ՀՀ հավաքականը 300-րդ գոլը բաց թողեց

Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց՝ 7:1 հաշվով ջախջախելով Գվատեմալայի ընտրանուն: Այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ ազգային հավաքականում գրանցված առաջին հեթ-տրիկի հեղինակը, իսկ գվատեմալացի Կառլոս Ռուիզի խփած գնդակը մեր ընտրանու անցկացրած 176 հանդիպումներում բաց թողած 300-րդ գոլն էր:

Հայաստանի հավաքականի դարպասն առաջին գոլը խփվել է մեր ընտրանու անցկացրած 2-րդ հանդիպման ժամանակ՝ 1994թ. մայիսի 15-ին ԱՄՆ-ի Ֆուլերտոն քաղաքում այդ երկրի ազգային հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում: Գոլի հեղինակ է դարձել ամերիկացի Ֆրանկ Կլոպասը, ով հանդիպման 64-րդ րոպեին գրավել է Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Այդ միակ գնդակը հաղթանակ պարգևեց ԱՄՆ-ի հավաքականին: Դա նաև ՀՀ հավաքականի հանդիպումներում գրանցված առաջին գոլն էր, քանի որ մոլդովացիների հետ անցկացրած նախորդ խաղում, որն առաջինն էր մեր ընտրանու կենսագրությունում, դարպասներն անառիկ էին մնացել:

Պաշտոնական մրցումներում ՀՀ հավաքականի դարպասը խփած առաջին գոլի հեղինակը մեր ընտրանու պաշտպան Երվանդ Կրբաշյանն է, ով 1994թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելում Բելգիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղի արդեն 4-րդ րոպեին դարձել է ինքնագոլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Հայաստանի հավաքականի դարպասը 100-րդ գոլը խփվել է մեր ընտրանու անցկացրած 56-րդ խաղում՝ 2001թ. մարտի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում Ուելսի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Գոլի հեղինակ է դարձել Ջոն Հարթսոնը՝ 41-րդ րոպեին գրավելով Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Ի դեպ, այդ խաղում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր:

200-րդ գոլը մեր հավաքականը բաց է թողել անցկացրած 118-րդ խաղում, Յան Պոուլսենի օրոք: Գոլի հեղինակ է դարձել բոսնիացի Էդին Ջեկոն, ով 2008թ. հոկտեմբերի 15-ին Զենիցայում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի 39-րդ րոպեին գրավել է Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

ՀՀ հավաքականի 57 մրցակիցներից միայն 3-ին՝ Լիբանանի, Թուրքմենստանի և Հորդանանի հավաքականներին չի հաջողվել գրավել մեր ընտրանու դարպասը: Իսկ բոլորից արդյունավետ են գործել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ 3 խաղում 15 անգամ գրավելով մեր ընտրանու դարպասը, միջինը մեկ խաղում խփելով 5 գնդակ:

Առավել հաճախ՝ 17 անգամ, ՀՀ հավաքականի դարպասն անցկացրած 8 հանդիպումներում գրավել են ուկրաինացիները: Իսպանացիները 6 խաղում 16 գոլի հեղինակ են դարձել, ֆրանսիացիները 5 խաղում 14 գոլ են խփել: 11-ական անգամ մեր հավաքականի դարպասը գրավել են չեխերը (4 խաղում), վրացիները (5), մակեդոնացիներն (6) ու բելգիացիները (6): Ռուսաստանի և Կիպրոսի հավաքականները 5-ական հանդիպումներում 10-ական գոլի հեղինակ են դարձել:

Հայաստանի հավաքականին առավել մեծ տհաճություն է պատճառել Ուկրաինայի հավաքականի ռմբարկու Անդրեյ Շևչենկոն, որի հարվածներից հետո Ռոման Բերեզովսկին 7 անգամ գնդակը հանել է ցանցից: Ընդ որում 2 անգամ ուկրաինացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել:

Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն 5 գոլ է խփել, որից 3-ն իր օգտին է գրանցել անցյալ տարվա հունիսի 13-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: ՀՀ հավաքականի հետ հանդիպումներում մրցակից ֆուտբոլիստներից հեթ տրիկի հեղինակներ են դարձել նաև վրացի Շոթա Արվելաձեն (1997թ. մարտի 30-ին) և ռուսաստանցի Ռոման Պավլյուչենկոն (2011թ. հունիսի 4-ին): Դա նրանց միակ հաջողությունն էր մեր հավաքականի հետ անցկացրած հանդիպումներում:

ՀՀ հավաքականի դարպասը 3-ական անգամ գրավել են նաև գերմանացիներ Թոմաս Հյոսլերն ու Յուրգեն Քլինսմանը, ռուսաստանցի Վալերի Կարպինը, մակեդոնացի Գորան Պանդևը և բոսնիացի Զլատան Մուսլիմովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ