Ինչպիսի՞ն կլիներ մրցաշարային աղյուսակը, եթե հաշվի առնվեին միայն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների խփած գոլերը

Մինչև ընթերցողներին մրցաշարային աղյուսակը ներկայացնելը, նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացած 36 հանդիպումներում մասնակից 6 թիմերի կազմերում ընդհանուր առմամբ խաղադաշտ դուրս եկած 145 ֆուտբոլիստներից 62-ն են մինչև 23 տարեկան, ինչը կազմում է 42,7 տոկոս:

Երիտասարդ ֆուտբոլիստների քանակով մրցակցությունից դուրս է «Փյունիկը»: Թիմի կազմում ասպարեզ դուրս եկած 24 ֆուտբոլիստներից 21-ը մինչև 23 տարեկան են: Իսկ ահա «Ալաշկերտում» խաղերին մասնակցած 24 ֆուտբոլիստներից և ոչ մեկը 23 տարեկանից փոքր չէ: Ուստի «Փյունիկը» միավորների յուրօրինակ հաշվարկի դեպքում հայտնվում է ամենաշահեկան, իսկ «Ալաշկերտը»՝ ամենավատ վիճակում:

Երիտասարդ ֆուտբոլիստների քանակով 2-րդ ցուցանիշն ունի «Արարատը»: Վերջին շրջանում թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը համարձակորեն խաղադաշտ է դուրս բերում երիտասարդներին: Դրա արդյունքում «Արարատի» կազմում հանդես եկած 32 ֆուտբոլիստներից 17-ը մինչև 23 տարեկաններ են:

«Բանանցում» 26 ֆուտբոլիստներից 12-ն են մինչև 23 տարեկան, «Շիրակում»՝ 21-ից 8-ը, «Գանձասար Կապանում»՝ 18-ից 4-ը:

Իսկ այժմ ընթերցողներին ծանոթացնենք միավորների հաշվարկին: Բնականաբար, եթե հանդիպման գոլերի հեղինակներ են դարձել 23 տարեկան և ավելի բարձր տարիքի ֆուտբոլիստները, ապա մրցաշարային աղյուսակում այդ խաղի արդյունքը գրանցվում է որպես գոլազուրկ ոչ-ոքի:

Քանի որ «Ալաշկերտի» կազմում 23-ից ցածր տարիքի ֆուտբոլիստներ հանդես չեն եկել, ուստի լավագույն դեպքում երկրի չեմպիոնն իր խաղերը կարող էր ավարտել գոլազուրկ ոչ-ոքի:

Կոնկրետ օրինակների վրա դիտարկենք, թե ինչպես կավարտվեին խաղերը, եթե հաշվի առնվեին միայն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների խփած գոլերը: 4-րդ տուրի «Բանանց»-«Գանձասար Կապան» հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի 4:1 խոշոր հաշվով հաղթանակով: Այդ խաղում «Բանանցի» խփած 4 գոլերի հեղինակներն էլ 23-ից բարձր տարիք ունեին: Իսկ ահա գանձասարցիներից միակ գոլը խփել էր 21-ամյա Լուբամբո Մուսոնդան: Ուստի ստորև ներկայացվող աղյուսակում գանձասարցիներին այդ խաղում 1:0 հաշվով հաղթանակ է գրանցվել:

Մարտական ոչ-ոքի (2:2) ավարտված «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղում գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստներից միայն շիրակցի Վիուլեն Այվազյանն էր 23 տարեկանից փոքր: Ուստի այդ խաղում շիրակցիներին 1:0 հաշվով հաղթանակ է շնորհվել:

Վյուլեն Այվազյանը գնդակի համար պայքարում է «Բանանցի» ֆուտբոլիստի դեմ /լուսանկարը՝ armnoc.am/

Վյուլեն Այվազյանը գնդակի համար պայքարում է «Բանանցի» ֆուտբոլիստի դեմ /լուսանկարը՝ armnoc.am/

Ի դեպ, 21-ամյա Վիուլեն Այվազյանը 4 գնդակով ոչ միայն առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, այլ նաև լավագույն արդյունքն ունի մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների մեջ: Նրանից մեկ գոլ պակաս է խփել 20-ամյա փյունիկցի Ալիկ Առաքելյանը: Իսկ ընդհանրապես առաջնությունում գրանցված 74 գոլերից 23-ը բաժին է ընկնում մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներին:

VivaroNews.am-ը ներկայացնում է առաջնության աղյուսակը 12-րդ տուրից հետո, որում հաշվի են առնված միայն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների խփած գոլերը:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1.Փյունիկ 12 7 4 1 9-3 25
2.Շիրակ 12 4 6 2 7-3 18
3.Գանձասար Կապան 12 3 7 2 3-4 16
4.Բանանց 12 2 6 4 3-5 12
5.Արարատ 12 1 7 4 1-4 10
6.Ալաշկերտ 12 0 8 4 0-4 8

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ