Գևորգ Ղազարյանը մտավ հավաքականի լավագույն ռմբարկուների եռյակ

Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հեռահար հարվածով Գևորգ Ղազարյանի խփած տպավորիչ գոլը ոչ միայն կամային հաղթանակ պարգևեց ՀՀ հավաքականին, այլև դարձավ 28-ամյա ֆուտբոլիստի հոբելյանական՝ 10-րդ գնդակը: Ղազարյանը դարձավ ազգային հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշին Գևորգը հասավ հավաքականում անցկացրած 52-րդ խաղում:

Ազգային հավաքականում առաջինը 10 գոլի սահմանագիծը հատել է մեր ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ հոբելյանը նշելով 2003թ. մարտի 29-ին Երևանում Հս. Իռլանդիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Դա հավաքականում Արթուր Պետրոսյանի անցկացրած 60-րդ հանդիպումն էր:

Ավելի արագ ազգային հավաքականում 10 գոլ է խփել մեր ընտրանու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Նման արդյունքի հասնելու համար նրանից 35 խաղ է պահանջվել: Հենրիխն իր 10-րդ գնդակը խփել է 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում Լիտվայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում:

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան - Չեռնոգորիա

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան – Չեռնոգորիա

Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում 3 տարի գոլի հեղինակ չէր դարձել: Վերջին անգամ նա խփած գոլի բերկրանքը վայելել էր 2013թ. սեպտեմբերի 6-ին Պրահայում չեխերի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ի դեպ, այդ խաղում էլ Գևորգը մրցակցի դարպասը գրավել էր ավելացված ժամանակում՝ 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով Հայաստանի հավաքականին:

Իսկ գոլերի հաշիվը հավաքականում Ղազարյանը բացել է 2009թ. մարտի 28-ին Երևանում էստոնացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 87-րդ րոպեին նա գրավեց Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը՝ մեր հավաքականին փրկելով պարտությունից (2:2): Դա ազգային հավաքականում 21-ամյա ֆուտբոլիստի 10-րդ խաղն էր:

2010թ. Ղազարյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեկական անգամ գրավել է Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դարպասը, հաջորդ տարի կրկին աչքի է ընկել նույն մրցակիցների, ինչպես նաև մակեդոնացիների հետ կայացած ընտրական խաղերում: 2012թ. Գևորգը դուբլի հեղինակ է դարձել ղազախների հետ կայացած ընկերական խաղում:

Գոլերից 8-ը Գևորգ Ղազարյանը խփել է ընտրական մրցախաղերում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Յուրա Մովսիսյանին: Ավելի շատ գոլեր ընտրական հանդիպումներում խփել են միայն Հենրիխ Մխիթարյանը (11) և Արթուր Պետրոսյանը (9):

Նշենք նաև, որ ազգային հավաքականում գոլերի հաշիվը բացեցին Արտակ Գրիգորյանն ու Վարազդատ Հարոյանը: Անցկացրած 182 հանդիպումներում ՀՀ հավաքականը 167 գոլ է խփել: Դրանցում իրենց ներդրումն են ունեցել մեր հավաքականի 56 ֆուտբոլիստներ, ինչպես նաև սեփական դարպասը գրաված մրցակցի 4 խաղացողներ:

Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը

Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը` խփելով հավաքականում իր առաջին գոլը:

Vivaronews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Գոլ Առաջին գոլը
1.Հենրիխ Մխիթարյան 19 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ)
2.Արթուր Պետրոսյան 11 15.11.1995 Դանիա՝ 1:3 (ԵԱ)
3.Գևորգ Ղազարյան 10 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ)
4.Էդգար Մանուչարյան 9 04.06.2005 Մակեդոնիա՝ 1:2 (ԱԱ)
5.Մարկոս Պիզելի 9 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը)
6.Յուրա Մովսիսյան 9 07.09.2010 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ)
7.Արա Հակոբյան 7 28.04.2004 Թուրքմենստան՝ 1:0 (Ը)
8.Արմեն Շահգելդյան 6 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ)
9.Արման Քարամյան 5 04.02.2000 Կիպրոս՝ 2:3 (Ը)
10.Ռոբերտ Արզումանյան 5 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ)
11.Արթուր Սարկիսով 5 06.09.2011 Սլովակիա՝ 4:0 (ԵԱ)
12.Տիգրան Եսայան 4 25.06.1996 Պարագվայ՝ 2:1 (Ը)
13.Արաս Օզբիլիս 4 29.02.2012 Կանադա՝ 3:1 (Ը)
14.Էրիկ Ասադուրյան 3 05.10.1996 Հս. Իռլանդիա՝ 1:1 (ԱԱ)
15.Ալբերտ Սարգսյան 3 07.09.2002 Ուկրաինա՝ 2:2 (ԵԱ)
16.Ռազմիկ Գրիգորյան 2 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ)
17.Կարապետ Միքայելյան 2 09.10.1996 Գերմանիա՝  1:5 (ԱԱ)
18.Գառնիկ Ավալյան 2 06.09.1997 Ալբանիա՝  3:0 (ԱԱ)
19.Կարեն Դոխոյան 2 02.02.2000 Մոլդովա՝ 2:1 (Ը)
20.Անդրեյ Մովսիսյան 2 03.06.2000 Լիտվա՝ 2:1 (Ը)
21.Արտակ Մինասյան 2 12.02.2001 Ուզբեկստան՝ 2:0 (Ը)
22.Արտավազդ Քարամյան 2 19.02.2004 Ղազախստան՝ 3:3 (Ը)
23.Համլետ Վ. Մխիթարյան 2 18.03.2005 Քուվեյթ՝ 1:3 (Ը)
24.Սարգիս Հովսեփյան 2 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ)
25.Արարատ Առաքելյան 2 04.02.2008 Բելառուս՝ 2:1 (Ը)
26.Լևոն Փաչաջյան 2 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը)
27.Կառլեն Մկրտչյան 2 14.11.2012 Լիտվա՝ 4:2 (Ը)
28.Գեղամ Կադիմյան 2 28.05.2016 Գվատեմալա՝ 7:1 (Ը)

Աշոտ Հայրապետյան

Արթուր Պետրոսյանի փառահեղ նորամուտը. Վիճակագրություն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ