Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ». Վերջին նորություններ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության խճճված պատմությունը շարունակվում է մնալ չհանգուցալուծված: Վիվառո Նյուզը ներկայացնում է վերջին մանրամասները տրանսֆերից.


Հուլիսի 6 | 12:00 Իրավիճակը հուլիսի 6-ի դրությամբ

Հուլիսի 2-ին «Բորուսիան» պաշտոնապես հաստատեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն անգլիական ակումբը դեռ չի հայտարարել ֆուտբոլիստի ձեռքբերման մասին: Նույն օրը Մխիթարյանին նկատեցին Երևանում: Ավելի ուշ, հուլիսի 4-ին հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնեց, որ Մխիթարյանը բուժզննում է անցնում, սակայն պաշտոնական հայտարարություն կրկին չեղավ: Երեկ էլ լուսանկար տարածվեց համացանցում, որտեղ երևում էր, որ Հենրիխ Մխիթարյանը Մոնտե Կառլոյում է:

«Մանչեսթեր Յունայթեդին» մոտ կանգնած լրագրող Գրեյգ Նորվուդն այսօր հայտնում է, որ Մխիթարյանի բուժզննումը նախատեսված է անցկացնել այսօր: Նա նշում է նաև, որ դրանից հետո արդեն աշխատանքի թույլտվությունն ու պայմանագրի ստորագրումը ընդամենը «ձևականություն» է, որ կլինի շատ արագ: Մեկ այլ լրագրող հայտնում է, որ երեկ Հենրիխ Մխիթարյանը երեկ Մոնակոյում է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ պայմանագիրը համաձայնեցնելու համար:


Հուլիսի 1 | 21:00 Իրավիճակը հուլիսի 1-ի դրությամբ

Այսօր թարմ նորություններ են ստացվել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր անձնական ինքնաթիռ է ուղարկել Դորտմունդ` Հենրիխ Մխիթարյանի հետևից: Աղբյուրի հաղորդմամբ` բրիտանական ժամանակով 15:30 ինքնաթիռը ժամանել է Մանչեսթեր: Տրանսֆերը ավարտին կհասցվի առաջիկա հանգստյան օրերի ընթացքում: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ կանգնած մեկ այլ լրագրող թվիթերում հայտնում է, որ Մխիթարյանի բուժզննումն այսօր չէ, այլ առաջիկա օրերին: Ուստի, մեր ֆուտբոլիստի տրանսֆերի պաշտոնական հաստատումը այսօր, թերևս, չտեսնենք:

Նշենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական առցանց-խանութում վաճառքի էին հանվել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ:


Հունիսի 29 | 11:00 Իրավիճակը հունիսի 29-ի դրությամբ

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» այժմ ավելի հավանական է երեկ «Բորուսիայի» տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր, որ անգլիական ակումբը բարելավել է առաջարկը: Կողմերն այժմ սպասում են փաստաթղթային ձևակերպման: Սակայն, Մխիթարյանի տեղափոխության պաշտոնական հաստատմանը ստիպված են սպասել նվազագույնը դեռ 2 օր: Նախ, հայ ֆուտբոլիստին այս օրերին կարելի է տեսնել Երևանում, ու նորությունները, թե նա արդեն պայմանագիր է ստորագրում, չեն կարող համապատասխանել իրականությանը: Երկրորդ պատճառն էլ այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի գումարի վճարման համար սպասում է հարկային կիսամյակի ավարտին: Այսինքն, տրանսֆերի փաստաթղթային մասը կարող է իրականություն դառնալ հուլիսի 1-ից ոչ շուտ:


Հունիսի 28 | 11:00 Իրավիճակը հունիսի 28-ի դրությամբ

Վերջին օրերի թեժ զարգացումները երեկ ստացված տեղեկություններից հետո հանդարտվեցին: The Guardian-ը, SkySports-ը հայտնեցին, որ ակումբների միջև համաձայնությունն արդեն կա, իսկ ավելի ուշ դա հաստատեց նաև բավականին արժանահավատ գերմանական աղբյուր ևս՝ Ruhr Nachrichten-ը:

Այսպես, հաղորդվում է 26,3 մլն ֆունտի շուրջ պայմանավորվածության մասին: Ավելի ուշ հաղորդվեց, որ Մխիթարյանը ինքն է վճարելու իր տրանսֆերի մի մասը, սակայն սա մի փոքր կասկածելի լուր է: Ոչ ամենաարժանահավատ աղբյուրներից հաղորդվում է նաև, որ Մխիթարյանը կնքելու է 4 տարվա պայմանագիր ու ստանալու տարեկան 12 մլն ֆունտ: Նշվում է նաև, որ նա հաջորդ շաբաթ բուժզննում է անցնելու:

Միակ լուրը, որ ստիպում է որոշակի կասկածանքով վերաբերվել տրանսֆերի կայացմանը, «Բորուսիայի» տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի հայտարարությունն է, թե այս ամենը դեռ պետք է քննարկվի ակումբի ղեկավարների հետ ու որոշում կայացվի: Այդ ամենը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում, մինչև հուլիսի 4-ը, երբ դորտմունդցիները կսկսեն նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Այս պահին մնում է միայն սպասել տրանսֆերի պաշտոնական հաստատմանը ակումբների կողմից:


Հունիսի 27 | 11:00 SkySports-ը հաստատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բորուսիան» համաձայնության են հասել: Մանրամասները՝ այստեղ:


Հունիսի 25 | 11:00 «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Բորուսիայի» բանակցությունները ձգձգվում են

Չնայած դեռ 2 օր առաջ հայտնում էին գործարքի կայացման մասին, այս պահին հայտնի է, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» դեռ կայացած չէ: Վերջին տվյալների համաձայն` «Բորուսիան» պնդում է իր նշանակած 40 մլն եվրո արժեքը, որը դեռ երկու օր առաջ կազմում էր 30.7 մլն ֆունտ: Սակայն Մեծ Բրիտանիայի` Եվրոմիությունից դուրս գալու որոշումից հետո տեղի ունեցավ ֆունտ սթեռլինգի ու եվրոյի փոխարժեքների կտրուկ փոփոխություն, ուստի այժմ «Բորուսիայի» պահանջած 40 մլն եվրոն վճարելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ծախսի 32.4 մլն ֆունտ: Իսկ անգլիական ակումբը համաձայն է վճարել միայն նախապես հայտարարված 30.7 մլն ֆունտը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Ruhr Nachrichten-ը:

Չնայած առաջ եկած դժվարությանը` սա հազիվ թե տրանսֆերի ձախողման պատճառ դառնա: Դրա մասին է փաստում նաև այն, որ «Բորուսիան» այս օրերին կիսապաշտպանի փնտրտուքի մեջ է: «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուռլեից բացի սկսվել է շրջանառվել նաև «Բայերի» ֆուտբոլիստ Կարիմ Բելարաբիի անունը: Գուցե հնարավոր փոխարինողի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Բորուսիային» ավելի հեշտ դառնա բաժանվել Հենրիխ Մխիթարյանից: Մեկ այլ գերմանական աղբյուր` Bild-ը նշում է, որ տրանսֆերը կկայանա միայն հաջորդ ամիս:


Հունիսի 24 | 14:15 «Բորուսիան» բանակցություններ է սկսել Անդրե Շյուռլեի հետ, որպես Հենրիխ Մխիթարյանի փոխարինող: 

Մանրամասներն՝ այստեղ:


Հունիսի 24 | 10:30 Հինգշաբթի օրվա դրությամբ «Բորուսիան» նոր առաջարկ չի ստացել

Գերմանական Kicker-ը հաղորդում է, որ «Բորուսիան» հինգշաբթի օրվա` հունիսի 23-ի դրությամբ նոր առաջարկ չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»: Նշենք, որ մինչ այս առկա տեղեկատվության համաձայն` անգլիական ակումբի վերջին առաջարկը կազմել է 28 մլն ֆունտ, որը կազմում է 34 մլն եվրո: «Բորուսիան» ցանկանում է ստանալ 40 մլն եվրո:


Իրավիճակը հունիսի 23-ի դրությամբ

Մի շարք հայկական լրատվամիջոցներ սկսեցին հաղորդել Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին` նշելով, որ անգլիական ակումբը համաձայնել է վճարել պահանջվող 40 մլն եվրոն: Որպես տեղեկատվության աղբյուր նշվող BleacherReport.com-ի համապատասխան հոդվածը հղում էր անում Daily Mirror-ի նյութը, որը հրապարակվել էր դեռ մեկ օր առաջ` հունիսի 22-ին, ու պատմում էր ընդամենը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ` 28 մլն ֆունտ առաջարկի մասին: Մինչդեռ «Բորուսիայի» համաձայնության մասին ոչ մի հստակ տեղեկատվություն չկար: Միակ լուրը եղել է այն, որ դորտմունդցիները, ի հեճուկս մի քանի օր առաջ կոշտ հայտարարությանը , այժմ ավելի մեղմ են տրամադրված, ու բաց կթողնեն ֆուտբոլիստին, եթե նրանց վճարվի պահանջվող 40 մլն եվրոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ