ՀՀ հավաքականը 3–րդ անգամ ընտրական մրցաշարը սկսեց պարտությամբ

6-րդ անգամ մեկնարկի դուրս գալով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, Հայաստանի ազգային հավաքականը 3–րդ անգամ մրցաշարը սկսեց պարտությամբ: Դանիացիների հետ մրցավեճում ցուցադրած խայտառակ խաղով կրած պարտությունն օրինաչափ էր: Մեկնարկային կազմում ունենալով պաշտպանական ոճի 6 խաղացողներ և ամբողջ խաղի ընթացքում գրեթե ողջ թիմով պաշտպանվելով, մեր հավաքականին չհաջողվեց խուսափել պարտությունից:

Դանիացիները խաղային ու տարածքային բացահայտ առավելություն ունեին և մինչև խաղավերջ ահռելի ճնշում գործադրեցին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին: Եվ եթե չլիներ մեր դարպասապահի պարզապես ֆանտաստիկ խաղը, ապա հնարավոր չէր լինի խուսափել գերխոշոր հաշվով պարտությունից:

Եվ ինչպես մեր հավաքականը չպարտվեր, եթե ողջ խաղի ընթացքում մրցակցի դարպասին միայն մեկ հարված կատարեց ու միայն մեկ վտանգավոր պահ ստեղծեց, այն էլ օգտվելով մրցակցի սխալից: Մեր ֆուտբոլիստների մոտ ոչինչ չստացվեց, նույնիսկ երկու ճշգրիտ փոխանցում նրանք չէին կարողանում կատարել:

Այնպիսի տպավորություն էր, կարծես մեր ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը նվազագույն 0:1 հաշիվը պահպանելն էր: Նույնիսկ խաղավերջում նրանք մեծ ուժերով չնետվեցին առաջ՝ պարտությունից խուսափելու փորձեր կատարելու: Վարուժան Սուքիասյանն էլ չէր շտապում փոփոխություններ կատարելու թիմի գործողություններում, որոնց կարիքը շատ էր զգացվում:

Փոխարենը խաղից հետո, ինչպես և սպասվում էր, նա որպես պարտության հիմնական պատճառ նշեց հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը, մոռանալով, որ նրանցից մեկին՝ Յուրա Մովսիսյանին ՀՖՖ նախագահի հրահանգով հավաքական չի հրավիրում:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 2-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: 2002թ. ընտրական մրցաշարը մեր հավաքականն ավելի հաջող էր սկսել՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցելով խմբի ֆավորիտներից մեկի՝ նորվեգացիների հետ մրցավեճում: Ճիշտ է, հաջող սկիզբը շարունակություն չունեցավ: ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում այդպես էլ հաղթանակ չտոնեց՝ կրելով 5 պարտություն:

VivaroNews.am-ը ներկայացնում է աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային հանդիպումներում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները:

1998թ. ընտրական մրցաշար
31.08.1996   Հայաստան-Պորտուգալիա` 0:0
86-րդ րոպեին Օսեանուն չիրացրեց 11մ հարվածը:

2002թ. ընտրական մրցաշար
02.09.2000   Նորվեգիա-Հայաստան` 0:0

2006թ. ընտրական մրցաշար
18.08.2004   Մակեդոնիա-Հայաստան` 3:0 (2:0)
Պանդև (5), Շաքիրի (38), Շումուլիկոսկի (90):

2010թ. ընտրական մրցաշար
06.09.2008   Հայաստան –Թուրքիա` 0:2 (0:0)
Շանլի (61), Շենթյուրկ (77):

2014թ. ընտրական մրցաշար
07.09.2012   Մալթա – Հայաստան` 0:1 (0:0)
Արթուր Սարկիսով (70):

2018թ. ընտրական մրցաշար
04.09.2016   Դանիա- Հայաստան` 1:0 (1:0)
Էրիկսեն (17): 72-րդ րոպեին Էրիկսենը  չիրացրեց 11մ հարվածը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ