Հրայր Մկոյան. Հայաստանի հավաքականի 14-րդ ավագը

Դանիայի հավաքականի հետ խաղում, որում ՀՀ հավաքականը սկսեց ելույթները 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, առաջին անգամ ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ դուրս բերեց մեր ընտրանու ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը՝ Հրայր Մկոյանը, ով 2 օր առաջ էր նշել իր 30-ամյակը: Նա ավագի պարտականությունները կատարեց չեխերի հետ խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի փոխարեն:

Մկոյանը դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, ում Հայաստանի հավաքականի անցկացրած 179 հանդիպումներում մինչ օրս վստահվել է ավագի թևկապը: Նրանցից մի քանիսը պարզապես փոխարինել են տվյալ խաղից բացակայող հավաքականի հիմնական ավագին, իսկ մյուսները տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են ազգային հավաքականի ավագը:

Ազգային հավաքականի ավագի թևկապն առաջինը կրելու պատիվը տրվել է Երևանի «Արարատի» պաշտպան Վարդան Խաչատրյանին, ով մինչ Հայաստանի առաջնությունների անցկացումը թիմի կազմում մասնակցել էր ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին: Հենց նա էլ 1992թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի իր խաղընկերներին մոլդովացիների հետ մեր ընտրանու առաջին պաշտոնական խաղում «Հրազդանի» խաղադաշտ դուրս բերեց:

Հավաքականների մակարդակով իր 2-րդ հանդիպումը մեր ընտրանին անցկացրեց միայն 1,5 տարի անց` 1994թ. մայիսի 15-ին հյուրընկալվելով ԱՄՆ-ի հավաքականին: Այդ խաղում հավաքականի ավագը Երևանի «Արարատի» մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ Արամայիս Տոնոյանն էր, ով թևկապը կրեց մինչև 1996թ. ներառյալ: Նա այդ ժամանակ ավագի պարտականություններն էր կատարում նաև «Արարատում»:

 Այդ ժամանակահատվածում որոշ խաղերում Տոնոյանի բացակայության ժամանակ ավագի պարտականությունները մեկական անգամ կատարել են Սարգիս Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Վարդան Խաչատրյանն ու Սարգիս Հովսեփյանը:

Վերջինս առաջին անգամ ավագի թևկապը կրել է 1996թ. հունվարի 17-ին Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները պարտվել են 0:6 հաշվով:

Արամայիս Տոնոյանից հետո մինչև 2000թ. մրցաշրջանի սկիզբը հավաքականի ավագը հիմնականում Վարդան Խաչատրյանն էր: Նրա բացակայության ժամանակ թևկապը 6 խաղում կրել է Սարգիս Հովսեփյանը, 5 անգամ ավագի պարտականությունները դրվել են Երվանդ Սուքիասյանի վրա, 2 անգամ էլ խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել Հարություն Վարդանյանը:

Հավաքականում Վարդան Խաչատրյանի ելույթներն ավարտելուց հետո ավագի թևկապը կրել է Երվանդ Սուքիասյանը, իսկ նրանից հետո 2001թ. մրցաշրջանի ավարտին հավաքականի ավագ է ընտրվել Հարություն Վարդանյանը: «Շիրակի» փորձառու պաշտպանն իր պարտականությունները կատարել է մինչև հավաքականում իր վերջին հանդիպումը` 2004թ. նոյեմբերի 17-ին Երևանում ռումինացիների հետ կայացած ընտրական մրցախաղը ներառյալ: Այդ ընթացքում նրա բացակայության ժամանակ 5 հանդիպումներում ավագի թևկապը կրել է Սարգիս Հովսեփյանը, մեկ անգամ էլ` Արմեն Շահգելդյանը:

2005թ. մրցաշրջանի սկզբում Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու մինչև կարիերայի ավարտը հստակ կատարեց ավագի պարտականությունները: Որոշ հանդիպումներում նրա բացակայության ժամանակ մեկական անգամ ավագի թևկապը կրել են Ռոմիկ Խաչատրյանն ու Ռոման Բերեզովսկին, իսկ 2008թ. Մալթայում կայացած մրցաշարի 3 հանդիպումներում ավագի պարտականությունները կատարել է Կարեն Դոխոյանը:

Իսկ 2012թ.  փետրվարին սերբերի հետ անցկացրած ընկերական մրցախաղում, որում Հայաստանի հավաքականը հիմնականում հանդես եկավ երիտասարդական կազմով, ավագը Ռոբերտ Արզումանյանն էր:

Սարգիս Հովսեփյանը բոլորից երկար` 74 խաղում է կրել հավաքականի ավագի թևկապը, որից 30-ում` անընդմեջ: Նրանից ավագի պարտականությունները ստանձնեց հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին, ով իր հրաժեշտի խաղում թևկապը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին:

Հարկ է նշել, որ մինչ այդ Հենրիխ Մխիթարյանին նախկինում արդեն 2 անգամ բախտ էր վիճակվել կրելու ավագի թևկապը՝ փոխարինելով հանդիպմանը չմասնակցած Ռոման Բերեզովսկուն:

Առաջին անգամ Մխիթարյանն ավագի թևկապով խաղադաշտ էր դուրս եկել 2013թ. սեպտեմբերի 10-ին Երևանում դանիացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ընտրանին պարտվել էր 0:1 հաշվով:

2-րդ անգամ Մխիթարյանն ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել 2014թ. մայիսի 27-ին Ժնևում Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում մեր ընտրանին հաղթեց 4:3 հաշվով, իսկ Հենրիխը դուբլի հեղինակ դարձավ:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի 14 ավագների ցուցանիշները:

Ավագներ Խաղ Առաջին խաղն ավագի թևկապով
1.Սարգիս Հովսեփյան 74 17.01.1996. Մարոկկո – Հայաստան՝ 6:0 (Ը)
2.Ռոման Բերեզովսկի 21 26.03.2005. Հայաստան – Անդորրա՝ 2:1 (ԱԱ)
3.Հարություն Վարդանյան 18 05.09.1998. Հայաստան – Անդորրա՝ 3:1 (ԵԱ)
4.Վարդան Խաչատրյան 17 14.10.1992. Հայաստան – Մոլդովա՝ 0:0 (Ը)
5.Արամայիս Տոնոյան 16 15.05.1994. ԱՄՆ – Հայաստան՝ 1:0 (Ը)
6.Երվանդ Սուքիասյան 15 07.05.1997. Ուկրաինա – Հայաստան՝ 1:1 (ԱԱ)
7.Հենրիխ Մխիթարյան 9 10.09.2013. Հայաստան – Դանիա` 0:1(ԱԱ)
8.Կարեն Դոխոյան 3 02.02.2008. Մալթա – Հայաստան՝ 0:1 (Ը)
9.Սարգիս Հովհաննիսյան 1 06.09.1995. Մակեդոնիա – Հայաստան՝ 1:2 (ԵԱ)
10.Աշոտ Խաչատրյան 1 07.10.1995. Հայաստան – Բելգիա՝ 0:2 (ԵԱ)
11.Արմեն Շահգելդյան 1 07.06.2002. Անդորրա – Հայաստան՝ 0:2 (Ը)
12.Ռոմիկ Խաչատրյան 1 12.10.2005. Անդորրա – Հայաստան՝ 0:3 (ԱԱ)
13.Ռոբերտ Արզումանյան 1 28.02.2012. Սերբիա – Հայաստան՝ 2:0 (Ը)
14.Հրայր Մկոյան 1 04.09.2016. Դանիա – Հայաստան՝ 1:0 (ԱԱ)
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ