Ինչպես Վրաստանը հյուրընկալեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը. Հարցազրույց ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի հետ

Այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 2016թ. Սուպերգավաթը, որը կընդունի Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքը: 2013 թվականից այս մրցաշար-հանդիպումը շրջում է Եվրոպայով մեկ, իսկ անցյալ տարի մեզ այնքան մոտ էր, որ հայ ֆուտբոլասերներից շատերը կարողացան անձամբ ներկա գտնվել խաղին: Թբիլիսի մեկնած, ինչպես նաև հեռուստաէկրաններից խաղին հետևած բոլոր ֆուտբոլասերների մոտ հարց էր ծագում՝ արդյո՞ք Երևանը չի կարող մի օր ընդունել նման մեծ մարզական իրադարձություն:

Վիվառո Նյուզը զրուցել է Թբիլիսիում Եվրոպայի Սուպերգավաթի կազմակերպչական կոմիտեի անդամ, ՈՒԵՖԱ-ի Մեդիա պատվիրակ Մամուկա Կվարացխելիայի հետ, ով պատմել է միջոցառման կազմակերպման մանրամասների մասին:

«ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ տարբեր երկրներում անցկացումը այն ժամանակ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ծրագրերից մեկն էր: Նախաձեռնությունը հենց նրա կողմից էր, սակայն Վրաստանի Կառավարությունը ևս դրսևորեց բարձր պատրաստակամություն, ու հենց նրանք ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց իրականացնել այս մեծ ծրագիրը»,-սկսեց Կվարացխելիան:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացումը Թբիլիսիում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ կատարված կարևոր քայլ էր, որն արդեն իսկ տալիս է իր արդյունքները: Դեռ ամառվա կեսին քաղաքը ընդունել է մի քանի անգամ շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարիներին: Հենց այդ հաշվարկով է կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը, որը, փաստորեն արդարացրել է նպատակը:

«Մեզ համար շատ կարևոր էր, որ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գան և ճանաչեն Թբիլիսին, ծանոթանան վրացիների հետ, համտեսեն տեղի ճաշատեսակները, կապվածություն ձեռք բերեն մեր քաղաքի հետ: Դրանից հետո նրանք անպայման մի օր կվերադառնան այստեղ»,-ասում է Կվարացխելիան:

Mamuka

Կազմակերպչական գործընթացը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ Վրաստանը նախապատրաստել է հայտը: Միջոցառումն ընդունելու համար բազմաթիվ պարտադիր պայմաններ կան: Բացի մարզադաշտին առաջադրվող պահանջներից, ընդունող քաղաքը ևս պետք է պատրաստ լինի միջոցառմանը: Մասնավորապես, կարևորվում է քաղաքի հյուրանոցային ցանցը, տրանսպորտային ենթակառուցվածքները, օդային հաղորդակցության հնարավորությունները:

«Միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերով նման միջոցառման կազմակերպման հնարավորություն ստանալն անհնար կլիներ: Պետք է երկիրն ամենաբարձր մակարդակով զբաղվի այս հարցով ու հստակ պատասխանատվություններ ստանձնի, որպեսզի հնարավոր լինի ընդունել այս մասշտաբի միջոցառում»,-պնդում է Կվարացխելիան:

«Դինամո Արենա» մարզադաշտը՝ Սուպերգավաթի անցկացման վայրը ևս որոշակի վերակառուցման էր ենթարկվել հանդիպման ընդունման համար: Մասնավորապես, թարմացվել էին մարզադաշտի նստատեղերը, վերանորոգվել և վերազինվել էր մեդիա կենտրոնը և մեդիա տրիբունան: «Դինամո» մարզադաշտում բավականին ընդարձակ երկու սենյակ էր ընդգրկում, որոնցից մեկը հանդիպումներ սրահն էր, իսկ մյուսը՝ մամուլի ներկայացուցիչների աշխատասենյակը: Վերջինս զարդարված էր «Դինամո» ակումբի պատմությանը նվիրված լուսանկարներով ու սիմվոլիկայով, ու պատրաստ էր միաժամանակ աշխատելու հնարավորություն ընձեռել մոտ 70-80 լրագրողի:

«ՈՒԵՖԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում լրագրողների համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը: «Դինամո» մարզադաշտը մեծ մասամբ պատրաստ էր հանդիպմանը, քանի որ նոր սեփականատերերի կողմից ձեռք բերվելուց հետո արդեն իսկ վերանորոգվել էր: Ուստի, մեր ամենակարևոր աշխատանքը, թերևս, մեդիա կենտրոնի վերակառուցումն ու վերազինումն էր: Բացի այդ, մամուլի համար նախատեսված տրիբունայի վրա տեղադրվեց շարժական ծածկ, որպեսզի հնարավոր լինի աշխատել նաև անձրևային եղանակի դեպքում»,-պատմում է ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակը:

Չնայած վրացական կողմի գործադրած մեծ ջանքերին՝ Սուպերգավաթի անցկացումը զերծ չմնաց նաև թերություններից: Տոմսերի վաճառքի պաշտոնական մեկնարկի հենց առաջին րոպեներին էլեկտրոնային պատվիրման համակարգը խափանվեց և այլևս այդպես էլ չվերականգնվեց: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված եղավ վաճառքը կազմակերպել դրամարկղերով:

«Միջազգային մրցույթ էր հայտարարվել, որը հաղթեց հենց Biletebi վրացական կազմակերպությունը: Նրանք հատուկ այս միջոցառման համար արտասահմանից նոր սերվերներ էին ներգրավել և նոր համակարգ տեղադրել, որպեսզի կարողանան ապահովել տոմսերի առցանց վաճառքը: Բոլոր այս թարմացումներից հետո նրանց համակարգը թույլ էր տալիս 1 րոպեում մշակել տոմսերի վաճառքի 2500 պատվեր: Սակայն վաճառքի մեկնարկի հենց առաջին րոպեին համակարգը ստացել էր ավելի քան 100000 հարցում և շարքից դուրս եկել: Ստիպված եղանք արագ ու իրավիճակային որոշում կայացնել, սակայն, փառք Աստծո, կարողացանք դուրս գալ իրավիճակից: Հանդիպմանը ներկա գտնվեց 52000 հանդիսական, որը ռեկորդային էր Սուպերգավաթի խաղի համար»,-հիացմունքով նշում է Կվարացխելիան՝ չժխտելով, որ տոմսերի վաճառքի գործընթացն, այնուամենայնիվ, բավականին վատ կազմակերպվեց: «Գիտեք, ես հարյուրավոր զանգեր էի ստանում տարբեր երկրներում գտնվող իմ ընկերներից: Բայց նույնիսկ իմ ընտանիքի համար տոմսեր չեմ կարողացել ապահովել: Իմ եղբայրը հերթ է կանգնել ու անձամբ գնել տոմսերը»:

Ընդհանուր առմամբ, Կվարացխելիան հաջողված է համարում Սուպերգավաթի անցկացումը Թբիլիսիում: «Իսկական տոն էր, վրացական հյուրընկալություն, ջերմ մթնոլորտ: Պատահական չէր, որ այդ խաղում գոլային արդյունավետության ռեկորդ գրանցվեց՝ 9 գոլ: Կարող եմ ասել, որ այս ծրագիրը շահավետ եղավ բոլոր կողմերի համար էլ, թե՛ ՈՒԵՖԱ-ն գոհ եղավ, թե՛ Վրաստանի Կառավարությունը, որը կարողացավ իր ժողովրդին մեծ տոն պարգևել, ու միաժամանակ մեծ քայլ կատարել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Կարծում եմ՝ Հայաստանը ևս կարող է նման միջոցառում ընդունել, բայց այդ գործում պետք է ներգրավված լինի երկրի ղեկավարությունը, միայն ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերը շատ քիչ են»,-եզրափակեց Կվարացխելիան:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ