Ինչպես չհաղթել ուժեղ կազմով. «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական պրեմյեր Լիգայի մրցաշրջանի մեկնարկից առաջ ծանոթանալով մասնակից բոլոր թիմերի կազմերին, մեզանից յուրաքանչյուրն ակամա ամեն ինչից արտաբերեցինք «Մանչեսթեր Յունայթեդն» է չեմպիոն դառնալու»: Եվ դրա պատճառն ամենևին էլ Մխիթարյանի գործոնը չէ: Իսկապես: Փորձենք թվարկել այն բոլոր չափորոշիչները, որոնք ամեն ինչից անկախ ու դեռ խաղաշրջանը չմեկնարկած, «կարմիր սատանաներին» դարձրել էին չեմպիոն:

  • Հաղթող մարզիչ – Ժոզե Մոուրինյո
  • Գերազանց տրանսֆերտային քաղաքականություն (թվացյալ)
  • Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի առկայություն – Պոլ Պոգբա
  • 2 տարբեր առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ – Զլատան ու Մխիթարյան
  • Ամենաերկար պահեստայինների նստարան

Մրցաշրջանի մեկնարկն իսկապես հաջող էր: Միանգամից մի քանի հաղթանակ ներքին առաջնությունում, ինչպես նաև նվաճված առաջին տիտղոսը՝ Անգլիայի Սուպեր Գավաթ: Բայց հետո տեղի ունեցավ անբացատրելին: Թիմի արդյունքները հավասարվեցին հատակապատաճեղքային տափակափայտի մակարդակի: Ամեն ինչ սկսվեց քաղաքային դերբիից, որտեղ «Յունայթեդը» զիջեց «Սիթիին»: Այդ խաղը շատ առումներով դարձավ ճակատագրական թիմի ու խաղացողների համար: Այդ օրից ի վեր Հենրիխ Մխիթարյանը դադարեց հայտնվել թիմի հայտացուցակում: Ժոզեն ամեն անգամ ասում է, որ Հենոն կարևոր ֆուտբոլիստ է, իր շանսը կստանա, դեռ իր խոսքը կասի, բլա բլա բլա…Իրականում տեղի է ունենում լրիվ հակառակը: Մխիթարյանը արժանացել է Խաչատուր Աբովյանի ճակատագրին, իսկ «ՄՅու»-ի խաղը նման է ձանձրալի սիթքոմի, երբ գիտես, որ անհետաքրքիր է, բայց միևնույն է, սպասում ես ինչ-որ զարգացման:

Իրականում այն ինչ տեղի է ունենում  անգլիական սուպեր թիմում՝ աղետ է: Իհարկե սպասելի էր, որ սա տեղի կունենա, բայց ոչ այսքան շուտ: Ժոզե Մոուրինյոյին շատերը համարում են հանճար, իսկ մի ստվար զանգված էլ՝ անհավասարակշիռ ու վատ մարզիչ: Թե քանի գերազանց ֆուտբոլիստի ճակատագիր է նա խեղել, գիտեն շատերը: Հիմա պատկերը նույնն է: Ակնհայտորեն Բաստիան Շվայնշտայգերն ու Հենրիխ Մխիթարյանը չեն մտնում նրա ծրագրերի մեջ: Հետևաբար նման անհանդուրժողականության մթնոլորտում բարդ է ցուցադրել որևէ արդյունք: Եթե հիշենք «յուրահատուկի» նախկին աշխատավայրերը, ապա կտեսնենք, որ մեկ հաջող մրցաշրջանից հետո նրան կամ հեռացրել են կամ ինքն է հեռացել անբավարար արդյունքների համար: «Մանչեսթերյան» այսօրվա աղետի մեղավորները, ի տարբերություն Հայաստանի, երկրպագուներն ու լրագրողները չեն: Մեղադրել կարելի է մարզչին, ով պարզապես ամենաանհրաժեշտ պահին անտեսում է արժեքավոր ֆուտբոլիստին ու թիմից հեռացնում խորհրդանիշին: Մեղադրել կարելի է ակումբի ղեկավարությանը, ովքեր ակնհայտորեն ձախողվել են ամռան ընթացքում: Իբրան ակնհայտորեն իրեն լավ չի զգում նոր առաջնությունում, Պոգբան այժմ ոչ միայն չի համապատասխանում իր համար վճարված 105 միլիոնին, այլ հեռու է անգամ 15 միլիոնից, Մխիթարյանն էլ «դեռ չի հարմարվել»:

Ստեղված իրավիճակը հիշեցնում է երևույթներ, որոնք մինչև այժմ կրկնվել են այլ ակումբներում:

  • 2004 թվականին Մադրիդի «Ռեալն» իր կազմում ուներ բոլոր նրանց, ում մասին կարելի էր երազել՝ Զիդան, Ֆիգու, Բեքհեմ, Ռոնալդո, Ռաուլ, Ռոբերտո Կառլոս: Սակայն թիմը Չեմպիոնների լիգայում զիջեց համեստ «Մոնակոյին»: Ու այդպես մի քանի տարի շարունակ:

real-galaktikos

  • Եղավ մի պահ, որ Ռուսաստան եկան համաշխարհային ֆուտբոլի մի շարք աստղեր կարիերան շարունակելու: Մասնավորապես 2005-ից Մոսկվայի «Դինամոն» դարձավ յուրահատուկ հանրակացարան-գաղթօջախ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսի համար: Դեռլեյ, Մանիշե, Կոշտինյա, Դաննի…դրանց գումարեք նաև մի շարք ռուս հայտնի ու հաջողակ ֆուտբոլիստների ու կստացվի գերհզոր կազմ: Սակայն 2006 թվականին, նման վարպետներով հանդերձ, «Դինամոն» քիչ էր մնում դուրս մնար առաջնությունից:
  • 2011-ին լուրջ գումարներ հասան նաև Մախաչկալա: Տեղի «Անժին» միանգամից ձեռք բերեց բազմում հայտնի աստղերի, այդ թվում և Վիլիանին ու անգամ Սամուել Էտո՛Օ-ին՝ նրան դարձնելով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Բայց այստեղ էլ՝ միլիոնների առկայությունը դեռ հաջողության գրավական չդարձավ: Ինչպես միջակ կար «Անժին», այդպես էլ մնաց:

anzhi

  • Բայց միայն ակումբներում չէ, որ տիրում է նման պատկեր: «Աստղերով» համալրված է նաև Բելգիայի հավաքականը: Առանձին առանձին, բոլորը մեծանուն ֆուտբոլիստներ են, արժեն միլիոնավոր եվրոներ: Բայց որպես թիմ՝ 0:

belguim

Ինչ եզրահանգման կարելի է գալ: Իհարկե, եթե թիմը պարտվում է, առաջնահերթ մեղավոր են ֆուտբոլիստները: Եթե հարձակվողը 5 անգամ դուրս է գալիս 100000 տոկոսանոց հարվածային դիրք ու չի գրավում դարպասը, մարզչին մեղադրելն անիմաստ է: Բայց եթե այդ ֆուտբոլիստը միշտ է խաղաժամանակ ստանում չնայած իր անսարք նշանոցի, իսկ իրենց հնարավորությանը սպասողները ծերանում են պահեստայինների նստարանին, հարցերը պետք է ուղղել մարզչին: «Մանչեսթեր Յունայթեդի» պարագայում մարզչին կամ պետք է խնդրել փոխել վերաբերմունքը գործի նկատմամբ (ինչն անհավանական է) կամ էլ պետք է խնդրել գտնել ելքի դուռը:

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ