Հայացք 20-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո Նյուզը» ամփոփել է Բարձրագույն խմբի 20-րդ տուրը:

Մուհամեդ Կաբայի նվերն «Արարատին»

12909554_1064458986960743_5077739822256177356_o

Որոշ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Արարատն» ու «Շիրակը»: Սկզբունքային այդ մրցավեճում երկու թիմերի համար էլ բավական բարձր էր հաղթանակի արժեքը:

Վերջին տարիներին արարատցիները շատ անհաջող են հանդես եկել գյումրեցիների դեմ, հատկապես սեփական հարկի տակ՝ պարտվելով երևանյան նախորդ 9 հանդիպումներում էլ:

Այս անգամ էլ «Արարատին» չհաջողվեց սեփական դաշտում առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Ինչպես խաղից հետո նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, թիմը բարձրակարգ հարձակվողի կարիք ունի: Ողջ մրցաշրջանի ընթացքում  այս հիմնախնդիրը թիմի մարզչական կազմին այդպես էլ չհաջողվեց լուծել: Դրա հետևանքով էլ արարատցիների գրոհներն իրենց մեջ առանձնակի սպառնալիք չեն պարունակում ու թիմին գոլերը դժվարությամբ են տրվում:

«Շիրակի» հետ խաղում էլ արարատցիներին չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Փոքր ուժերով գրոհող արարատցիները հիմնականում փորձում էին երկար փոխանցումներով գնդակը հասցեագրել առջևի գծում գործող Գևորգ Նռանյանին, սակայն վերջինս անկարող էր մրցակցի խիստ հսկողության պայմաններում որևէ վտանգավոր բան ձեռնարկել: Ոչնչով աչքի չընկավ նաև փոխարինման մտած 2-րդ հարձակվողը՝  Կիրիան Նվաբուեզեն:

Խաղն անցավ գյումրեցիների խաղային և տարածքային առավելությամբ, որոնք մոտ էին հաղթանակին: Իրենց ակտիվությամբ հատկապես աչքի ընկան Դրիսսա Դիարասուբան, Կոնան Կուակուն, Էդեր Սմիթ Արեոլան և փոխարինման մտած Նեմանյա Ստոշկովիչը, ով նորամուտը նշեց «Շիրակում»: Հենց վերջինիս ջանքերի շնորհիվ էլ Դիարասուբան բացեց հաշիվը:

Սակայն արդեն 2-րդ անընդմեջ խաղում «Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը: Եթե նախորդ խաղում «Փյունիկին» հաջողվել էր հաշիվը հավասարեցնել խաղավարտից 2 րոպե առաջ տուգանային հարվածով խփած գոլի շնորհիվ, ապա այս անգամ «Արարատին» պարտությունից խուսափելու հնարավորություն ընձեռեց Մուհամեդ Կաբայի կոպիտ սխալը: Վերջինս մրցակցի կիսադաշտից որոշեց գնդակը հետ ուղարկել: Սակայն գնդակին տիրեց Բրայան Դե լա Ֆուենտեն, ով մեծ արագությամբ առաջ շարժվելով ու շրջանցելով իրեն ընդառաջ դուրս եկած դարպասապահին, գրավեց դատարկ դարպասը: Եթե այդ դրվագը չլիներ, ապա դժվար թե արարատցիները խուսափեին գյումրեցիներից սեփական դաշտում հերթական պարտությունը կրելուց:

Առաջին  պարտությունը Սերգեյ  Յուրանի օրոք

Առաջնության առաջատար «Ալաշկերտի» և գարնանային հատվածում հաջող հանդես եկող «Միկայի» հանդիպումը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ: Խաղն իրոք արդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները, որոնք ականատես եղան գոլային պահերով լի դիտարժան մրցապայքարի:

Թեև կազմի հետ կապված որոշ խնդիրներին, ալաշկերտցիները շատ ակտիվ անցկացրին հանդիպման սկզբնամասը և արդեն 12-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի և Հեբեր Արաուխոյի խփած գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին անցել: Թվում էր, թե «Ալաշկերտը» խոշոր հաշվով հեշտ հաղթանակ կտոնի: Եվ դրա նախադրյալները կային, սակայն առաջին խաղակեսում առաջատարը գոլային մի քանի իրական պահեր չիրացրեց, այլապես կարող էր մինչև ընդմիջման գնալը վճռել հանդիպման ելքը:

12890984_552239948288148_6774481707945079990_o

Ի պատիվ «Միկայի» ֆուտբոլիստների, նրանք բնավ էլ չընկճվեցին արագ բաց թողած գոլերից: Ընդհակառակը, պարտության վտանգը ստիպեց նրանց համախմբել ուժերը և անցնել վճռորոշ գործողությունների: Դեռևս առաջին խաղակեսում «Միկան» մոտ էր հաջողությանը, սակայն իր վարպետությամբ կրկին աչքի ընկավ փորձառու Գևորգ Կասպարովը՝ հետ մղելով Չմայչանիի, Լուշնիկովի և Գորելիշվիլու անչափ վտանգավոր հարվածները: Այս խաղում էլ Կասպարովն ապացուցեց, որ ընթացիկ առաջնության ամենահուսալի դարպասապահն է ու անհիմն են ազգային հավաքական չհրավիրելու դրդապատճառները:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: «Ալաշկերտը» մեծ ուժերով հետ քաշվեց՝ կամովին նախաձեռնությունը զիջելով մրցակցին: Ինչպես խաղից հետո խոստովանեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ընդմիջմանն իրեն այդպես էլ չէր հաջողվել ֆուտբոլիստներին համոզել, որ 2-րդ խաղակեսում էլ շարունակեն ակտիվ գործողությունները: Չնայած դրան, զգալի փորձի և վարպետության շնորհիվ ալաշկերտցիները խաղը հասցրին հաղթական ավարտի:

Թեև «Միկան» ավելի ակտիվ էր գործում, սակայն չկարողացավ գոլային լուրջ պահեր ստեղծել ու խուսափել պարտությունից՝ բավարարվելով 2-րդ խաղակեսի սկզբում Նասիմ Արոն Կպեհիայի խփած գոլով: Այսպիսով, «Միկան» Սերգեյ Յուրանի օրոք առաջնությունում իր առաջին պարտությունը կրեց:

Դրամատիկ վերջաբան կապանյան մրցավեճում

Առաջնության 20-րդ տուրը եզրափակվեց ապրիլի 3-ին Կապանում կայացած «Գանձասար Կապան»-«Բանանց» հանդիպումով: Առաջնության գարնանային հատվածն անհաջող սկսած գանձասարցիները, որ սեփական հարկի տակ այս տարվա առաջին խաղն էին անցկացնում, ամեն ինչ ներդրեցին հաղթանակի հասնելու համար: Եվ նրանց ներդրած ջանքերը պսակվեցին հաջողությամբ:

12909662_973498492703177_6183900397708706655_o

Դեռևս առաջին խաղակեսում Նարեկ Բեգլարյանն անհատական վարպետության շնորհիվ ձերբազատվեց իրեն հսկող պաշտպաններից և հեռահար դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Հետագայում դաշտի տերերը կարող էին զարգացնել հաջողությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Գոգիտա Գոգատիշվիլին և Գեղամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա այս անգամ թիմի ֆուտբոլիստների մոտ կոմբինացիոն խաղն այնքան էլ լավ չէր ստացվում, որի հետևանքով հյուրերը չկարողացան լրջորեն անհանգստացնել մրցակցի դարպասապահին: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակի առաջին րոպեին իր վարպետությամբ աչքի ընկավ «Բանանցի» լավագույն ռմբարկու Լաերսիոն, ով տուգանային հիանալի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

Թվում էր, թե դաշտի տերերը ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որի համար մեծ ջանքեր էին գործադրել: Սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին գանձասարցիներն, այնուամենայնիվ, կորզեցին հաղթանակը: Աջ թևից մրցակցի տուգանային հրապարակ ներխուժած Գոգատիշվիլու փոխանցումից հետո Գեղամ Հարությունյանը սահանկումով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ վերջակետ դնելով այդ դրամատիկ վերջաբանով հանդիպմանը:

Գանձասարցիներն ընդհատեցին առանց հաղթանակների 6 խաղերի շարքն ու առաջնության գարնանային հատվածում անդրանիկ հաղթանակը տոնեցին: «Բանանցի» 8 անպարտելի խաղերի տպավորիչ շարքն էլ ընդհատվեց: Այս անգամ էլ «Բանանցին» չհաջողվեց խախտել տխուր ավանդույթը՝ Կապանում գանձասարցիների հետ անցկացրած առաջնության հանդիպումներում կրելով 6-րդ անընդմեջ պարտությունը:

Մրցաշարային աղյուսակ

2016-04-04 18_54_54-Statistics

 

8 փաստ 20-րդ տուրի մասին

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ հյուրերը հաղթանակ չտոնեցին: Հյուրընկալվելիս միակ միավորը վաստակեց «Շիրակը»: Առաջնությունում արդեն 6-րդ անգամ հյուրերը տուրում չվայելեցին հաղթանակի բերկրանքը: Նախկինում դա տեղի էր ունեցել 3-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ և 18-րդ տուրերում:
Առաջնության գարնանային հատվածում արդեն 3-րդ անգամ տուրի 3 հանդիպումներում 8 գոլ է գրանցվում: Նման արդյունք գրանցվել էր նաև 16-րդ և 18-րդ տուրերում: Կրկին արդյունավետությամբ աչքի ընկան լեգեոնականները՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Իսկ ընդհանուր առմամբ առաջնությունում գրանցված 178 գոլերից 75-ը բաժին է հասնում լեգեոնականներին:
«Գանձասար Կապանն» առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը տոնեց, ինչն առայժմ չի հաջողվում «Արարատին» և «Շիրակին»:
«Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Միկային», որին վերջապես հաջողվեց գրավել ալաշկերտցիների դարպասը: Նախորդ 2 հանդիպումներում ալաշկերտցիները «Միկային» հաղթել էին Միհրան Մանասյանի խփած 3 գոլերի շնորհիվ:
«Արարատի» 2 ֆուտբոլիստներ հոբելյաններ նշեցին: Թիմի ավագ Նորայր Գրիգորյանը պաշտոնական մրցումներում 350-րդ խաղն անցկացրեց, իսկ Գևորգ Նռանյանը 250-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:
Առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում երկիշխանություն հաստատվեց: Հեբեր Արաուխոն խփելով իր 13-րդ գոլը, հավասարվեց Միհրան Մանասյանին: Ռմբարկուների այս երկյակի ցուցանիշը 5 գնդակով զիջում է նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում Սեսար Ռոմերոյի արդյունքին:
«Միկայի» կազմում նորամուտը գոլով նշած Նասիմ Արոն Կպեհիան դարձավ թիմի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականը: Կոտ դ՛իվուարցի ֆուտբոլիստը Գևորգ Կասպարովի դարպասը գրավեց 19 տարեկան 104 օրականում: Նախկին ռեկորդակիրը Բոտի Դեմելն էր, ով գոլի հեղինակ էր դարձել 20 տարեկան 19 օրականում:
Գանձասարցի Հովհաննես Գրիգորյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումն անցկացրեց: «Գանձասար Կապանի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից նրանից ավելի շատ խաղերի մասնակցել են միայն Արմեն Պետրոսյանը՝ 271, Արա Խաչատրյանն ու Նարեկ Բեգլարյանը՝ 207-ական:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ