21 գնդակով արժանացավ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին, իսկ մրցաշարի ավարտից հետո պայմանագիր կնքեց հանրահայտ «Այաքսի» հետ: Ցավոք հաճախակի վնասվածքները թույլ չտվեցին Էդգարին լիովին դրսևորելու ֆուտբոլային իր ողջ տաղանդը: Թեև վերջին 10 տարիներին Մանուչարյանը «Փյունիկում» ընդամենը 2 ոչ լրիվ մրցաշրջան է (2010-2011թթ.) անցկացրել, սակայն անկասկած արժանի է այդ ժամանակահատվածի թիմի օպտիմալ կազմում ընդգրկվելուն:

Armenia-U-21-03_06_09-4

Ենթահարձակվողներ

Հենրիխ Մխիթարյան – Հայկական և համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղերից մեկը 2006թ. նորամուտը նշելով «Փյունիկում», շատ կարճ ժամանակահատվածում կատարելագործեց վարպետությունն ու դարձավ ոչ միայն թիմի, այլև ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ իր վրա սևեռելով արտերկրի թիմերի մարզիչների ուշադրությունը: Ուստի պատահական չէ, որ արդեն 2009թ. մրցաշրջանի կեսերին կայացավ 20-ամյա Մխիթարյանի առաջին տրանսֆերը:  Տաղանդավոր ֆուտբոլիստը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղից էլ սկսվեց նրա սրընթաց վերելքը դեպի ֆուտբոլային օլիմպոս:

Մարկոս Պիզելի – Բրազիլացի ֆուտբոլիստն ընդամենը 3 ոչ լրիվ մրցաշրջան (2009-2011թթ.) անցկացրեց «Փյունիկում»՝ տեղափոխվելով «Արարատից», որի կազմում նախորդ երկու մրցաշրջաններում դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու (2007թ.՝  22 գոլ, 2008թ.՝ 17): Սակայն այդ ժամանակահատվածն էլ բավական էր «Փյունիկի»  առանցքային ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար: Օժտված լինելով բարձր վարպետությամբ ու տեխնիկայով, տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, Մարկոսը «Փյունիկում» էլ աչքի ընկավ արդյունավետությամբ՝ ընդհանուր առմամբ խփելով 31 գնդակ, ինչը լավագույն արդյունքն է թիմում հանդես եկած լեգեոնականների մեջ: Իսկ 2010թ. նա իր թիմակից Գևորգ Ղազարյանի հետ 16 գնդակով 3-րդ անգամ ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

Հարձակվող

Սեսար Ռոմերո – Թեև մեքսիկացի ֆուտբոլիստն ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «Փյունիկի» կազմում, սակայն իր արդյունավետ խաղով մեծապես նպաստեց, որ թիմը 3-ամյա ընդմիջումից հետո 2014/15թթ. մրցաշրջանում կրկին ուժեղագույնը ճանաչվի հանրապետությունում: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, Սեսար Ռոմերոն իրեն հիանալի էր դրսևորում ստանդարտ դրություններն իրացնելիս: Մեքսիկացի հարձակվողը շիրակցի Ժան Ժակ Բուգուհիի հետ 21 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Մինչ օրս էլ «Փյունիկում» Սեսարին համարժեք փոխարինող չգտնվեց:

Փյունիկի լավագույն թիմը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ