ՀՀ գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղերին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»     

2 խաղ, +0=2-0, 0:0
15 մարտի, ժ.14:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

12195071_958316950887998_6914877271759799506_o

Առաջնության հանդիպումից ընդամենը 3 օր անց մրցակիցները կրկին մրցավեճի կբռնվեն՝ այս անգամ վիճարկելով Հայաստանի գավաթի եզրափակչի ուղեգիրը: Այս հանդիպումը շատ կարևոր է հատկապես «Բանանցի» համար, որը ձգտում է եվրոգավաթների մասնակցության իրավունք նվաճել: Իսկ գավաթի մրցաշարը նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է:

Սակայն սխալ կլինի կարծել, թե «Ալաշկերտը» գավաթի մրցաշարին լրջորեն չի վերաբերվում: Առաջնության առաջատարը բնավ էլ դեմ չէ իր պատմության մեջ առաջին տիտղոսին արժանանալու հենց գավաթի մրցաշարում: Այնպես որ սպասվում է գավաթային հանդիպումներին բնորոշ անհաշտ մրցակցություն:

Գավաթի մրցաշարում մրցակիցների ճանապարհներն առաջին անգամ հատվել են 2012թ. նոյեմբերին: Այդ ժամանակ նորաստեղծ «Ալաշկերտը» հանդես էր գալիս առաջին խմբում և պայքարում էր ուժեղագույնների խմբի ուղեգրի համար: 1/8 եզրափակչում կայացած 2 հանդիպումներում էլ դարպասները մնացին անառիկ: Հետխաղյա 11մ հարվածներն ավելի դիպուկ իրացնելով, «Ալաշկերտը» մտավ հաջորդ փուլ, որտեղ 2 խաղերի ընդհանուր արդյունքով զիջեց «Գանձասարին»՝ 0:0, 0:1:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց «Արարատին»: Առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ: Պատասխան խաղում ալաշկերտցիները պարզապես ջախջախեցին մրցակցին՝ 4 անպատասխան գնդակ խփելով: Դուբլի հեղինակ դարձավ Հեբեր Արաուխոն, մեկական գոլ էլ խփեցին Միհրան Մանասյանն ու Արսեն Բալաբեկյանը:

«Ալաշկերտը» 2-րդ անգամ է կիսաեզրափակչում հանդես գալու: Գավաթի նախորդ խաղարկությունում ալաշկերտցիները կիսաեզրափակչում պարտվել էին «Փյունիկին»` 1:3, 1:0:

«Բանանցը» գավաթային պայքարը սկսել էր «Ուլիսի» հետ մրցավեճով: Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը «Բանանցը» գործնականում լուծեց առաջին խաղում՝ հյուրընկալվելիս հաղթելով 3:0 հաշվով: Լաերսիոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Սարգիս Բալոյանը: Պատասխան խաղում «Ուլիսը» հաղթեց 2:1 հաշվով՝ կիսաեզրափակչի ուղեգիրը զիջելով «Բանանցին», որի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Լաերսիոն: Բրազիլացի հարձակվողը 3 գնդակով գավաթի ներկայիս խաղարկության լավագույն ռմբարկուն է:

Ի տարբերություն «Ալաշկերտի», «Բանանցը» 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը: «Բանանցի» ֆուտբոլիստներն արդեն 15-րդ անգամ են վիճարկելու եզրափակչի ուղեգիրը:

«ՄԻԿԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ»

4 խաղ,  +3=0-1, 8:1
16 մարտի, ժ.14:00, Երևան, «Միկա» մարզադաշտ

12182550_1713232728895692_1200623851920438017_o

2-րդ տարին անընդմեջ «Միկան» ու «Գանձասարը» զույգեր են կազմել գավաթի մրցաշարում: Գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի 2 հանդիպումներն էլ ավարտվել են «Միկայի» հաղթանակով:

Երևանում կայացած գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Միկան» հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Անդրանիկ Ոսկանյանն ու Հայկ Ոսկանյանը: Կապանում կայացած պատասխան խաղում «Միկան» ավելի մեծ առավելության հասավ՝ 3 անգամ գրավելով գանձասարցիների դարպասը: 2 գոլ խփեց Վարդգես Սաթումյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը:

Գավաթի մրցաշարում մրցակիցները հանդիպել են նաև 2006թ.: Կապանում կայացած քառորդ եզրափակիչ առաջին խաղի ելքը վճռել էր գանձասարցի Արթուր Քոչարյանի խփած միակ գոլը:

Երևանում կայացած պատասխան խաղում «Միկային» հաջողվեց 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել ու մտնել կիսաեզրափակիչ: Գոլերի հեղինակներ դարձան թիմի լեգեոնականները՝ Ալեքսը, Կլեբեր Սիլվա Նասիմենտոն և Ալեքսանդր Սեմյոնովը:

«Միկան» Հայաստանի գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է, որը 6 անգամ (2000-2001, 2003, 2005-2006, 2011թթ.) նվաճել է պատվավոր մրցանակը: «Միկան» միակ թիմն է, որը գավաթի մրցաշարերում մշտապես նվազագույնը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Գավաթի նախորդ խաղարկությունում «Միկան» 7-րդ անգամ մտավ եզրափակիչ և առաջին անգամ պարտվեց վճռորոշ խաղում՝ 1:3 հաշվով զիջելով «Փյունիկին»:

«Գանձասարի» գավաթային ցուցանիշներն անհամեմատ համեստ են: Առայժմ ամենամեծ հաջողությանը կապանցիները հասել են գավաթի 2014թ. խաղարկությունում: Հաղթահարելով «Ուլիսի» (0:0, 3:1)  և «Բանանցի» (2:1, 1:1) արգելքը, «Գանձասարը» մտավ եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Միկան» քառորդ եզրափակչում պայքարից դուրս մղեց «Շիրակին»: Երևանում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Գոլերի հեղինակներ դարձան միկացի Նարեկ Բալայանն ու շիրակցի Մուհամեդ Կաբան: Իսկ Գյումրիում «Միկային» կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց Արթուր Գրիգորյանի խփած միակ գոլը:

Իսկ ահա «Գանձասար Կապանը» գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում պայքարից դուրս մղեց գործող գավաթակիր «Փյունիկին»: Առաջին խաղում Երևանում գանձասարցիները հաղթեցին 3:1 հաշվով: Կապանցիներից Նարեկ Բեգլարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Լուբամբո Մուսոնդան: Փյունիկցիներից միակ գոլը հեղինակեց Լևոն Հայրապետյանը: Կապանում կայացած պատասխան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Եթե «Միկան» ընդամենը մի քանի օր առաջ է առաջնության հանդիպում անցկացրել՝ Գյումրիում հաղթելով «Շիրակին», ապա «Գանձասար Կապանը» մարտի 2-ին «Ալաշկերտին» խոշոր հաշվով պարտվելուց հետո առայժմ խաղադաշտ դուրս չի եկել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ