Հենրիխ Մխիթարյան. 100 գոլ արտերկրի ակումբներում

«Լիվերպուլի»  հետ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում հաճելի իրադարձություն տեղի ունեցավ: Խաղի 5-րդ րոպեին նրա խփած գոլն արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում անցկացրած  286  հանդիպումներում հայ ֆուտբոլիստի հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր: Այդ արդյունքին Մխիթարյանը հասավ արտերկրում անցկացրած իր 7-րդ մրցաշրջանում:

13

Արտերկրում առաջին գոլերը՝  Դոնեցկի «Մետալուրգում»

Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում առաջին կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ 2009թ.: «Փյունիկում» ունեցած արդյունավետ ելույթների շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն մեծ ճանաչման էր հասել, ուստի պատահական չէր Դոնեցկի «Մետալուրգից» ստացված հրավերը: Այդ տարի ընդամենը կես մրցաշրջան անցկացնելով «Փյունիկում», ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այդ պահին Հենրիխը Հայաստանի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:

Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանը ոչ միայն կատարելագործեց խաղային իր որակները, այլև շարունակեց արդյունավետ խաղը: «Մետալուրգում» նա նորամուտը նշեց 2009թ. հուլիսի 19-ին Դոնեցկում «Դնեպրի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում` մասնակցելով ամբողջ հանդիպմանը: Իսկ արդեն հաջորդ տուրում, հուլիսի 26-ին Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվն Ուկրաինայի առաջնությունում` Լվովում կայացած խաղի 60-րդ րոպեին գրավելով Տլումակի պաշտպանած դարպասը:

2009/10թթ. մրցաշրջանում «Մետալուրգում» անցկացրած առաջնության 29 հանդիպումներում Մխիթարյանը 9 գոլ խփեց: Ուկրաինայի գավաթի մրցաշարի 2 հանդիպումներում նա աչքի ընկավ մեկ անգամ, իսկ Եվրոպա լիգայի մրցաշարում 6 խաղում 4 գոլի հեղինակ դարձավ:

Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն և ռեկորդակիրը

Հաջորդ առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում խփելով 3 գնդակ, Հենրիխ Մխիթարյանը 2010թ. սեպտեմբերին տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»: Այստեղ էլ հայ ֆուտբոլիստն իրեն գերազանց դրսևորեց: Սեպտեմբերի 10-ին «Օբոլոնի» հետ խաղում նորամուտը նշելով «Շախտյորում», 9 օր անց կայացած հաջորդ խաղում Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը՝  72-րդ րոպեին գրավելով «Տավրիայի» դարպասապահ Վասիլի Խոմուտովսկու պաշտպանած դարպասը:

Henrikh-Mkhitaryan-Shakhtar-Donetsk-1932853

«Շախտյորում» Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը հատկապես վառ դրսևորվեց 2012/13թթ. մրցաշրջանում: Ուկրաինայի առաջնությունում Հենրիխը պարզապես հիացրեց իր արդյունավետությամբ: Անցկացրած 29 հանդիպումներում խփած 25 գնդակով նա ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 8 գոլով գերազանցելով 2-րդ արդյունքը ցույց տված Կիևի դինամոյական Բրաուն Իդեյեի ցուցանիշը:

Ընդ որում 2012թ. օգոստոսի 19-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ խաղում Մխիթարյանն արտերկրում առաջին հեթ տրիկը գրանցեց՝ կրկնելով իր վաղամեռիկ հոր 28-ամյա վաղեմության արդյունքը: Հիշեցնենք, որ Համլետ Մխիթարյանը 1984թ. նոյեմբերի 3-ին «Հրազդանում» կայացած ԽՍՀՄ առաջնության խաղում 3 անգամ գրավել էր Օդեսայի «Չեռնոմորեցի» դարպասը:

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կիևի «Դինամոյի» ճանաչված ռմբարկուներ Սերգեյ Ռեբրովի (1997/98թթ.) և Մաքսիմ Շացկիխի (2002/2003թթ.) արդյունքը, որոնք 22-ական գոլի հեղինակ էին դարձել: Հարկ է նշել, որ մինչ օրս Մխիթարյանի արդյունավետության ռեկորդը ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել:

Այդ տարի Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը նաև չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում` դառնալով նման հաջողության հասած առաջին հայ ֆուտբոլիստը: 2012/13թթ. մրցաշրջանի պաշտոնական 42 հանդիպումներում Մխիթարյանը 29 գոլի հեղինակ դարձավ: Այդ ցուցանիշն առայժմ լավագույնն է Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում:

Ընդհանուր առմամբ ուկրաինական 2 թիմերում անցկացրած պաշտոնական 151 հանդիպումներում Մխիթարյանը 61 գոլի հեղինակ է դարձել: Դրանցից 50-ը Հենրիխը խփել է Ուկրաինայի առաջնություններում: Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստն Ուկրաինայի առաջնությունների բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:

Արդյունավետ խաղ նաև Դորտմունդի «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիան» հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռեց: Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին:

«Բորուսիայում» պաշտոնական մրցումներում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը կայացել է բունդեսլիգայի առաջնության 2-րդ տուրում, 2013թ. օգոստոսի 18-ին Դորտմունդում Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ կայացած խաղում, որում հայ ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում էր: Մխիթարյանին ընդամենը 3 խաղ պահանջվեց «Բորուսիայում» գոլերի հաշիվը բացելու համար: Սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում «Այնտրախտի» հետ կայացած 4-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ, որի շնորհիվ դորտմունդցիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին:

«Բորուսիայում» անցկացրած առաջին մրցաշրջանը հաջող էր Մխիթարյանի համար, ով պաշտոնական 46 հանդիպումներում 13 գոլ խփեց՝ բացելով գոլերի հաշիվը նաև Գերմանիայի գավաթի խաղարկությունում և աչքի ընկնելով չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Henrikh Mkhitaryan

Նախորդ մրցաշրջանն անհաջող էր ինչպես «Բորուսիայի», այնպես էլ Մխիթարյանի համար, ով պաշտոնական 42 հանդիպումներում ընդամենը 5 գոլ խփեց: Իսկ ահա  ընթացիկ մրցաշրջանում, երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայ ֆուտբոլիստի համար վերջապես խաղային իդեալական դիրք ընտրեց, Մխիթարյանը պարզապես ֆանտաստիկ խաղ է ցուցադրում՝ կրկին աչքի ընկնելով կատարողական բարձր վարպետությամբ և արդյունավետ խաղով: Պաշտոնական 47 հանդիպումներում Հենրիխն արդեն 21 գոլ է խփել, որից 7-ը՝ Եվրոպա լիգայի մրցաշարում:

Արտերկրում ֆուտբոլային կարիերայի խոսուն թվերը

Այսպիսով, արտերկրի ակումբներում անցկացրած պաշտոնական 286 հանդիպումներում Մխիթարյանի խփած 100 գոլերից 72-ը գրանցվել է Ուկրաինայի և Գերմանիայի առաջնություններում, 12-ը՝ այդ երկրների գավաթի մրցաշարերում, 1-ը՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, 15-ը՝ եվրոգավաթներում:

Ահա Մխիթարյանի ցուցանիշներն ըստ մրցաշրջանների:

Թվական Ակումբ Ա Գ Ս Ե ԸՆԴ.
2009/10 «Մետալուրգ» 9 1 4 14
2010/11 «Մետալուրգ» 3 3
Ընդամենը «Մետալուրգ» 12 1 4 17
2010/11 «Շախտյոր» 3 1 4
2011/12 «Շախտյոր» 10 1 11
2012/13 «Շախտյոր» 25 2 2 29
Ընդամենը «Շախտյոր» 38 4 2 44
2013/14 «Բորուսիա» 9 2 2 13
2014/15 «Բորուսիա» 3 1 1 5
2015/16 «Բորուսիա» 10 4 7 21
Ընդամենը «Բորուսիա» 22 7 1 9 39
Ընդհանուրը Արտերկրում 72 12 1 15 100

 Ծանոթություն. Աառաջնություն, Գգավաթի մրցաշար, ՍՍուպերգավաթ, Եեվրոգավաթներ:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ