«Գորիի քրոնիկոնը». «Դիլա» – «Շիրակ» խաղը՝ այլ դիտակետից

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» մրցեց Վրաստանի Գորի քաղաքը ներկայացնող «Դիլա» ակումբի հետ։ Ավելի լավ առիթ հայկական թիմին արտագնա եվրագավաթային խաղում սատարելու համար դժվար թե լիներ, ինչն էլ ապացուցեցին գյումրեցի երկրպագուները։ «Սև հովազները», ինչպես իրենց անվանում են «Շիրակի» պաշտոնական ֆան ակումբի ներկայացուցիչները, մոտ 200 անձից բաղկացած պատվիրակությամբ մեկնեցին հարևան երկիր՝ իրենց սիրելի թիմին աջակցելու։ Նրանց հետ խաղին ներկա գտնվելու համար որոշեցի ինքս էլ մեկնել։ Ուղևորությունը ամեն տեսանկյունից խելահեղ ու արկածներով լի ստացվեց։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Հունիսի 30-ին՝ վաղ առավոտյան, «Շիրակի» երկրպագուներին տեղափոխող մարդատար միկրոավտոբուսների շարասյունը ճանապարհ ընկավ։ Տրամադրությունը և մթնոլորտը ցնցող էին, բոլորը վստահ էին, որ մեկնում են իրենց սիրելի թիմի հաղթանակի ականատեսը լինելու։ Հայոց եռագույնն ու «Շիրակի» նարնջագույն մարզաշապիկները էլ ավելի գունագեղ էին դարձնում մթնոլորտը։ Ավելին, երբ գյումրեցիներն են ճանապարհ գնում, ծիծաղի հսկայական չափաբաժինը ապահովված է շնորհիվ նրանց սուր մտքի ու հումորի անկրկնելի զգացման։

IMG_1115

Այսպիսի ուրախ տրամադրվածությամբ էլ կտրեցինք ու անցանք մի քանի հարյուր կիլոմետր ու հասան Գորի քաղաք, որտեղ էլ առաջին հիասթափությունն էր սպասում մեզ։ Եղանակը որոշեց անակնկալ մատուցել։ Արևի այրող ճառագայթները րոպոների ընթացքում անհետացան, ու սկսվեց հորդառատ անձրև։ Այնուամենայնիվ, ֆուտբոլի չգրված կանոնն ասում է՝ «խաղը կկայանա ցանկացած եղանակի դեպքում»։ Եվ անձրևը ամենևին էլ չխանգարեց, որ երկրպագուները տեղ զբաղեցնեն տրիբունայի իրենց համար նախատեսված սեկտորում։

Հարկ է նշել, որ քաղաքի ոստիկանական ուժերը խիստ հսկողություն էին սահմանել հյուր կողմի երկրպագուների նկատմամբ ու մեծաթիվ ուժեր էին հսկում նրանց։ Բայց երբ դաշտ դուրս եկան «Շիրակի» խաղացողները ու սկսեցին նախավարժանքը, երկրպագուները այնպիսի ուժով սկսեցին սատարել իրենց թիմին, որ օրինապահները մի պահ անգամ վախեցան։ Զգացվում էր՝ թեժ է լինելու։ Չէ՞ որ մյուս կողմից էլ «Դիլայի» տաքարյուն երկրպագուներն էին բորբոքում իրավիճակը։ Հարկ է նշել, որ նրանք հենց սկզբից ագրեսիվ էին տրամադրված «Շիրակի» նկատմամբ ու պարբերաբար հայհոյանքներ էին հնչում տրիբունաներից։

IMG_1193

Եվ այս լարվածությունը չէր կարող չանդրադառնալ խաղի ու ֆուտբոլիստների վրա։ Մրցավարի մեկնարկային սուլիչը հնչելուն պես թիմերը նետվեցին անզիջում պայքարի ու ամեն մի մետրի համար կռիվ էին տալիս՝ չխնայելով ո՛չ իրենց, ո՛չ մրցակիցներին։ Սա էլ իր հերթին հանգեցնում էր նրանց գործողություններում խոտանին ու հապճեպ կայացրած որոշումներին, որոնք ոչ միշտ էին ճիշտ ու հաշվենկատ լինում։ Սխալները երկուստեք էին։

Խաղի 36-րդ րոպեին «Շիրակի» պաշտպանության աջ թևում մրցակիցը կարողացավ ճեղքվածք գտնել ու Իրակլի Մոդաբաձեն խփեց խաղի միակ գնդակը։ Այս գոլից հետո «Դիլան» ամեն կերպ փորձում էր սպանել խաղը ու ամեն վտանգավոր գրոհ կասեցնում էր կանոնների խախտումներով։

Արդյունքում մրցավարը երկու թիմերին միասին ցույց տվեց 9 դեղին քարտ։ Խաղի ավարտից հետո շիրակցիները հուսահատված տեսք չունեին, քանի որ հասկանում էին՝ դրությունը հնարավոր կլինի շտկել Գյումրիում։

Այնուամենայնիվ, ինչպես պարզվեց, օրվա ամենակարևոր իրադարձությունները ծավալվեցին ոչ թե խաղադաշտում ու խաղի ժամանակ, այլ մարզադաշտից դուրս՝ խաղի ավարտից հետո։ Վրացի երկրպագուները, շարունակելով սանձարձակորեն պահել իրենց, հարձակվեցին հայ երկրպագուներին տեղափոխող միկրոավտոբուսների վրա՝ քարեր ու այլ իրեր շպրտելով դրանց վրա։ Արդյունքում, կոտրվեցին մի քանի մեքենաների դիմապակիներն ու կողային ապակիները։ Բացի այդ, վեճ տեղի ունեցավ արդեն անձամբ երկրպագուների մասնակցությամբ, որը հնարավոր եղավ հանդարտեցնել միայն ոստիկանության հատուկ ուժայինների միջամտությունից հետո։

13566124_1054308987938816_532997302_n

Այս միջադեպը որոշ մարդիկ փորձեցին ներկայացնել այլ երանգների ներքո՝ ապատեղեկատվություն տարածելով ու առաջացնելով հավելյալ լարվածություն արդեն Հայաստանում։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ ՈՉ ՄԻ երկրպագու չի տուժել, բոլորը ապահով հասել են տուն։ Ամեն դեպքում, գյումրեցի երկրպագուները «ջերմ» ընդունելություն են խոստանում «Դիլային» ու նրանց ուղեկցող երկրպագուներին, եթե այդպիսիք ընդհանրապես լինեն։ Կրքերը էլ ավելի թեժ են լինելու։

Ամփոփելով վերոնշյալը, հարկավոր է փաստել, որ վրացական կողմը, չնայած նախնական պայմանավորվածությանը, չկարողացավ ապահովել հայ երկրպագուների անվտանգությունը։ Այնուամենայնիվ, ֆուտբոլը նաև լի է այսպիսի պահերով, սա ֆուտբոլի անբաժանելի մասն է, իսկ թե ինչպիսի իրավիճակ կլինի Գյումրիում, կտեսնենք օրեր անց։ Ինձ մնում է միայն հորդորել, որ հուլիսի 7-ին ժամանեք Գյումրիի քաղաքային մարզադաշտ ու սատարեք մեր թիմին։

Խաղի ֆոտոռեպորտաժը՝ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ