Հայացք 17-րդ տուրի հանդիպումներին

Տիտո Ռամալյոյի աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները

Առաջնության 17-րդ տուրն աչքի ընկավ անակնկալ արդյունքներով: Գլխավոր անակնկալը գրանցվեց «Բանանցի» և «Ալաշկերտի» մրցավեճում, որում Տիտո Ռամալյոյի սաները ոչ միայն արժանի դիմադրություն ցույց տվեցին առաջնության անվիճելի առաջատարին, այլև արժանի հաղթանակ տոնեցին:

Մինչև խաղին անցնելը նշենք հետաքրքրական մի վիճակագրության մասին: «Բանանցը» սեփական հարկի տակ շատ հաջող էր խաղացել «Ալաշկերտի» հետ՝  առաջնության 5 հանդիպումներից 4-ում հաղթելով, մեկն ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում նախորդ երկու մրցաշրջաններում «Բանանց-1» մարզադաշտում կայացած բոլոր 4 խաղերում էլ «Բանանցն» «Ալաշկերտին» պարտության էր մատնել՝ մրցակցի դարպասն ընդհանուր առմամբ խփելով 12 անպատասխան գնդակ:

Միայն ընթացիկ առաջնությունում էր ալաշկերտցիներին հաջողվել հյուրընկալվելիս առաջին միավորը վաստակել «Բանանցի» հետ մրցավեճում ու գրավել մրցակցի դարպասը՝  խաղն ավարտելով 2:2 հաշվով:

Եվ որքան էլ «Ալաշկերտը» փորձեց խախտել այդ տխուր ավանդույթը, դա թիմին չհաջողվեց: «Բանանցի» պաշտպանները խիստ հսկողության տակ էին առել հյուրերի հարձակողական երկյակին՝ Միհրան Մանասյանին և Հեբեր Արաուխոյին: Ճիշտ է, չնայած դրան, նրանք այնուամենայնիվ ունեցան դարպասը գրավելու մի քանի պահեր, սակայն չիրացրին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ Մանասյանը 58-րդ րոպեին այնուամենայնիվ գրավեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը, սակայն շատերի համար անսպասելի մրցավարը չհաշվեց գոլը:

Դժվար է ասել, թե ինչպես կընթանային հետագա իրադարձությունները, եթե գոլն արձանագրվեր: Ամեն դեպքում, դաշտի տերերին հաջողվեց ընդամենը 2 րոպեում վճռել հանդիպման ելքը՝ գրեթե միանման գեղեցիկ կոմբինացիաների շնորհիվ կենտրոնով ճեղքելով մրցակցի պաշտպանությունը և խոցելով Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

petros avetisyan

Երկու դեպքում էլ հիանալի գործեց բրազիլացի Լաերսիոն, որի հաշվենկատ փոխանցումներից հետո ոչ պակաս վարպետությամբ գրոհները եզրափակեցին Զավեն Բադոյանն ու Պետրոս Ավետիսյանը: Բադոյանն արդեն 2-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ, իսկ Գևորգ Կասպարովի՝ դարպասն անառիկ պահած 4 խաղերի շարքն ընդհատվեց: Առաջնության ամենատարեց դարպասապահը մինչ այդ 478 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ էր պահել:

Ընդհատվեց նաև «Ալաշկերտի» 8 անպարտելի խաղերի շարքը: Առաջատարն առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ միակ պարտությունն ալաշկերտցիները կրել էին 8-րդ տուրում՝ սեպտեմբերի 27-ին 1:4 հաշվով զիջելով «Փյունիկին»:

Իսկ ահա «Բանանցն» արդեն 7 խաղ անպարտելի է: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը «Բանանցը» կրել էր հենց «Ալաշկերտից»՝ անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին հյուրընկալվելիս զիջելով 0:3 հաշվով: Ի դեպ, այդ խաղում «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել իսպանացի Տիտո Ռամալյոն:

«Բանանցն» առաջնության գարնանային հատվածը գերազանց է սկսել՝ տոնելով 2 անընդմեջ հաղթանակ: Նախապատրաստական շրջանում թիմի համալրման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները: «Բանանցի» խաղը զգալիորեն կարգավորվել է, թիմը հուսալիորեն է գործում պաշտպանությունում, առջևի գծում աչքի է ընկնում ագրեսիվ ու արդյունավետ գործողություններով:

Չեմպիոնի և առաջատարի նկատմամբ տարած հաղթանակները վկայում են, որ Տիտո Ռամալյոյին իսկապես հաջողվել է բավական մարտունակ և մեծ ներուժ ունեցող ֆուտբոլային կոլեկտիվ կազմավորել, որն ունակ է լուծել իր առջև ծառացած խնդիրները:

Այժմ «Բանանցը» պետք է փորձի հաջող հանդես գալ նաև Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում: Մարտի 15-ին «Բանանց-1» մարզադաշտում ֆուտբոլասերներին սպասում է ևս մեկ անչափ հետաքրքիր մրցավեճ «Բանանցի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ:

«Միկան» խախտեց տխուր ավանդույթը

Գյումրիի «Շիրակը» բոլորից ուշ ներգրավվեց առաջնության գարնանային հատվածի մրցապայքարին՝ սեփական հարկի տակ մրցելով մրցաշարին նոր կազմով ներկայացած և նախորդ տուրում «Արարատի» հետ մրցավեճում լավ տպավորություն թողած «Միկայի» հետ:

Մրցող թիմերը հանդիպման մեկնարկից 10 րոպե շուտ մտան խաղադաշտ, որպեսզի մասնակցեն մեծ ֆուտբոլին հրաժեշտ տված «Շիրակի» անվանի վետերան Անդրանիկ Բարիկյանի մեծարման արարողությանը: Այն բավական ինքնատիպ ստացվեց: Բարիկյանը ֆայտոնով պատվո շրջան կատարեց մարզադաշտում՝ ողջունելով ֆուտբոլասերներին, որոնք ծափողջույններով դիմավորեցին անվանի վետերանին:

Ինչ վերաբերում է խաղին, ապա շիրակցիներին չհաջողվեց աչքի ընկնել հարձակողական սուր գործողություններով ու լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Գարնանային հատվածի առաջին հանդիպումը ցույց տվեց, որ գյումրեցիների կազմում առայժմ զգացվում է Մալաքյան եղբայրների բացակայությունը, որոնք աչքի էին ընկնում իրենց ագրեսիվ գործողություններով:

Իսկ ահա «Միկան» հուսալի գործելով պաշտպանությունում, կարողացավ հակագրոհներից մեկն ավարտել Միխայիլ Գորելիշվիլու խփած գոլով ու Սերգեյ Յուրանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց՝ ռևանշի հասնելով 1-ին և 2-րդ շրջաններում շիրակցիներից չոր հաշիվներով կրած պարտությունների դիմաց:

Խաղի մասին հարկ է հավելել, որ մի քանի կասկածելի դրվագներում մրցավարը հրաժարվեց 11 մետրանոց նշանակել «Միկայի» դարպասին:

«Միկային» վերջապես հաջողվեց ընդհատել տխուր ավանդույթը՝ «Շիրակին» պարտության մատնելով Գյումրիում, որտեղ վերջին անգամ թիմին հաջողությունն ուղեկցել էր 2010թ. օգոստոսի 21-ին բրազիլացի Էդնեյի 11մ հարվածով խփած միակ գոլի շնորհիվ: Դրանից հետո գյումրեցիները սեփական հարկի տակ «Միկայի» հետ անցկացրած առաջնության 10 հանդիպումներից 7-ում հաղթել են, 3-ում գրանցվել է ոչ-ոքի:

«Փյունիկը»  շարունակում է  չեմպիոնական մրցավազքը

Vardges Satumyan Pyunik Ararat

17-րդ տուրը եզրափակվեց «Արարատի» և «Փյունիկի» մրցավեճով, որի ելքը չափազանց կարևոր էր երկու թիմերի համար էլ: Հաղթանակի դեպքում փյունիկցիներն «Ալաշկերտից» միավորների տարբերությունը կկրճատեին՝ հասցնելով 2-ի: Իսկ «Արարատին» հաջողությունը հնարավորություն կընձեռեր շրջանցելու 3-րդ տեղում ընթացող «Շիրակին» և ընդհուպ մոտենալու «Փյունիկին»՝ միավորների տարբերությունը հասցնելով նվազագույնի:

Այս խաղում «Արարատը» կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Որակազրկման պատճառով հանդիպմանը  չմասնակցեցին թիմի միանգամից 3 առանցքային խաղացողներ՝ պաշտպաններ Սուլեյման Կոնեն ու Վահե Մարտիրոսյանը և կիսապաշտպան Ումարու Կաինան: Բացակայում էր նաև թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով այդ պահին գտնվում էր Դորտմունդում:

Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, այդ ամենը բացասաբար անդրադարձավ «Արարատի» ելույթի վրա: Առաջին խաղակեսում արարատցիները խաղը կառուցել էին հակագրոհների վրա՝ մեծ ուժերով պաշտպանվելով, առջևի գծում թողնելով միայն թիմի նորեկ Կիրիան Նվաբուեզեին, ով հազվադեպ էր գնդակ ստանում: Նման պայմաններում արարատցիները չէին կարող լուրջ սպառնալիքներ ստեղծել չեմպիոնի դարպասին:

Իսկ ահա փյունիկցիները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասին, որոնցից երկուսն իրացրին Արմեն Մանուչարյանն ու Արթուր Քարտաշյանը՝ բացելով գոլերի իրենց հաշիվը բարձրագույն խմբում: Երկու դեպքում էլ հիանալի գործեց Վարդգես Սաթումյանը՝ հաշվենկատ փոխանցումներ կատարելով խաղընկերներին: Թիմի ռմբարկու Վարդան Պողոսյանի բացակայության պայմաններում նա այս խաղում գործում էր հարձակման գծում:

Միայն բաց թողած գոլերից հետո արարատցիները որոշ չափով ակտիվացրին հարձակողական գործողությունները, որին նպաստեց նաև խաղադաշտ մտած Գևորգ Նռանյանը: Շուտով անկյունայինի խաղարկումից հետո խառը իրավիճակում Նորայր Գրիգորյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն պարտությունից խուսափել արարատցիները չկարողացան:

«Արարատի» անպարտելի 9 խաղերի տպավորիչ շարքն ընդհատվեց: Վերջին պարտությունն արարատցիները կրել էին անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին՝ Կապանում 0:1 հաշվով զիջելով «Գանձասար Կապանին»: Բացի այդ, ընթացիկ առաջնությունում արարատցիներն առաջին անգամ պարտվեցին «Փյունիկին»:

Իսկ չեմպիոնի համար ընթացիկ առաջնությունում այլևս անպարտելի մրցակից չկա: «Փյունիկը» կրկին ընդամենը 2 միավորով է հետ մնում առաջատարից ու շարունակում է «Ալաշկերտի» հետ չեմպիոնական մրցավազքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ