Հայաստանի հավաքականը նոր հակառեկորդ սահմանեց ընտրական մրցաշարերում

Ռումինացիներից 0:5 ջախջախիչ հաշվով կրած պարտությունն ամենախոշորն էր Հայաստանի հավաքականի համար ընտրական մրցախաղերում, ինչպես նաև սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում: Մինչ այդ ընտրական մրցախաղերում մեր հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էր 1996թ. հոկտեմբերի 9-ին` «Հրազդանում» 1:5 հաշվով զիջելով Գերմանիայի ընտրանուն: Դա պաշտոնական մրցումներում մեր հավաքականի կրած խոշոր հաշվով անդրանիկ պարտությունն էր:

Հայաստան 0-5 Ռումինիա. Բոլոր գոլերը (տեսանյութ)

4 անգամ էլ ընտրական մրցախաղերում մեր ֆուտբոլիստները մրցակիցներին զիջել են 0:4 հաշվով (10.09.1997. Գերմանիա, ԱԱ, 28.03.2001. Լեհաստան, ԱԱ, 11.10.2003. Իսպանիա, ԵԱ, 10.09.2008. Իսպանիա, ԱԱ):

Ռումինացիների հետ հանդիպման առաջին խաղակեսում Արսեն Բեգլարյանի դարպասում 4 գնդակ հայտնվեց: Նախկինում նման բան պատահել էր միայն 1996թ. Մարոկկոյի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում, որում ՀՀ հավաքականը պարտվել էր 0:6 հաշվով: Սակայն մարոկկացիներից առաջին խաղակեսում 4 գոլ խփելու համար 39 րոպե էր պահանջվել, մինչդեռ ռումինացիներն արդեն 29-րդ րոպեին խաղը շահում էին 4:0 հաշվով:

Իսկ ընդհանրապես մեկ խաղակեսում բաց թողած գոլերի քանակով ռեկորդային էր 2014թ. Մայնցում Գերմանիայի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպումը (1:6), որում գերմանացիները բոլոր 6 գոլերն էլ Ռոման Բերեզովսկու դարպասն էին խփել 2-րդ խաղակեսում:

Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ խոշոր հաշվով 10 պարտություն են կրել, որից 8-ն ընտրական մրցախաղերում:

19. Romania's last goal - VivaroNews.am

Մեր ֆուտբոլիստները 2-րդ անգամ ռումինացիներին պարտվեցին խոշոր հաշվով: Նման կարգի առաջին պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր հոլանդացի Հենկ Վիսմանի օրոք՝ 2005թ. հունիսի 8-ին Կոնստանցայում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում մրցակցին զիջելով 0:3 հաշվով:

Ռումինացիներից կրած խոշոր հաշվով պարտությունը 5-րդն էր Վարուժան Սուքիասյանի օրոք: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նման կարգի 3 պարտություն էր կրել՝ հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջելով լեհերին, 3 անպատասխան գնդակ ընդունելով ուկրաինացիներից, սեփական հարկի տակ էլ 1:4 հաշվով պարտվելով նորվեգացիներին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 180 հանդիպումներում խոշոր հաշվով 30-րդ պարտությունը կրեց: Դրանցից 19-ը գրանցվել են ընտրական մրցախաղերում, 11-ը` ընկերական հանդիպումներում:

Հայաստան – Ռումինիա. «Դառը» ֆոտոշարք

Խոշոր հաշվով անդրանիկ պարտությունը ՀՀ հավաքականը կրել է անցկացրած 14-րդ խաղում` 1996թ. հունվարի 17-ին ֆրանսիական Վիտրոլես քաղաքում կայացած ընկերական մրցավեճում 0:6 հաշվով զիջելով Մարոկկոյի հավաքականին: Այդ խաղում հավաքականը գլխավորում էր Խորեն Հովհաննիսյանը:

 Նրա օրոք մեր ֆուտբոլիստներն առավել հաճախ են պարտվել խոշոր հաշվով` կրելով այդ կարգի 7 պարտություն: Ընդ որում հենց Հովհաննիսյանի օրոք է մեր հավաքականը կրել իր ամենախոշոր հաշվով պարտությունները` 1997թ. միևնույն 0:7 հաշվով զիջելով Չիլիի և Վրաստանի ընտրանիներին:

ՀՀ հավաքականի խոշոր հաշվով պարտությունները գրանցվել են 21 ընտրանիների հետ հանդիպումներում: Առավել հաճախ` 4 անգամ մեր ֆուտբոլիստները խոշոր հաշվով զիջել են չեխերին, 3-ական անգամ էլ պարտվել են իսպանացիներին և գերմանացիներին:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի կրած խոշոր հաշվով պարտությունների ցանկը:

Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Մրցախաղ
17.01.1996 Վիտրոլես Մարոկկո 0:6 Ը
20.06.1996 Լիմա Պերու 0:4 Ը
30.06.1996 Պորտովիեխո Էկվադոր 0:3 Ը
09.10.1996 Երևան Գերմանիա 1:5 ԱԱ
04.01.1997 Վինյա դել Մար Չիլի 0:7 Ը
30.03.1997 Թբիլիսի Վրաստան 0:7 Ը
10.09.1997 Դորտմունդ Գերմանիա 0:4 ԱԱ
27.03.1999 Երևան Ռուսաստան 0:3 ԵԱ
28.03.2001 Վարշավա Լեհաստան 0:4 ԱԱ
05.09.2001 Լվով Ուկրաինա 0:3 ԱԱ
06.10.2001 Երևան Նորվեգիա 1:4 ԱԱ
02.04.2003 Լեոն Իսպանիա 0:3 ԵԱ
11.10.2003 Երևան Իսպանիա 0:4 ԵԱ
18.08.2004 Սկոպիե Մակեդոնիա 0:3 ԱԱ
13.10.2004 Երևան Չեխիա 0:3 ԱԱ
08.06.2005 Կոնստանցա Ռումինիա 0:3 ԱԱ
07.09.2005 Օլոմոուց Չեխիա 1:4 ԱԱ
11.10.2006 Բելգրադ Սերբիա 0:3 ԵԱ
17.10.2007 Բրյուսել Բելգիա 0:3 ԵԱ
10.09.2008 Ալբասետե Իսպանիա 0:4 ԱԱ
15.10.2008 Զենիցա Բոսնիա 1:4 ԱԱ
12.08.2009 Երևան Մոլդովա 1:4 Ը
10.08.2011 Կաունաս Լիտվա 0:3 Ը
26.03.2013 Երևան Չեխիա 0:3 ԱԱ
06.06.2014 Մայնց Գերմանիա 1:6 Ը
14.10.2014 Երևան Ֆրանսիա 0:3 Ը
08.10.2015 Նիցցա Ֆրանսիա 0:4 Ը
11.10.2015 Երևան Ալբանիա 0:3 ԵԱ
31.08.2016 Մլադա Բոլեսլավ Չեխիա 0:3 Ը
08.10.2016 Երևան Ռումինիա 0:5 ԱԱ

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ