ՀՀ հավաքականի 6-րդ մեկնարկն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում

Սուքիասյանի օրոք ընտրական մրցախաղերում ՀՀ հավաքականը դեռ չի հաղթել

Այսօր Կոպենհագենում Դանիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի իր ելույթները 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները 6-րդ անգամ մեկնարկի դուրս կգան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարում:

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում մեր ընտրանու նորամուտը կայացել է 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում, Պորտուգալիայի հավաքականի հետ մրցախաղում: Այդ օրը մեր հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ընտրական խմբի հաղթողի գլխավոր հավակնորդի հետ մրցավեճն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ընդ որում խաղավերջում պորտուգալացիները կարող էին կորզել հաղթանակը, եթե Օսեանուն իրացներ հավաքականում նորամուտը նշող Ռոման Բերեզովսկու դարպասին նշանակված 11մ հարվածը: Սակայն գնդակը շոշափելով դարպասաձողը, դուրս եկավ դաշտից:

Մեր հավաքականն ընտրական մրցաշարում իր գոլերի հաշիվը բացել է 2-րդ խաղում: 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում աչքի ընկավ հավաքականի նորեկ Էրիկ Ասադուրյանը:  Հայ ֆուտբոլիստներն անդրանիկ հաղթանակը տոնել են ընտրական մրցաշարի միայն 8-րդ խաղում`1997թ. սեպտեմբերի 6-ին 3:0 հաշվով պարտության մատնելով Ալբանիայի հավաքականին:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 2-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Նրա օրոք մեր հավաքականին այդպես էլ չհաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը 2002թ. ընտրական մրցաշարում՝ կրելով 5 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի ու եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, դա ընտրական միակ մրցաշարն էր, որում մեր ֆուտբոլիստները հաղթանակ չտոնեցին:

Առավել հաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում` Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 43,3 տոկոսը, 6 հավաքականների մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը:

Իսկ ամենաբարձր տեղը Հայաստանի հավաքականը գրավել է 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում` Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ 6 հավաքականների մրցավեճում զբաղեցնելով 4-րդ տեղը:

Առավել անհաջողը 2010թ. ընտրական մրցաշարն էր, որում մեր հավաքականը 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 4 միավոր (+1=1-8, 6:22), եզրափակեց ընտրական 5-րդ խմբի աղյուսակը: Ընտրական մրցաշարի առաջին 5 հանդիպումները (+0=1-4, 3:14) ՀՀ հավաքականն անցկացրել էր Յան Պոուլսենի գլխավորությամբ, իսկ հաջորդ 5 խաղերում (+1=0-4, 3:8) հավաքականի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր:

VivaroNews.am-ը ներկայացնում է աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի ցուցանիշները:

Թվ. Խ Հ Ո Պ Գ Մ % Տեղ Գլխավոր մարզիչ
1998 10 1 5 4 8:17 8 26,6 4 (6) Խորեն Հովհաննիսյան
2002 10 0 5 5 7:19 5 16,6 6 (6) Վարուժան Սուքիասյան
2006 12 2 1 9 9:25 7 19,4 6 (7) Բեռնար Կազոնի` +1=1-5
Հենկ Վիսման` +1=0-4
2010 10 1 1 8 6:22 4 13,3 6 (6) Յան Պոուլսեն` +0=1-4ՎարդանՄինասյան`+1=0-4
2014 10 4 1 5 12:13 13 43,3 5 (6) Վարդան Մինասյան

42 գոլ ընտրական 52 հանդիպումներում

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականն անցկացրած 52 խաղում ընդամենը 8 հաղթանակ է տոնել, 13 խաղ ավարտել է ոչ-ոքի, 31-ում պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են 42 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 96 գնդակ: Միջին արդյունավետությունը կազմում է 0,8 գոլ:

Մեր հավաքականն առավել արդյունավետ է գործել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում` 10 հանդիպումներում խփելով 12 գնդակ: Իսկ ահա 2010թ. ընտրական մրցաշարում հավաքականը 10 խաղում ընդամենը 6 գոլ է իր օգտին գրանցել, ինչն ամենացածր արդյունքն է:

Խփած 42 գոլերի հեղինակներ են դարձել մեր հավաքականի 26 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել անդորրացի Օսկար Սոնեխեն: Առավել արդյունավետ են գործել Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Պետրոսյանն ու Յուրա Մովսիսյանը՝ խփելով 4-ական գնդակ: Ընդ որում Յուրան իր բոլոր գոլերը խփել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ սահմանելով արդյունավետության  յուրօրինակ ռեկորդ: Ընտրական այդ մրցաշարում Մովսիսյանը դուբլի հեղինակ էր դարձել դանիացիների հետ մրցավեճում, մեկական գնդակ էլ խփել էր բուլղարացիների և իտալացիների դարպասը:

Ահա առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Ընդամենը 1998 2002 2006 2010 2014
1.Հենրիխ  Մխիթարյան 4 1 3
2.Արթուր Պետրոսյան 4 1 3
3.Յուրա Մովսիսյան 4 4
4.Էրիկ Ասադուրյան 3 3
5.Արա Հակոբյան 3 3
6.Գևորգ Ղազարյան 2 1 1
7.Արաս Օզբիլիս 2 2

Հովսեփյանն ու Բերեզովսկին  յուրօրինակ ռեկորդակիրներ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից միայն Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին են մասնակցել աշխարհի առաջնությունների ընտրական նախորդ 5 մրցաշարերին: Ընդ որում մեր ընտրանու բազմամյա ավագն ու ռեկորդակիրը հավաքականում հանդես գալու տարիներին միայն 3 ընտրական հանդիպման չի մասնակցել:

Հավաքական հրավիրված ներկայիս ֆուտբոլիստներից ամենափորձառուներն են Հենրիխ  Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Հրայր Մկոյանն ու Կառլեն Մկրտչյանը, որոնց համար աշխարհի առաջնության ընտրական հերթական մրցաշարը կլինի 3-րդը:

VivaroNews.am-ը ներկայացնում է աշխարհի առաջնությունների ընտրական նախորդ 5 մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով լավագույն տասնյակը:

Ֆուտբոլիստներ Ընդամենը 1998 2002 2006 2010 2014
1.Սարգիս Հովսեփյան 41 10 9 10 10 2
2.Ռոման Բերեզովսկի 32 8 5 6 7 6
3.Հարություն Վարդանյան 23 9 10 4
4.Ռոբերտ Արզումանյան 23 6 10 7
5.Արթուր Պետրոսյան 22 9 10 3
6.Կարեն Դոխոյան 22 10 12
7.Ռոմիկ Խաչատրյան 20 9 10 1
8.Արտավազդ Քարամյան 19 7 4 8
9.Համլետ Մխիթարյան 18 9 8 1
10.Արման Քարամյան 18 6 2 10

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ