ՀՀ երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարերում նոր հակառեկորդ սահմանեց

Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությամբ ավարտեց իր անփառունակ ելույթները 2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում, որը 12-րդն էր մեր ընտրանու համար:

Իր ողջ պատմության ընթացքում ՀՀ երիտասարդական հավաքականն ամենավատագույն արդյունքը ցույց տվեց: Ընտրական մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում  հավաքականը վաստակեց ընդամենը 1 միավոր՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) ավարտելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ կայացած մրցավեճը: Մեր ֆուտբոլիստները վաստակեցին հնարավոր միավորների ընդամենը 3,33 տոկոսը: Մինչ այդ առավել անհաջող մեր ֆուտբոլիստները հանդես էին եկել 1996թ. ընտրական մրցաշարում՝ վաստակելով հնարավոր միավորների ընդամենը 10 տոկոսը:

Արդեն ընտրական մրցաշարի մեկնարկում երիտասարդական հավաքականը ձախողվեց՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ կրելով 3 անընդմեջ պարտություն ռումինացիների (0:3, 2:3) և բուլղարացիների (0:2) հետ հանդիպումներում: 4-րդ տուրում մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց սեփական հարկի տակ առավելության հասնել նույնիսկ Լյուքսեմբուրգի հավաքականի նկատմամբ՝ բավարարվելով ոչ-ոքիով: Ինչպես պարզվեց հետագայում, դա ընտրական մրցաշարում մեր հավաքականի վաստակած միակ միավորն էր:

Ուելսի (1:2) և Դանիայի (0:2)  հավաքականներից կրած պարտություններից հետո Արտակ Օսեյանը պաշտոնանկ արվեց: Սակայն հավաքականի ղեկը նրանից ստանձնած Կարեն Բարսեղյանին էլ չհաջողվեց գոնե որոշ չափով շտկելու դրությունը: Նրա օրոք մեր ընտրանին պարտվեց անցկացրած բոլոր 4 խաղերում էլ (Դանիա՝  1:3, Բուլղարիա՝ 0:1, Լյուքսեմբուրգ՝  0:1, Ուելս՝ 1:3):

Ընտրական այս մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականը ևս մեկ հակառեկորդ սահմանեց՝ կրելով 6 անընդմեջ պարտություն: Նախկինում մեր ֆուտբոլիստները 1996 և 1998թթ. ընտրական մրցաշարերում 5 անընդմեջ պարտություն էին կրել:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի երիտասարդական հավաքականի ցուցանիշները Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարերում:

ԸՄ Խ Հ Ո Պ Գ Մ % Տ
1996 10 1 0 9 8:31 3 10 6 (6)
1998 8 1 0 7 8:31 3 12,5 5(5)
2000 8 1 1 6 6:27 4 16,6 5(5)
2002 10 4 2 4 10:15 14 46,6 5(6)
2004 8 1 2 5 5:17 5 20,8 5(5)
2006 10 1 2 7 2:25 5 16,6 6 (6)
2007 2 1 0 1 3:3 3 50 2(3)
2009 8 3 1 4 8:16 10 41,6 4(5)
2011 10 4 1 5 18:19 13 43,3 4(6)
2013 8 4 3 1 11:5 15 62,5 2(5)
2015 8 3 0 5 7:19 9 37,5 4(5)
2017 10 0 1 9 6:21 1 3,33 6 (6)

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ