Ի՞նչ է իրենից ներկայացնում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքը»

Պատմություն

  • Հիմնադրման տարեթիվ՝ 2004
  • Մարզադաշտ՝ «Ռիո Տինտո Ստեդիում Սենդի», Յուտա (20213 հանդիսական)
  • Նվաճումներ՝ ՄԼՍ գավաթ 2009 չեմպիոն, ՄԼՍ գավաթ 2013 փոխչեմպիոն, ԿՈՆԿԱԿԱՖ ՉԼ 2011 փոխչեմպիոն,

Supporters

«Ռեալ Սոլթ Լեյքը» հիմնադրվել է 2004թ. դառնալով ՄԼՍ-ի 12-րդ թիմը: Թիմի անվան մեջ առկա «Ռեալ» բառը վերցված է իսպաներենից՝ իսպանական ակումբների նմանությամբ, որը նշանակում է արքայական: 2008 թվականից սկսվել է ՌՍԼ-ի վերելքը, իսկ 2009-ին թիմը առաջին և առայժմ միակ անգամ հաղթել է ՄԼՍ-ի գավաթը: Այդ մեծ հաջողությանը իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Յուրա Մովսիսյանը: Դա ՌՍԼ-ին հնարավորություն է տվել մասնակցելու նաև 2010-11թթ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգային, որտեղ թիմը հասել է մինչև եզրափակիչ, սակայն պարտվել մեքսիկական «Մոնտերեյին»: 2013թ. թիմը երկրորդ անգամ է հայտնվել ՄԼՍ-ի գավաթի եզրափակչում, սակայն այս անգամ զիջել «Սպորտինգ Կանզաս Սիթիին»:

Մարզիչ՝ Ջեֆ Կասար

Ջեֆ Կասարը ամերիկացի նախկին դարպասապահ է, ով մարզչական կարիերան սկսել է «Դալլասում» որպես մարզչի օգնական, ապա նույն պաշտոնը զբաղեցրել ՌՍԼ-ում: 2014թ.-ին նա «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչն է:
Jeff-Cassar-Real-Salt-Lake-Coach

Վերջին մրցաշրջանը

2015թ. ՌՍԼ-ը ավարտել է կանոնավոր առաջնությունը 9-րդ տեղում՝ 8 տարվա մեջ առաջին անգամ չհայտնվելով փլեյ-օֆֆում: Յուտացիների մրցաշրջանը լի էր վնասվածքներով ու անհաջողություններով: Հատկապես թերանում էր ՌՍԼ-ի հարձակողական գիծը. Թիմը խփել է 38 գոլ՝ երկրորդ վատագույն արդյունքը ՄԼՍ-ում: Հարձակումն առաջնորդելու համար ձեռք բերված արգենտինացի Սեբաստիան Օսկար Խայմեն ընդամենը 5 գոլ հեղինակեց և հեռացավ թիմից, իսկ թիմի լավագույն ռմբարկուն 35-ամյա կիսապաշտպան Խավի Մորալեսն էր 8 գոլով:
113234650

Ինչ մրցաշարերի է մասնակցում «Ռեալ Սոլթ Լեյքը»

  • ՄԼՍ – Major Soccer League /Մարտի 6-Հոկտեմբերի 23, իսկ ապա՝ փլեյ-օֆֆ/
    Հյուսիսային Ամերիկայի գլխավոր ֆուտբոլային լիգան մի փոքր տարբերվում է եվրոպական լիգաներից: Նախ սկսվում է կանոնավոր առաջնությունը, որը ձգվում է 34 տուր: Սա մեզ հայտնի ֆուտբոլային լիգաների ձևաչափով է, այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր թիմ 3-ական հանդիպում անցկացնում է իր կոնֆերենցիայի, և 1-ական հանդիպում՝ մյուս կոնֆերենցիայի թիմերի հետ: Այնուհետև յուրաքանչյուր կոնֆերենցիայից 6-ական թիմ անցնում են փլեյ-օֆֆ՝ MLS Cup, որտեղ օլիմպիական մրցակարգով որոշում են հաղթողին: Հենց MLS Cup-ում հաղթանակած թիմն էլ դառնում է լիգայի չեմպիոնը: Բացի այդ, MLS-ը տարբերվում է նրանով, որ վերջին տեղ գրաված թիմերը լիգայից դուրս չեն մնում:
  • ԱՄՆ գավաթ – US Open Cup /եզրափակիչը՝ սեպտեմբերի 30/
    Սա բոլորիս հայտնի ձևաչափով գավաթային մրցաշար է՝ ԱՄՆ-ի բոլոր ֆուտբոլային ակումբների միջև:
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգա – CONCACAF Champions League /եզրափակիչ՝ ապրիլի 20 և 27/
    «Ռեալ Սոլթ Լեյքը» նախավերջին, այսինքն՝ 2014թ. մրցաշրջանում նվաճել է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների կոնֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք: Այժմ ՌՍԼ-ը հասել է փլեյ-օֆֆ և փետրվարի 25-ին 1/4 եզրափակչի շրջանակներում մրցելու է մեքսիկական «Տիգրեսի» հետ: Ձևաչափով մրցաշարը նման է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային, ուղղակի եզրափակիչը խաղարկվում է երկու հանդիպմամբ:

Ովքե՞ր են առանցքային խաղացողները

beckerman-rimando-morales

Նիկ Ռիմանդո – 36-ամյա դարպասապահը այն տիպի ֆուտբոլիստներից է, որոնց տարիքը միայն փորձ է տալիս՝ ոչ մի բան չվերցնելով փոխարենը: Ռիմանդոն ԱՄՆ հավաքականում գրեթե միշտ համարվել է Թիմ Հովարդի գլխավոր փոխարինողը: Նա հուսալի է ու երբեմն առանձնանում է անհավանական սեյվերով ու ֆանտաստիկ տեխնիկայով:

Կայլ Բեկերման – հենակետային կիսապաշտպանն այս պահին ՄԼՍ-ում ամենաշատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստն է՝ չհաշված դարպասապահներին: Բեկերմանն աչքի է ընկնում ոչ միայն իր սանրվածքով, այլև առաջնորդի ունակություններով, ինչի շնորհիվ արդեն երկար տարիներ ՌՍԼ-ի ավագն է: Նրան կարող եք հիշել նաև ԱՄՆ հավաքականի կազմում Աշխարհի առանջությունում ելույթներից: Բեկերմանը թիմի պաշտպանության գլխավոր կազմակերպիչն է:

Խավի Մորալես – 36-ամյա կիսապաշտպանին հաճախ անվանում են թիմի «մաեստրո»: Նա թիմի գլխավոր ստեղծագործն է ու նախորդ մրցաշրջանում առաջինն էր թե իր գոլերի, թե գոլային փոխանցումների քանակով: Արգենտինացին ՌՍԼ-ի հնաբնակներից է և ժամանակին խաղացել է Յուրա Մովսիսյանի հետ, ու նրանց համագործակցությունը պետք է որ դժվարություններ չառաջացնի, իսկ դրանից շատ բան է կախված:

Ժոաո Պլատա և Խուան Մանուել Մարտինես – երկու վինգերներ, որոնք խաղալու են Յուրա Մովսիսյանի երկու եզրերում: Ինչպես Յուրան՝ նրանք նույնպես թիմ են ժամանել Designated Player կարգավիճակով, այսինքն՝ նրանք հրավիրվել են ակումբ համեմատաբար բարձր աշխատավարձով, ուստի կարելի է ենթադրել, որ նրանցից շատ բան է կախված:

Տակտիկա

Ջեֆ Կասարը հիմնականում խաղում է 4-3-3 մարտավարությամբ:

2016-02-23 16_50_24-Football Formation Creator - footballuser.com

Ի՞նչ է անելու այստեղ Յուրան

Ինչպես նշեցինք՝ նախորդ տարի ՌՍԼ-ը երկրորդ վատագույն արդյունքն է ունեցել գոլային արդյունավետությամբ, և Յուրա Մովսիսյանը վերադարձվել է հենց այդ բացը լրացնելու համար: Հայ հարձակվողը նախապատրաստական փուլի սկզբում առանձնապես արդյունավետ չէր ու նույնիսկ աչքի ընկավ ընդհարումով, սակայն աստիճանաբար սկսեց հաջող համագործակցություն կառուցել խաղընկերների հետ՝ խփելով գոլեր ու կատարելով գոլային փոխանցումներ: Յուրան հիմնական կազմի խաղացող է լինելու ու գործելու է հարձակման սուր ծայրում՝ գլխավոր գոլահարի դերում: Հայ ֆուտբոլիստին Յուտայում ընդունեցին որպես հերոսի ու մեծ հույսեր են կապում նրա հետ:

yura movsisyann

Արդեն երկու օրից՝ փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5:00-ին ՌՍԼ-ը մրցաշրջանի առաջին հանդիպումն է անցկացնելու մեքսիկական «Տիգրեսի» հետ: Հենց այստեղ էլ կարող է Յուրան առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնել նոր տարում, ու կսկսվի նրա կարիերայի նոր՝ կրկին ամերիկյան հատվածը: Իր առաջին ու վերջին տիտղոսը Յուրան նվաճել է հենց ԱՄՆ-ում, հենց ՌՍԼ-ի հետ: Հուսանք, այս տարի նա կրկին ուրախանալու առիթներ կունենա ու կստեղծի նաև մեզ համար:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ