Ինչպես է Գյումրիում ծաղկում աղջիկների ֆուտբոլը

Կանանց ֆուտբոլի զարգացումը, ինչպես շատ երկրներում, Հայաստանում՝ ավելի ևս, ֆուտբոլի զարգացման ծրագրերին զուգահեռ պարտադրված գործողություններ են ընդամենը, որոնք տարիներ շարունակ արվում են, իսկ արդյունքները՝ տարիներ շարունակ ուշանում: Սակայն, պարզվում է՝ նույնիսկ Հայաստանում կան ոլորտի նվիրյալներ, որոնք լրջորեն զբաղվում են կանանց ֆուտբոլի զարգացմամբ, ու կան աղջնակներ, ովքեր լրջորեն երազում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհիներ դառնալու մասին:

Արդեն 3 տարի Գյումրիում գործում է աղջիկների «Գյումրի» թիմը: Սկսելով ընդամենը 10 երեխաներից՝ թիմի հիմնադիր «Տրիբունա» ակումբ հասարակական կազմակերպությունը, մարզիչ Սենիկ Առաքելյանի ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր մարզվողների թիվը հասցրել է մոտ 40-ի: Աղջիկները, որ հիմնականում 2000-2004թթ. ծնվածներ են, առավելապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, ում համար ֆուտբոլային խաղադաշտում ոչ մի դժվարություն վախենալու չէ:

Մարզվողների թվի աճին զուգահեռ ստեղծվել է նաև երկրորդ թիմը, ինչը թույլ է տալիս մարզումային գործընթացը բարձր հիմքերի վրա դնել: Այսպես, առաջին թիմը հիմնականն է, որի հետ տարվում է առավել պրոֆեսիոնալ աշխատանքը, որը ներկայացնում է ակումբը մրցաշարերում, և որի հետ մեծ հույսեր են կապվում: Երկրորդ թիմը սնուցում է առաջին թիմին, այսինքն՝ պատրաստում ֆուտբոլիստուհիների առաջին թիմի համար, ծառայում նոր երեխաներին փորձաշրջան անցկացնելու, թիմի ռոտացիան ապահովելու համար:

12953055_1279576888722309_192227552_o

«Գյումրի» թիմը արդեն մի քանի տարի է, ինչ մասնակցում է Հայաստանի առաջնություններին՝ 3 ամիսը մեկ անցկացվող մինի-մրցաշարերին: Տիտղոսների շարքը առայժմ ծավալուն չէ, բայց կարևորը՝ դատարկ էլ չէ՝ 1 հաղթանակ Բ խմբում, 2 բրոնզե մեդալ Ա խմբում: Վերջին մրցաշարում, որն ավարտվել է օրեր առաջ, «Գյումրին» կիսել էր երրորդ-չորրորդ տեղերը: Մարզիչ Սենիկ Առաքելյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ թիմը 4-5 ամիս դահլիճային մարզումներից հետո անմիջապես դուրս էր եկել մեծ դաշտ: «Խաղերը որ տեսնեիք, դրանք պարտվելու խաղեր չէին, մեր աղջիկները հավասար պայքար մղեցին, ինչը ևս պարտավորեցնում է, որ նրանց հետ լուրջ աշխատանք տանենք, փորձենք լուսավորել նրանց ապագան»,-նշում է Առաքելյանը:

«Գյումրի» թիմը արդեն սկսել է ֆուտբոլիստուհիներ տալ Հայաստանի տարիքային հավաքականներին, մասնավորապես՝ մեկը արդեն համալրել է Հայաստանի աղջիկների Մ 17 հավաքականը, ևս մի քանիսը մոտ ժամանակներս փորձաշրջան են անցնելու այնտեղ: Ֆուտբոլիստուհիների հետ աշխատանքը և նրանց ցուցադրած աճը հետաքրքրվածություն է առաջացրել նաև դրսում: Առաջարկներ կան նրանց տեղափոխելու արտերկրի ակումբներ, մասնավորապես՝ «Կրասնոդար» ակումբ, սակայն մարզիչը գտնում է, որ նրանց դեռ վաղ է գնալ արտերկիր: Բացի այդ, ակումբը լրիվ ուրիշ, ավելի մեծ ծրագրեր ունի՝ ստեղծել պրոֆեսիոնալ թիմ ու մասնակցել միջազգային մրցաշարերի, ընդհուպ մինչև Չեմպիոնների լիգա:

Ցավոք, դրված նպատակներն ու առկա ռեսուրսներն առայժմ համաքայլ չեն շարժվում: Ակումբը մարզումների մշտական վայր չունի, տաք ամիսներին մարզումները հարմարեցնում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի բավականին խիտ գրաֆիկին, իսկ ձմռանը մարզվում է քաղաքի տարբեր մարզադահլիճներում: Ամեն ինչ կատարվում է անձնական կապերի հաշվին, և ընդհանրապես, մարզիչ Սենիկ Առաքելյանն էլ աշխատում է կամավորական հիմունքներով:

Չնայած դրան՝ բազմաթիվ խնդիրներ էլ արդեն հաղթահարվել են: «Սկզբնական շրջանում շատ էին խանգարում մենթալիտետը և հասարակության մեջ առկա կարծրատիպերը, թե ֆուտբոլը աղջկա սպորտ չէ: Բայց հիմա դա նահանջում է, որովհետև արդյունքները ու հաջողությունները ապացուցում են, որ աղջիկները ևս կարող են մարզվել, առողջ ապրել և իրենց համար ստեղծել երկրորդ ընտանիք»,-նշում է Առաքելյանը: Մարզչի խոսքերով՝ աղջիկների հետ տարվող աշխատանքը չի սահմանափակվում ֆուտբոլային մարզումներով. «Հոգեբանական առումով ևս մեծ աշխատանք է տարվում, սկսած նրանց վարքից, մինչև սոցիալական ցանցեր, մարդկային շփում, և այլն»:

12953081_1279576905388974_45329976_o

Մարզիչը նշում է, որ իրենք իրենց աշխատանքով կարողացել են ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածություն ու պահանջարկ ստեղծել աղջիկների շրջանում: Տարվա ընթացքում կազմակերպում են տարբեր միջոցառումներ, ճանաչողական այցեր, այս տարի էլ ճամբար են նախատեսում: Կանանց միամսյակի առթիվ ամեն տարի կազմակերպում են նաև աղջիկների ֆուտբոլի դպրոցական մրցաշար, որի մասնակից թիմերի թիվն այս տարի հասել է 16-ի՝ Գյումրիից ու հարակից 3 համայնքներից: Այս ամենը ոգևորում է աղջիկներին, ու դրա հաշվին մարզվողների պակաս «Գյումրի» թիմը չի ունենում:

Թիմի մոտակա ծրագրերում է ամռանը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հավաքի անցկացումը և մասնակցությունը մրցաշարին, որին 4 բավականին ուժեղ թիմեր են հավաքվում: Այս նպատակով թիմն այժմ փորձում է ֆինանսավորման խնդիր լուծել: Նախորդ տարի «Գյումրին» Թբիլիսիում անցկացրել է իր առաջին միջազգային հանդիպումը, ու այս տարի Առաքելյանը ցանկանում է միջազգային մրցաշար կազմակերպել հենց Հայաստանում: Հրավերներ են ուղարկվել ռուսական և վրացական մեկական թիմի, եթե կարողանան իրենց միջոցներով գալ, 4 թիմանոց մրցաշար կկազմակերպվի:

Երազանքների հորիզոնը բաց է այս աղջնակների համար, ու դա 3 տարվա աշխատանքի ամենամեծ արդյունքն է: Նրանց համար իրականությունն արդեն փոխված է, նրանք ապրում են ֆուտբոլային կյանքով, նրանց համար ամեն ինչ այսուհետ որոշվում է հենց ֆուտբոլային խաղադաշտում:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ