Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանը հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: 20 մրցաշրջան հանդես գալով Հայաստանում, հայկական ֆուտբոլի անվանի վետերանը ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ 19 տիտղոսների է արժանացել:

Թահմազյանը եռակի չեմպիոն է, 7 անգամ արժանացել է արծաթե մեդալների,  3 անգամ բրոնզե մրցանակակիր է դարձել: Նա Հայաստանի կրկնակի գավաթակիր և քառակի սուպերգավաթակիր է: Մրցանակներից 13-ը Թահմազյանը ստացել է «Շիրակի» կազմում խաղալիս:

Նրա համար արդյունավետ էին նաև «Միկայում» անցկացրած 3 մրցաշրջանները, որոնցում փորձառու ֆուտբոլիստն իր տիտղոսների հավաքածուն ավելացրեց 6-ով: Ընդ որում հենց «Միկայում» Թահմազյանին վերջապես հաջողվեց վայելել նաև Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը, այն էլ 2 տարի շարունակ: Իսկ մինչ այդ նա «Շիրակի» կազմում 3 անգամ մասնակցել էր գավաթի եզրափակիչ հանդիպումներին և իր խաղընկերների հետ ձեռնունայն էր հեռացել խաղադաշտից:

Գործող ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը «Շիրակի» ներկայիս ավագ, 35-ամյա Կարեն Ալեքսանյանն է, ով ավարտված մրցաշրջանում ֆուտբոլային կարիերայում հայկական ֆուտբոլի 17-րդ տիտղոսը նվաճեց՝ արժանանալով արծաթե մեդալի: Նա էլ իր տիտղոսների մեծամասնությունը (12 մրցանակ) նվաճել է հարազատ ակումբի կազմում:

Ալեքսանյանի համար շատ հաջող էր մրցաշրջան-2004-ը, որում հանդես գալով «Փյունիկում», իր նոր խաղընկերների հետ դարձավ ֆուտբոլային յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ՝ դառնալով ՀՀ չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: 2009-2010թթ. էլ «Ուլիսի» կազմում գյումրեցի ֆուտբոլիստը 2 անգամ բրոնզե մրցանակակիր է դարձել:

Ընթացիկ մրցաշրջանի դափնեկիրներից երկուսը՝ փյունիկցիներ Դավիթ Մանոյանն ու Արթուր Յուզբաշյանը նվաճած 2 մրցանակների շնորհիվ ընդգրկվեցին Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկում: Անցյալ տարվա աշնանը նրանք դարձան սուպերգավաթակիրներ, իսկ գարնանն առաջնությունում բրոնզե մեդալի արժանացան՝ նվաճած տիտղոսների ընդհանուր քանակը հասցնելով 13-ի:

Եթե Հովհաննես Թահմազյանը լավագույնն է նվաճած տիտղոսների ընդհանուր քանակով, ապա Սարգիս Հովսեփյանը յուրօրինակ ռեկորդակիր է ոսկե մեդալների թվով: Նա Հայաստանի 10-ակի չեմպիոն է, նաև ֆուտբոլի Հայաստանի ամենատարեց չեմպիոնն է: Հովսեփյանն իր առաջին ոսկե մեդալը ստացել է դեռևս 1992թ.` Հայաստանի անդրանիկ առաջնությունում ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի»)  կազմում չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Իսկ վերջին անգամ նա չեմպիոն է հռչակվել 2010թ. 38 տարեկանում:

Այդ տարի փորձառու ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ փյունիկցի իր խաղընկերների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս ռեկորդ է: Նա գերազանցեց իր նախկին թիմակիցներ Աղվան Մկրտչյանի, Վալերի Ալեքսանյանի և Գևորգ Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որոնք 6 տարի անընդմեջ «Փյունիկում» չեմպիոն էին հռչակվել:

Վալերի Ալեքսանյանը 7-րդ ոսկե մեդալը նվաճել է 2011թ. «Ուլիսի» կազմում՝ դառնալով երկրի 7-ակի չեմպիոնի տիտղոսը կրող 2-րդ ֆուտբոլիստը Ռաֆայել Նազարյանից հետո: Վերջինս առաջին անգամ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր 1993թ. «Արարատում», իսկ հաջորդ 6 ոսկե մեդալները նվաճել էր «Փյունիկում»:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է  հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ո Ա Բ Գ Ս ԸՆԴ
1.Հովհաննես Թահմազյան 3 7 3 2 4 19
2.Սարգիս Հովսեփյան 10 2 3 2 17
3.Ռաֆայել Նազարյան 7 1 3 5 1 17
4.Կարեն Ալեքսանյան 3 3 5 2 4 17
5.Աղվան Մկրտչյան 6 3 3 3 15
6.Վալերի Ալեքսանյան 7 2 2 3 14
7.Արմեն Շահգելդյան 2 2 4 4 2 14
8.Տիգրան Դավթյան 1 3 5 3 2 14
9.Ալեքսանդր Թադևոսյան 5 3 2 3 13
10.Արթուր Յուզբաշյան 4 1 1 5 2 13
11.Դավիթ Մանոյան 4 1 1 5 2 13
12.Ռայմոնդ Զադուրյան 3 5 2 3 13
13.Գագիկ Մարգարյան 3 5 2 3 13
14.Վարդան Մինասյան 6 1 1 2 2 12
15.Արթուր Մկրտչյան 6 3 3 12
16.Արսեն Ավետիսյան 5 2 2 1 2 12
17.Տիգրան Գսպեյան 2 2 2 5 1 12
18.Արմեն Պետիկյան 1 1 4 5 1 12

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ