Հույսը վերադառնում է. Ինչո՞ւ ենք վաղը մենք տեսնելու միանգամայն այլ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի վերջին տարիների արդյունքները ստիպել են, որ երկրպագուները ոչ մի լուրջ ակնկալիք չկապեն մեր ազգային թիմի հետ: Աշխարհի առաջնության ընտրական փուլ դուրս գալու երազը փշրվեց նույնքան արագ, ինչքան Գոռ Մալաքյանը կարմիր քարտ ստացավ Ռումինիայի հետ խաղում: Առաջիկա երկու տարում մեզ մնում է ուղղակի դիտել ֆուտբոլ, փնտրել որոշակի ինտրիգներ ու հուսալ, որ մեր հավաքականը աճում է: Նույն խնդիրն իր առջև դրել է նաև նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Յուրաքանչյուր խաղ իր հետ կբերի իր կրքերն ու հետաքրքրությունները, իսկ այս խաղն այն մեկն է, որը առավելագույնս հարուստ է դրանցով: Բացի այն, որ նոր մարզչի ղեկավարությամբ հավաքականը նոր կյանք է սկսելու, մեր երկրպագուները կարող են ունենալ հաջող ելքի մեկ այլ հույս՝ Հենրիխ Մխիթարյանը: Նա միշտ էլ եղել է այդ մեկը, սակայն կան մի քանի պատճառներ, որոնք ստիպում են այս խաղում ավելին սպասել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանից:

  1. Նոր մարզիչ, որի համար արժե նվիրվել

Հենրիխ Մխիթարյանի խոսքերն Արթուր Պետրոսյանի մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ իրենց մեջ երախտապարտության զգացում էին պարունակում: Արթուր Պետրոսյանն այնքան մաքուր ու սիրված է հայկական ֆուտբոլում, որ նրա համար պատրաստ կլինի նվիրվել յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ, ով շփվել է նրա հետ: Իսկ Մխիթարյանը նշում էր մարզչի՝ մինչ այս ունեցած աջակցության մասին, և ուրեմն պարտքը պետք է վերադարձնել:

Արթուր Պետրոսյան - Հայաստանի հավաքականի նոր մարզիչը

Հարց կառաջանա՝ իսկ միթե՞ Սուքիասյանի համար Մխիթարյանը պատրաստ չէր նվիրվելու: Կամ միթե՞ հավաքականի մարզաշապիկը բավարար չէր, որ Հենոյի նման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը նվիրվեր: Բայց վերջին մեկ տարում ինձ համար այդ հարցը միանշական պատասխան չուներ, ու Մխիթարյանի խաղը ազգային թիմում շատ հեռու էր նրա ցուցադրած ակումբային ֆուտբոլից: Ու ես չեմ մեղադրում նրան որպես ֆուտբոլիստ, որովհետև երբեմն իզուր է կոտրել քո ապագան ու վերջին ջանքերը դնել հավաքականում, երբ այդ թիմը տվյալ պահին լուրջ խնդիրներ չունի իր առջև:

Իսկ հիմա ամեն ինչ նոր է, թիմը հերթական անգամ առանց ավագի բնավորություն է ցույց տվել վերջին խաղում, ու ստեղծված իրավիճակում Մխիթարյանն ուղղակի չի կարող թիկունք չդառնալ նոր մարզչին:

  1. Մխիթարյանը խաղալու է նաև իր համար

Վաղը Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ ավելի շատ, քան սեպտեմբերից ի վեր: Նրա խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդում» սկսվեցին մանչեսթերյան դերբիից, ու այդ խաղից ի վեր նա դարձել է Հայաստանի հավաքականի տիպային ֆուտբոլիստ՝ հազվադեպ է հայտնվում իր թիմի հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը «կողպված» վիճակում է, խաղաժամանակ գրեթե չի ստանում, որպեսզի ցույց տա, թե ինչի է ունակ: Առաջին անգամ վերջին մի քանի տարում՝ հավաքականը կարող է Մխիթարյանին շատ մեծ բան տալ, այլ ոչ թե միայն վերցնել: Դա այն խաղաժամանակն է, որով Հենրիխը կարող է վերջապես ցուցադրել իր որակները ողջ աշխարհին, այդ թվում և Ժոզե Մոուրինյոյին:

Եթե հիշենք մեր հավաքականի լավագույն տարիները՝ 2010-2013թթ., դա այն շրջանն էր, երբ ազգային ընտրանին հիշեցնում էր փոխշահավետ բիզնես բոլոր կողմերի համար: Ֆուտբոլիստները նվիրվում էին հավաքականին, որովհետև Հայաստանի հավաքականում ցուցադրած խաղը նրանց կարիերայում նոր ճանապարհներ էր բացում իրենց առջև: Հիմա Մխիթարյանը ևս մեկ անգամ օգտվելու է այս հնարավորությունից, ու ինչքան շատ օգուտ տա հավաքականին, այնքան մեծ օգուտ կստանա անձնապես: Սա հույս է:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ